Մատչելիության հղումներ

«Օգոստոսի ութին» ֆիլմը «ազգամիջյան թշնամանք է սերմանում»


Վրաստան - Ռուսական տանկը Գորիում, օգոստոս, 2008թ.

Վրաստան - Ռուսական տանկը Գորիում, օգոստոս, 2008թ.

ԱՊՀ-ի միանգամից երեք պետություններ` Ադրբեջանը, Ուկրաինան եւ Մոլդովան արգելել են 2008 թվականի օգոստոսյան ռուս - վրացական պատերազմի մասին պատմող ռուսական նոր ֆիլմի ցուցադրությունը իրենց տարածքում:

«Օգոստոսի ութին» կոչվող ֆիլմի ցուցադրությունը երեք երկրներում էլ արգելվել է նույն պատճառաբանությամբ` այն «ազգամիջյան թշնամանք է սերմանում, Վրաստանի դեմ ռուսական ագրեսիան ներկայացնում է որպես ազատագրական պատերազմ եւ արդարացնում է Մոսկվայի գերիշխանությունը Կովկասի նկատմամբ», - նշված է Ուկրաինայի ազգայնական կուսակցություններից մեկի տարածած հայտարարության մեջ։

Առաջինը ֆիլմն արգելվեց Ադրբեջանում դեռ անցած ամիս: Ըստ «Թուրան» գործակալության` նախագահ Ալիեւի ընտանիքին պատկանող Park Bulvar կինոթատրոնը վերջին պահին չեղյալ հայտարեց ֆիլմի պրեմիերան: Ապա Ադրբեջանի օրինակին հետեւեցին Մոլդովայում` արդեն տեղի վրացական համայնքի պահանջով: Ի դեպ, երկու պետություններում էլ իշխանությունները հայտարարում են, թե ֆիլմը չցուցադրելու որոշումը ոչ թե կառավարություններինն էր, այլ կինոթատրոնների սեփականատերերինը:

Շաբաթասկզբին էլ ֆիլմի հեղինակները լրատվամիջոցներին տեղեկացրեցին, որ Ուկրաինայի մշակույթի նախարարությունը կինոնկարին ցուցադրության պաշտոնական արտոնագիր չի տվել: Ու թեեւ Ուկրաինայի կինոյի պետական գործակալությունն արագորեն արձագանքեց այս մեղադրանքներին` հայտարարելով, թե ֆիլմի հեղինակների հայտն առայժմ ուսումնասիրվում է, այնուհանդերձ, կինոնկարի պրոդյուսերներից Իլյա Բաչուրինը ուկրաինական կողմի պահվածքը «փարիսեություն» անվանեց` ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության թղթակցին ասելով, թե արտոնագրի տրամադրման ձգձգումը եւս արգելքի մի ձեւ է:

«Օգոստոսի ութին» ֆիլմի պրոդյուսերներից եւս մեկը`Ֆյոդոր Բոնդարչուկը, անդրադառնալով մեղադրանքներին, թե ֆիլմը իր բնույթով հակավրացական է, նշել է. - «Իմ տպավորությամբ, շատերն այս ֆիլմը պարզապես չեն տեսել: Հիմարություն են այն բոլոր պնդումները, թե կինոնկարը ազգամիջյան թշնամանք է սերմանում: Ի վերջո, այս ֆիլմը արեւմտյան շուկայում ներկայացնում է ամերիկյան ընկերություն` 20th Century Fox-ը»:

Ռուսական կողմը ֆիլմի արտադրության վրա ծախսել է 21 միլիոն դոլար: Ռուսաստանի 1500 կինոթատրոններում երեք շաբաթ ցուցադրվելուց հետո, սակայն, ֆիլմը ընդամենը 12 միլիոնի շահույթ է ապահովել: Նման ցածր ցուցանիշների պայմաններում ուկրաինական շուկայի կորուստը ֆիլմի հեղինակների համար իրոք ծանր հարված է:

Ինչ վերաբերում է ֆիլմի քաղաքական արձագանքներին, ապա ամենասպառիչ գնահատականը տվել է բրիտանական Independent- ը` գրելով. - «Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսեցին ռազմական գործողությունները մեծ էկրանին»։

Թերթը հիշեցնում է, որ անցած տարի էլ Հոլիվուդում ներկայացվեց «Օգոստոսյան հինգ օրերը» ֆիլմը, որում արտացոլված էր իրադարձությունների վրացական տարբերակը:

«Երկու դեպքում էլ կինոնկարները խիստ հայրենասիրական բնույթ են կրում եւ զուրկ են երանգներից», - գրում է բրիտանական պարբերականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG