Մատչելիության հղումներ

Գործարարը վիճարկում է նախարարի որոշումը


«ԱլՌուբ» ընկերության տնօրեն Ալիկ Աբրահամյանը:
«ԱլՌուբ» ընկերության տնօրեն Ալիկ Աբրահամյանը:
«ԱլՌուբ» ՍՊԸ հիմնադիր եւ տնօրեն Ալիկ Աբրահամյանի խոսքով, Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խախտել է օրենքը եւ ապօրինի թույլտվություն է տվել մեկ այլ ընկերության` նույն տարածքում ՀԷԿ կառուցելու համար: Եվ Աբրահամյանը դատական կարգով վիճարկում է նախարարի այդ որոշումը:

Նման հայտարություն Աբրահամյանն արեց այսօր` լրագրողների հետ հանդիպմանը: Նա մանրամանեց, թե բնապահպանության նախարարը իրավունք չուներ ջրօգտագործման թույլտվություն տալ «ՎՏՎ Էներջի» ընկերությանը, քանի որ վերջինս չուներ հողի օգտագործման մասին պայմանագիր:

Օրենքը պահանջում է ունենալ հողի օգտագործման` այսպես կոչված սերվիտուտի մասին պայմանագիր, որը կնքվում է տվյալ համայնքի ղեկավարի հետ, ինչից հետո միայն բնապահանության նախարարը իրավունք ունի տալ ջրօգտագործման մասին թույլտվություն: Ջրօգտագործման մասին թույլտվությունից հետո ընկերությունը դիմում է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն ստանալու համար եւ, եթե թույլտվությունը ստանում է ու անցնում է բնապահպանական փորձաքննությունը, արդեն իրավունք ունի ՀԷԿ կառուցել:

Աբրահամյանն այսօր պատմեց, որ «ԱլՌուբ» ընկերությունը հիմնադրել է 2009 թվականին եւ համապատասխան մասնագետների հետ ուսումնասիրություններ կատարելուց հետո համոզվել է, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի տարածքում՝ Արփա գետի Եղեգիս վտակի վրա, փոքր ՀԷԿ կառուցելը տնտեսապես շահավետ է: Եվ 2009- դեկտեմբերին «ԱլՌուբ» ընկերությունը սերվիտուտի պայմանագիր է կնքում Շատինի գյուղապետի հետ` 50 տարով 1 հեկտար հողատարածքը օգտագործելու մասին, ինչից հետո` 2010-ի մարտին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընկերությանը ջրօգտագործման թույլտվություն է հատկացնում:

«Գործը ընթացքի մեջ էր, երբ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը ինձ ասաց` կարող եմ ես էլ օգնել ձեզ ֆինանսավորման հարցը լուծելու: Ես էլ հավատացի իրեն եւ իր պահանջով տվեցի իրեն մեր ընկերության փոքր ՀԷԿ կառուցելու տեխնիկատնտեսական հիմնավորումը», - ասաց Աբրահամյանը` հավելելով, թե դրանից հետո ստեղծվում է նոր ընկերություն, որի համար ստանում են ջրօգտագործման թույլտվություն` առանց հողի հատկացման թույլտվությունը ունենալու: Այս վերջին թույլտվությունը ստանում են մեկ ամիս հետո եւ սկսում են շինարարությունը:

Գործարարը նշեց, որ ավելի քան 5 ամիս առաջ դիմել է բնապահպանության նախարարին եւ մինչեւ այսօր պատասխան չի ստացել. - «Չեն հարգում այդ մարդիկ օրենքը»:

Ասուլիսի ընթացքում մամուլի ակումբ ժամանեցին բնապահպանության նախարարի օգնական Կարեն Պապոյանը եւ նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը:

Պապոյանը լրագրողներին ասաց, թե նախարարությունը ջրօգտագործման միայն նախնական թույլտվություն է տվել «ԱլՌուբ» եւ «ՎՏՎ Էներջի» ընկերություններին եւ դա օրենքի շրջանակներում է: Նախարարությունը կարող է նախնական թուլյտվություններ տալ եւս մի քանի ընկերությունների, որոնցից էլ ըկնտրի մեկին, որը կիրականացնի ՀԷԿ-ի շինարարությունը:

Սակայն երբ Ալիկ Աբրահամյանը ասաց, թե նախարարը իրավունք չուներ «ՎՏՎ Էներջի»-ին ջրօգտագործման թույլտվություն տալ, քանզի վերջինս չուներ հողօգտագործման մասին պայմանագիր, նախարարության ներկայացուցիչները պնդեցին, թե դա «անհնար է»:

Աբրահամյանը, սակայն, ցույց տվեց փաստաթղթերը, ըստ որոնց հողի պայմանագիրը ավելի ուշ է կնքվել, քան ջրօգտագործման պայմանագիրը: Նախարարության ներկայացուցիչները կրկին պնդելով, որ դա հնարավոր չէ` հայտարարեցին, թե այդ փաստաթղթերը կեղծված են:

Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, թե ինքը որեւէ կապ չունի «ՎՏՎ Էներջի» ընկերության հետ:

please wait

No media source currently available

0:00 0:05:18 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG