Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, երգչուհի Շուշան Պետրոսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը դարձել են նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամներ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կուսակցության գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադեւոսյանը։

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը առայժմ չի ցանկանում մեկնաբանել Հանրապետականին անդամակցելու իր որոշումը: Իսկ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հետ չհաջողվեց խոսել, եւ առայժմ պարզ չէ, թե ինչո՞ւ է տարիներ շարունակ ընդդիմադիր հայացքներ ունեցող եւ իշխանության հասցեին սուր քննադատություն հնչեցրած խորհրդարանականը իշխող կուսակցությանը անդամագրվել:

Ժամանակին Դալլաքյանը նաեւ սուր քննադատության էր ենթարկում նաեւ Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք` Դալլաքյանը 1998-2003 թվականներին եղել է Հանրապետական կուսակցության անդամ, սակայն 2003-ի նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո դուրս եկավ կուսակցությունից` հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են, եւ իրականում հաղթել է Ստեփան Դեմիրճյանը: Նա նույն տարվա խորհրդարանական ընտրություններից հետո ընդգրկվեց «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի խմբակցությունում: 1995 թվականից առ այսօր Դալլաքյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել Վանաձորից եւ չորս անգամ էլ մեծամասնականով: Ըստ մամուլի` նա ամենաշատ օրենքներ հեղինակած պատգամավորներից է, մոտ 81 օրենք է հեղինակել:

Հանրապետականը առայժմ չի հստակեցնում, թե արդյո՞ք Վիկտոր Դալլաքյանը, Շուշան Պետրոսյանը, Հրայր Թովմասյանը եւ Վաչե Գաբրիելյանը կընդգրկվեն կուսակցության համամասնական ցուցակում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG