Մատչելիության հղումներ

Կովկասյան ուղեւորության շրջանակներում Գերմանիայի արտգործնախարարը այսօր մեկնել է Բաքու, որտեղից կուղեւորվի Թբիլիսի եւ Երեւան։

Այսօր երկօրյա այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեն։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, Վեստերվելեին կընդունի նրա ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովը, պետական նավթային ընկերության` SOKAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլաեւը եւ հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը։

Այցի նախօրեին նախարարն APA ադրբեջանական լրատվական գործակալությանն ասել է, որ Գերմանիան անցած 20 տարիների ընթացքում սերտ կապեր է հաստատել Ադրբեջանի հետ։

«Իմ այս այցով ես ցանկանում եմ ոչ միայն ընդգծել մեր դիվանագիտական հարաբերությունների քսանամյակի կարեւորությունն, այլեւ վկայել թե' երկկողմ եւ թե' Եվրամիության շրջանակներում Ադրբեջանի հետ համագործակցությունն ընդարձակելու մեր հետաքրքրությունը։

Գերմանական ընկերությունները պատրաստ են ներդրումներ անել Ադրբեջանում, ինչը կնպաստի դիվերսիֆիկացմանը»,- ասել է Գիդո Վեստերվելեն ու ավելացրել.- «Գերմանիան եւ Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ են, եւ մենք ցանկանում ենք Ադրբեջանի հետ առավել ակտիվ աշխատել Սիրիային եւ Իրանին վերաբերող հարցերում»։

APA գործակալության փոխանցմամբ, Վեստերվելեն խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին` նշելով, թե Գերմանիան է Բրյուսելում հանդես եկել այդ խնդրում Եվրամիության մասնակցությունն ընդարձակելու առաջարկով։

«Եկել է ամբողջ տարածաշրջանի բարգավաճումը եւ խաղաղ զարգացումը խոչընդոտող այդ հակամարտությունը կարգավորելու ժամանակը»,- ասել է Գիդո Վեստերվելեն։

«Եվրատեսիլ» եւ խոսքի ազատություն

Նախարարն անդրադարձել է նաեւ Բաքվում անցկացվելիք 2012 թվականի «Եվրատեսիլին»։

Նրա խոսքերով, Ադրբեջանի համար այս մրցույթը լավ առիթ է` ներկայանալու որպես երկիր, որը ցանկանում է ավելի բաց լինել Եվրոպայի համար։

«Ես շատ ուրախ էի անցյալ տարի Դյուսելդորֆում Էլին եւ Նիքիին տեսնելու առիթով։ Ի դեպ, Էլը ուսանողների փոխանակման ծրագրով 2008-ին սովորել է Գերմանիայում եւ շատ լավ է խոսում գերմաներեն, ուստի, նա այդ իմաստով ձեր երկրի դեսպանն է Գերմանիայում»,- ասել է նախարարը։

Վեստերվելեի այցի առիթով գերմանական լրատվամիջոցներին հարցազրույց է տվել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ով նույնպես «Եվրատեսիլի» թեման է արծարծել։

Նա ասել է, թե հպարտ է, որ իր երկիրն արժանացել է այս հեղինակավոր մրցույթն անցկացնելու պատվին։

Մամեդյարովը պնդել է, թե Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակման մասին որոշ լրատվամիջոցներում հրապարակվող մեկնաբանությունները չեն համապատասխանում իրականությանը։

Նա պնդել է, թե դեմոկրատիան, մարդու իրավունքների ապահովումը եւ օրենքի գերակայությունը առաջնահերթ նշանակություն ունեն Ադրբեջանի պետության համար։

«Ոչ ոք Ադրբեջանում չի արգելել խոսքի ազատությունը»,- ասել է Մամեդյարովը։

Մեկնաբանելով «Եվրատեսիլը» բոյկոտելու Հայաստանի վճիռը` նախարար Մամեդյարովն ասել է, թե պետք չէ այդ մրցույթը օգտագործել քաղաքական նպատակներով եւ առավել եւս` այն կապել Լեռնային Ղարաբաղի հետ։

Մամեդյարովը պնդել է, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է։

«Ես հուսով եմ, որ Հայաստանի ղեկավարությունը քաղաքական իմաստնություն կդրսեւորի եւ մեզ հետ միասին ելք կգտնի այս վիճակից»,- ասել է Էլմար Մամեդյարովը իր գերմանացի պաշտոնակցի այցի կապակցությամբ տված հարցազրույցում։

Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Գիդո Վեստերվելեն վաղը Բաքվից կմեկնի Թբիլիսի, մարտի 16-ին էլ` Երեւան։
XS
SM
MD
LG