Մատչելիության հղումներ

Բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում գերիշխող դիրքը չարաշահելու համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) CPG («Սիթի Պետրոլ Գրուպ») ընկերությանը տուգանել է 100 միլիոն դրամի չափով:

Հանձնաժողովը բողոքներ էր ստացել բենզալցակայաններից, որոնց ներկայացուցիչները անդրադարձել են բենզին ու դիզելային վառելիք մատակարարող ընկերության թույլ տված խախտումներին:

Ուսումնասիրելով ընկերության 2011 թվականի գործունեությունը` հանձնաժողովը պարզել է խախտումների բնույթը: Ընկերությունն իր մեծածախ բազաներից վառելիքը վաճառել է նույն գնով, որով վաճառել է իրեն պատկանող բենզալցակայաններում: Այսպիսիով այն բենզալցակայանները, որոնք վառելիքը ձեռք են բերել «Սիթի Պետրոլ Գրուպ»-ից, հնարավորություն չեն ունեցել շահույթ ապահովել:

Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահի օգնական Արման Մանասերյանը ներկայացրեց, որ ընկերությունը նման կերպ գործել է հիմնականում մարզերում:

«Հիմնականում մարզերում «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը կլանել է այդ փոքր բիզնեսի ներկայացուցիչներին: Նրանք այլընտրանք էլ չունեն, իրենք ներմուծող չեն», - ասաց նա:

Ըստ հանձնաժողովի, «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը միտումնավոր ու նպատակաուղղված գործունեություն է ծավալել, որպեսզի ոչնչացնի այլ ընկերություններին պատկանող բիզնեսն ու դրանք դարձնի իրենը:

Հանձնաժողովը պարզել է, որ փոքր բենզալցակայանները, շահույթ չստանալով, բենզալցակայանները վաճառել են «Սիթի Պետրոլ Գրուպ»-ին կամ էլ պայմանավորվել են այն օգտագործել համատեղ: Այս պարագայում փոքր բենզալցակայանների սեփականատերերը շահույթի 2 տոկոսն են ստացել, 98 տոկոսը տնօրինել է «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը:

Հանձնաժողովի բերած օրինակով, Վանաձորում «Սիթի Պետրոլ Գրուպը» ունի 8 բենզալցակայան, որոնցից 7-ը ձեռք է բերել այս ճանապարհով:

«Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության ներկայացուցիչները նիստին ներկա չէին:

Ընկերության ղեկավարությունը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ «Ազատություն» ռադիոկայանին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG