Մատչելիության հղումներ

Քաջարան գյուղի բնակիչներին «վախեցնում են»


Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը Երեւանում կայացած բողոքի ակցիայի ժամանակ, 29-ը դեկտեմբերի, 2011թ.

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը Երեւանում կայացած բողոքի ակցիայի ժամանակ, 29-ը դեկտեմբերի, 2011թ.

Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի խոսքով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը եւ նրա ենթակաները, այդ թվում` ծագումով Քաջարան գյուղից Ալիկ Դավթյանը, ճնշում են բանեցնում կոմբինատում աշխատող քաջարանցիների նկատմամբ, որպեսզի գյուղացիները հրաժարվեն իրենց պայքարից ու գյուղի հողերը հանձնեն կոմբինատին:

«Ով պայքարում է գյուղից` վախեցնում են, որ «աշխատանքից կհանենք, կհեռացնենք, մի պայքարեք, ձեզ պետք չի»։ Ո՞նց պետք չի, բա ո՞վ թողնի իր գերեզմանը` փախչի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ռաֆիկ Աթայանը` մանրամասնելով. - «Վախեցնում են` «ռասչյոտ կանենք, աշխատանքից կհեռացնենք», բանվորին ի՞նչ են անում` վախեցնում են։ Հանքի պետն է վախեցնում, փոխտնօրենը, մեր քաջարանցի մի դավաճանը կա` նա է նեղացնում, Դավթյան Ալիկը»։

«Դե պայքարողը պայքարում է` ոչ մեկից էլ չի վախենում, բայց դե նման բաներ են անում», - նշեց գյուղապետը։

Անցած տարվա գարնանը կառավարությունը որոշում կայացրեց Սյունիքի մի շարք համայնքներին, այդ թվում Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու եւ դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ինչի հետեւանքով նշված հողերը պետք է հայտնվեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տրամադրության ներքո, իսկ կոմբինատն էլ այդ տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի:

Մինչդեռ, Քաջարան գյուղի բնակիչները կտրականապես դեմ են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին զիջելու հնարավորությանը, ինչը, նրանց համոզմամբ, առնվազն էկոլոգիական առումով հավասարազոր է գյուղն իսպառ կործանելուն:

Ամիսներ շարունակ քաջարանցիները պահանջում են չեղյալ հայտարարել կառավարության վերոհիշյալ որոշումը, իսկ գյուղապետը հրաժարվում է ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ամբողջ գյուղի հարկադրական տարհանում է նշանակում:

Ըստ կառավարության որոշման` նշված տարածքների հանձնումը կոմբինատին պետք է սկսվեր այս տարվա հունվարի 1-ից, սակայն որոշման իրագործումը հետաձգվեց: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ ստեղծվել է մի հանձնաժողով, որը պետք է փորձի բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով` գտնել լուծումներ:

Ռաֆիկ Աթայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նաեւ նշեց, թե մոտ մեկ տարի առաջ Մաքսիմ Հակոբյանը միջնորդի միջոցով բանակցություններ էր սկսել իր հետ` գյուղի վիճարկվող տարածքն իր անունով սեփականաշնորհելու համար, որից հետո այդ տարածքը Հակոբյանը կարող էր վարձակալությամբ հանձնել կոմբինատին: Ըստ Աթայանի, ինքը մերժել է Հակոբյանի այդ առաջարկը:

«Ես հող տվող չեմ, ոչ մեկն էլ հող տվող չի, պայքարելու ենք մինչեւ վերջ։ Թող գնան իրենք հանգիստ, մեր հանքում 200 տարվա պաշար կա, մենք գերեզմանները ոչ մեկին տվող չենք, ոչ էլ հայրենիքը, ոչ էլ սահմանը։ Էսօր տուն տվողը, գյուղ տվողը հայրենիքն էլ կդավաճանի։ Ոչ մեկս դավաճաններ չենք` բոլորն էլ կանգնած են միահամուռ, մեր գյուղը պայքարելու է մինչեւ վերջ», - հայտարարեց գյուղապետը։

«Ազատություն» ռադիոկայանի չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ Մաքսիմ Հակոբյանից եւ նրա տեղակալներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG