Մատչելիության հղումներ

logo-print
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով նաեւ հաջորդ խորհրդարանում է ցանկանում ներկայացված լինել, չորեքշաբթի կայացած մամլո ասուլիսում հայտարարեց, որ ինքը կուսակցական չէ, բայց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ է որպես անհատ:

Սուքիասյանը արդեն իսկ առաջադրել է իր թեկնածությունը Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում եւ համոզված է, որ ինքն է հաղթելու այդ ընտրատարածքում: Սուքիասյանը կարծում է, որ ընտրակեղծիքների մեխանիզմը չի կարող աշխատել Կենտրոնում:

Նույն ընտրատարածքում, ամենայն հավանականությամբ, նրա հետ կմրցի «Նուշիկյան ասոցիացիա»-ի նախագահ Գարեգին Նուշիկյանը, ով խնամիական կապեր ունի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Սուքիասյանը իր մրցակցին հաջողություն է մաղթում, բայց մտահոգված է. - «Ինձ միայն մի հարց է մտահոգում, որ գլխավոր դատախազը իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու: Նա «Նիգ-Ապարան»-ով էլ իրավունք չունի զբաղվելու... Նա պետք է լինի միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը»:

Մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորների գրանցումը կսկսվի մարտի 22-ից: Սուքիասյանը կարծում է` հիմնավորված չեն այն խոսակցությունները, թե իրեն կարող են չգրանցել պատգամավորության թեկնածու Հայաստանից հաճախակի բացակայելու պատճառով. - «Ամեն ինչ օրենքի սահմաններում է», - ասաց նա:

Բացառված չէ, որ Խաչատուր Սուքիասյանը ընդգրկված լինի նաեւ ՀԱԿ-ի համամասնական ցուցակում:

«Այդ հարցը ես Լեւոն Տեր-Պետրոսյանի հայեցողությանն եմ թողել, որպես առաջնորդ` նա կորոշի: Եթե որոշումը կայացվի, բոլորս տեղյակ կլինենք», - ասաց Սուքիասյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է ուզում կրկին պատգամավոր դառնալ, եթե իր ցանկությամբ հրաժարվել է պատգամավորական մանդատից, Սուքիասյանը պատասխանեց, որ 2008-ի մարտիմեկյան իրադարձություններից հետո պատգամավորական մանդատը վայր դնելը ճիշտ էր: Հիմա նա կարծում է, որ խորհրդարանում մթնոլորտ է փոխվել, կարելի է թիմակիցներով հայտնվել ԱԺ-ում եւ իրավիճակ փոխել: Նա թիմակից է համարում այն մարդկանց, ովքեր ՀԱԿ-ից կանցնեն խորհրդարան, նաեւ` իր նման մտածողներին:

«Մթնոլորտը, որը ստեղծվել էր, այդտեղ հնարավոր չէր լինի նախատեսված ծրագրեր առաջ տանել, ու ընդհանրապես հնարավոր չէր լինի աշխատել», - ասաց Սուքիասյանը:

Սուքիասյանի կարծիքով` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը կոսմետիկ է եղել: Ընտրվելու դեպքում նա ՀԱԿ-ի ներկայացուցիչների օգնությամբ ուզում է զբաղվել տնտեսական խնդիրներով: Սուքիասյանը կարծում է, որ այսօրվա հարկային օրենսդրությունը պետք է ամբողջությամբ փոխել, նաեւ ներկրվող որոշ ապրանքների համար վերացնել հարկը:

«Հենց մենք Ազգային ժողովում հայտնվենք, ես ամեն ինչ անելու եմ, որ այդ ոլորտում լինի զրոյական հարկում, ես նկատի ունեմ առեւտուրը, դա վերաբերվելու է հագուստին», - ասաց Սուքիասյանը:

Նախկին պատգամավորը խիստ բացասական է գնահատում 2008-ի մարտիմեկյան դեպքերը, բայց իր անձի եւ պետության կայացման համար նաեւ դրական բան է տեսնում այդ ամենի մեջ:

«Սոցիալական խմբեր կան, որոնք շատ ավելի ակտիվացել են: Այսօր որոշակի փոփոխություններ նկատվում են, եւ ես համարում եմ, այո, ի՞նչ անենք, այդ զրկանքները եղան, բայց թող նպաստեն Հայաստանի Հանրապետության առաջխաղացմանը, զարգացմանը», - ասաց նա:

Սուքիասյանի բնորոշմամբ` ՀԱԿ-ն է իշխանությանը հակակշռող միակ ուժը: Նա կարծում է, որ հաջորդ խորհրդարանում կհայտնվեն «հայտնի ուժերը»:

«Դա ՀԱԿ-ն է, ԲՀԿ-ն է, հնարավոր է Դաշնակցությունը: Ներսի ուժերը կարող են որոշակի փոփոխության ենթարկվել, ինչ-որ մեկը չհայտնվի` «Ժառանգություն»-ը հայտնվի, կամ ոչ», - ասաց նախկին պատգամավորը. - «Կարծում եմ, պետական ռեսուրսները եւ համակարգը այնպիսին է, որ Հանրապետականը կարող է ֆավորիտին մոտ լինի, կարող է եւ լինել ֆավորիտ»:

Նախկին պատգամավորը դրական է համարում, որ տնտեսությունից հասկացող գործարարները հայտնվեն Ազգային ժողովում, սակայն ընտրվելու դեպքում չի պատրաստվում միայն գործարար պատգամավորներից կազմված խումբ ստեղծել խորհրդարանում. նա իրեն ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողքին է պատկերացնում:

Սուքիասյանը այսօր հերքեց այն պնդումները, թե 2008-ի նախագահական ընտրություններում ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀԱԿ-ին, ասաց` առաջիկայում էլ չի պատրաստվում անել դա:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG