Մատչելիության հղումներ

Մինչեւ 30 տարեկան երիտասարդների շրջանում այսօր շուրջ 880 հազար երիտասարդներ աշխատանքի խնդիր ունեն: Նրանց 50 տոկոսը գործազուրկներն ու ոչ իրենց մասնագիտությամբ աշխատողներն են:

Երիտասարդների զբաղվածության խնդիրը արդիական է ամբողջ աշխարհում. յուրաքանչյուր 10 գործազուրկներից 4-ը երիտասարդներ են:

Երիտասարդների զբաղվածության խնդրին էր նվիրված այսօր Երեւանում կայացած «Անցում դպրոցից աշխատանք» թեմայով կոնֆերանսը:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով՝ իրենք երիտասարդներին աշխատաշուկա ինտեգրելու երկու ուղի են ստեղծել:

«Մի ուղին այն է, որ մենք փորձում ենք նաեւ կրթական ծրագրերը լավացնել, փորձում ենք իրենց պրակտիկաները եւ գործատուների հետ շփումները մեծացնել, որ դրանով ինտեգրենք եւ նրանց մրցունակությունը բարձրացնենք աշխատաշուկայում: Երկրորդ՝ մենք օգնել ենք, որ այդ նույն երիտասարդները իրենց սեփական բիզնեսը սկսեն», - նշեց Մակարյանը:

Աշխատանքի միջազգային կազմակերպության եւ Հայաստանի Հանրապետության 2007-2011թթ. համագործակցության արդյունքում ստեղծված «Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը կոչված է նպաստելու, մասնավորապես, աղքատության կրճատման ռազմավարությանը, Միավորված ազգերի զարգացման աջակցության ծրագրին, զարգացման նպատակ հետապնդող այլ ինտեգրված նախաձեռնություններին` միեւնույն ժամանակ կարեւորություն տալով երկրում զբաղվածության քաղաքականության կատարելագործմանը:

«Արժանապատիվ աշխատանք» ծրագրի երկրորդ փուլը կիրականացվի 2012-2015 թվականներին: Կարեւորագույն հարցը կլինի զբաղվածության, մասնավորապես՝ երիտասարդների զբաղվածության խնդիրը:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը նշեց, որ կոնֆեդերացիան կարեւոր է համարում երիտասարդների մասնակցությունը աշխատանքային հարաբերություններում: «Աշխատանքային հարաբերություններն այսօր իրենց բազմաթիվ խնդիրներով ձեւավորման փուլում են, սակայն առանց երիտասարդների ներգրավման այդ շուկայի ձեւավորումը կարող է լինել անարդյունավետ», - հավելեց Խառատյանը:

Աշխատանքի միջազգային կազմակերպության մոսկովյան գրասենյակի զբաղվածության հարցերով ավագ մասնագետ Օլգա Կուլաեւան նշեց, որ երիտասարդությունն իր մեջ է ներառում տարբեր տարիքի ու սեռի մարդկանց, այս հանգամանքը եւս պետք է հաշվի առնել.

«Երիտասարդությունը տարասեռ խումբ է: Այդ իսկ պատճառով, բնականաբար, ունի ենթախմբեր, դրանց մեջ կան այնպիսիները, որոնց համար աշխատաշուկայի հետ կապված բարդություններն ավելի շատ են: Դրան կարող են նպաստել մի շարք կարեւոր գործոններ, օրինակ, տարիքը՝ որքան մարդ երիտասարդ է, այնքան ավելի խոցելի է աշխատաշուկայում: Գենդերային հավասարության խնդիր էլ կա՝ ավելի հաճախ աշխատանք գտնելու դժվարությունը առկա է երիտասարդ կանանց մոտ», - ասաց Կուլաեւան:

XS
SM
MD
LG