Մատչելիության հղումներ

Հայազգի բնապահպանը ձերբակալվել է Մեդվեդեւի հետ հանդիպման նախօրեին


Ռուսաստան - Բնապահպանների հավաստմամբ` կառուցվող այս ամառանոցը Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւինն է, փետրվար, 2011թ.

Ռուսաստան - Բնապահպանների հավաստմամբ` կառուցվող այս ամառանոցը Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւինն է, փետրվար, 2011թ.

Հինգշաբթի օրը բնապահպանները հանդիպելու են Ռուսաստանի հեռացող նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ` իրենց հուզող հարցերը բարձրացնելու համար:

«Էկոլոգիական պահազոր» հասարակական կազմակերպության ակտիվիստ Սուրեն Ղազարյանը պետք է ներկայացներ իր զեկույց-ահազանգը Տուապսեի մերձակայքում` Սեւ ծովի ափամերձ անտառապատ տարածքում կատարվող շինարարության մասին. բնապահպանների տվյալներով` այնտեղ կառուցվում է Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւի ամառանոցը: Սակայն հանդիպման նախօրեին Սուրեն Ղազարյանը կալանավորվել է:

Կրասնոդարի դատարանը չորեքշաբթի օրը վճռել է 10 օրով կալանավորել Ղազարյանին եւ նրա փաստաբան Վիկտոր Դուտլովին` ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու համար:

Ըստ իրավապահների, Սուրեն Ղազարյանն ու իր փաստաբանը մուտք են գործել Տուապսեի մոտ` Սեւ ծովի ափին գտնվող մասնավոր տարածք եւ չեն ենթարկվել ոստիկանությանը, որը փորձել է նրանց դուրս բերել այնտեղից:

Ձերբակալված բնապահպանները պնդում են, որ այսպես կոչված մասնավոր սեփականությունը իրականում Կրասնոդարի մարզի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւի ամառանոցն է, որը ապօրինաբար է կառուցվում այդ տարածքում:

Հենց այդ պատճառով էլ շինությունը բնապահպանների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Ակտիվիստներն ասում են` ծովափը հանրային տարածք է, եւ որեւէ մեկը այն ցանկապատելու իրավունք չունի։ Բացի այդ, այնտեղ նաեւ անտառ է, առանձնատունը կառուցելու համար հատվում են ծառեր, որոնք ներառված են Կարմիր գրքում:

Նահանգապետի մամլո ծառայությունը հերքում է, թե իրենք որեւէ առնչություն չունեն Տուապսեի մերձակայքում կառուցվող առանձնատան հետ: Մինչդեռ Ղազարյանի բնապահպան ընկերներից Եվգենի Վիտիշկոն ասում է, որ Տկաչեւի մամլո ծառայությունը ստում է, որ ինքը անձամբ տեսել է փաստաթղթերը, որոնք ապացուցում են ամառանոցի պատկանելությունը:

Սեւ ծովի ափին կառուցվող այս շինության պատճառով սա բնապահպանների դեմ առաջին գործը չէ: Ավելին, այս միջադեպը տեղի է ունեցել դեռ մարտին Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործի պատճառով: Սուրեն Ղազարյանին մեղադրում են ամառանոցը շրջապատող ցանկապատը միտումնավոր փչացնելու մեջ, ու թեեւ նրան վերագրվում է ցանկապատի վրա մի քանի արտահայտություն գրելը, ինչպիսին են` «Սանյան գող է», կամ` «Սա մեր հողն է», Ղազարյանի դեմ գործ է հարուցվել խուլիգանական դրդապատճառներով սեփականությանը նշանակալի վնաս հասցնելու հոդվածով, որը նախատեսում է մինչեւ 5 տարի ազատազրկում: Բնապահպանները ասում են, որ ոչ բոլոր գրությունների հեղինակներն են իրենք, իսկ հասցված վնասը սեփականատերը չափազանցեցրել է:

Դատարանում պաշտպանական նկատառումներով ցանկապատի վիճակը գնահատելու համար Ղազարյանն ու իր փաստաբանը չորեքշաբթի օրը գնացել են տարածք, սակայն, նրանց խոսքով, իրենց վրա են հարձակվել տարածքի պահապանները, խլել են տեսախցիկը եւ տարել կառուցվող ամառանոցի տարածք, այնուհետեւ ոստիկանությունը նրանց տարել է բաժանմունք:

Խիմկինսկի անտառի պաշտպաններից Եվգենիա Չիրիկովան իր բլոգում կոչ է արել շաբաթ օրը ակցիա անցկացնել ի պաշտպանություն Կրասնոդարի բնապահպանների: Իսկ «Էկոլոգիական պահազոր» հասարակական կազմակերպությունը հայտնել է, որ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպմանը կխնդրեն նրան միջամտել բնապահպանների եւ Ալեքսանդր Տկաչեւի կոնֆլիկտին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG