Մատչելիության հղումներ

logo-print

Ռուբեն Հայրապետյանը չի առաջադրվի մեծամասնականով


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, պատգամավոր Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, պատգամավոր Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում չի առաջադրվի թիվ 1 ընտրատարածքում, որը ընդգրկում է Երեւանի Ավան վարչական շրջանը:

Թիվ 1 ընտրատարածքում նրա փոխարեն Հանրապետականը (ՀՀԿ) կառաջադրի Մանկավարժական համալսարանի Պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկանին: Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փոխանցեց անձամբ Ռուբեն Հայրապետյանը, պատճառը իր զբաղվածությունն է:

«Պայմանավորված է իմ զբաղվածությամբ, քանի որ ես շատ եմ մեկնում գործուղումների հավաքականի հետ եւ ՈՒԵՖԱ-ի կոմիտեների նախագահի տեղակալն եմ, եւ ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի նիստերը զուգադիպում են, երկուշաբթի, երեքշաբթի օրերին են, եւ իմ զբաղվածության հետ կապված` կուսակցությունում որոշեցին, որ ավելի լավ կլինի ես զբաղվեմ ֆուտբոլով եւ ավելի օգուտ կտամ ֆուտբոլին», - ասաց Հայրապետյանը:

Հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ նախընտրական գործընթացներին չի մասնակցելու, Հայրապետյանը պատասխանեց. - «Ոչ, ես նախընտրական գործընթացներին կմասնակցեմ, այն էլ շատ ակտիվ, քանի որ ես Հանրապետական կուսակցության անդամ եմ եւ պարտավոր եմ աջակցել իմ կուսակցությանը, որպեսզի հաղթանակ տանի ընտրություններում»:

Հայրապետյանն ասաց, որ ընդգրկված է լինելու Հանրապետականի նախընտրական շտաբում` որպես «շարքային կուսակցական եւ ակտիվիստ»:

Հայրապետյանը չբացառեց, որ կարող է ընդգրկված լինել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում:

«Բայց ցուցակում ընդգրկվելը չի նշանակում, որ ես պատգամավոր եմ դառնալու: Ցուցակում որպես կուսակցական խորհրդի անդամ կարող է ընդգրկվեմ», - ասաց նա:

Հայրապետյանը համոզված է, որ իշխանությունները «պարտադրելու եւ կազմակերպելու են արդար եւ ազատ ընտրություններ»: Նա չբացառեց, որ ընտրակեղիծքներ կլինեն, բայց համոզմունք հայտնեց, որ կեղծիք կատարողները անպայման կպատժվեն:

Նշենք, որ Հանրապետականի խոսնակ, խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ երեքշաբթի երեկոյան կուսակցության գործադիր մարմնի նիստում «գրեթե վերջնական» որոշում է կայացվել, որ Հանրապետականը 41 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով կառաջադրի 33 թեկնածուի, հիմնականում` ՀՀԿ-ի անդամներ, կլինեն նաեւ անկուսակցականներ, որոնց կպաշտպանի Հանրապետականը:

Հարցին, թե ինչո՞ւ է որոշվել առաջադրումներ անել 33 ընտրատարածքներում եւ ոչ թե 41-ում, Շարմազանովը պատասխանեց. - «Մենք ինքնանպատակ առաջադրումներ չենք անում, կարծում եմ` որեւէ մեկի մոտ կասկած չկա, որ Հանրապետականը 41-ում էլ կարող էր առաջադրումներ կատարել: Պարզապես մենք նայել ենք եւ որտեղ տեսել ենք, որ ամենամեծ շանսերը ունենք, այնտեղ առաջադրել ենք»:

Իսկ հարցին, թե արդյո՞ք Հանրապետականի գործադիր մարմնի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը չի առաջադրվի մեծամասնականով, Շարմազանովն ասաց, թե նման հարց չի քննարկվել: Թե արդյո՞ք նա կլինի համամասնական ցուցակում, ապա դա պարզ կլինի առաջիկա օրերին:

Առայժմ հայտնի է, որ Կենտրոն վարչական շրջանի մի մասը ընդգրկող 9-րդ ընտրատարածքում Հանրապետականը կառաջադրի պատգամավոր Ռուբեն Սադոյանին, 10-րդ ընտրատարածքում, ամենայն հավանականությամբ, գործարար, «Նուշիկյան ասոցիացիա»-ի նախագահ Գարեգին Նուշիկյանին: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում կառաջադրվի անկուսակցական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը: Կապան, Ագարակ, Քաջարան, Մեղրի քաղաքները ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում կառաջադրվի Հանրապետական պատգամավոր Վահե Հակոբյանը, ով Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: Տավուշի մարզի 40-րդ ընտրատարածքում Հանրապետականը կպաշտպանի անկուսակցական Միքայել Վարդանյանին: Ի դեպ, նա 2003-2007 թվականներին ընդգրկված է եղել Դաշնակցության համամասնական ցուցակում եւ «Գրանդ հոլիդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանի որդին է: Արտաշատում մեծամասնականով չի առաջադրվի ոչ Հովիկ Աբրահամյանը, ոչ էլ նրա եղբայրը: Իշխող ուժն այստեղ առաջադրելու է մասնագիտությամբ մանկավարժ, հանրապետական մի կնոջ: 37-րդ ընտրատարածքում, որտեղից այժմ պատգամավոր է ընտրված նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ՀՀԿ-ն կառաջադրի դասախոս, հանրապետական Հայկ Գրիգորյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG