Մատչելիության հղումներ

ԲՀԿ համագումարին Ռոբերտ Քոչարյանին հրավիրելու հարց չի քննարկվել


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատելով, որ Ռոբերտ Քոչարյանը չի հրավիրվել համագումարին, ԲՀԿ ղեկավար անդամ, կուսակցության նախընտրական քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը «արհեստածին» որակեց այդ թեմայի շուրջ առաջացած աժիոտաժը: Նա հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Քոչարյանին հրավիրելու հարցը չի էլ քննարկել` հիշեցնելով, որ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի որեւէ համագումարի չի մասնակցել:

«Բարգավաճ Հայաստանը» նպատակահարմար է գտել հրավիրել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժեր», - նշեց Նաիրա Զոհրաբյանը: Նա հաստատեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է համագումարին` «քանի որ մենք ուղարկել ենք խորհրդարանական կուսակցությունների ղեկավարներին, բնականաբար` Հանրապետության նախագահը Հանրապետական կուսակցության ղեկավարն է եւ նրան եւս հրավեր ուղարկվել է»:

Համագումարին հրավիրված են նաեւ հյուրեր արտերկրից. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը եւս հրավեր է ուղարկվել, ինչպես տեղեկացանք ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանից:

Ընտրացուցակ չի հրապարակվի


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԺ նիստի ժամանակ, արխիվ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԺ նիստի ժամանակ, արխիվ
ԲՀԿ համագումարը արտահերթ է, համագումարի արդյունքներով կուսակցության ղեկավար մարմինը փոփոխությունների չի ենթարկվի. Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, օրակարգի առանցքում նախընտրական ծրագրի հրապարակումն է: Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հաշվետու ելույթով:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք համագումարում կհրապարակվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը, որը ինչպես հայտնի է` հենց Ծառուկյանն է գլխավորելու, Զոհրաբյանը պատասխանեց. - «Այս պահի դրությամբ չկա նման մտադրություն` համագումարում հրապարակել կուսակցության համամասնական ցուցակ: Համագումարից հետո նոր կհրավիրվի քաղաքական խորհուրդ: Քաղաքական խորհուրդը կհաստատի ցուցակը, եւ այն կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»:

Ինչ վերաբերվում է մեծամասնական ընտրակարգով առաջադրումներին` Նաիրա Զոհրաբյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մեր ունեցած նախնական տեղեկությունները, որ ԲՀԿ-ն մտադիր է թեկնածուներ առաջադրել երկու տասնյակից ավելի ընտրատարածքներում: Նա «մտացածին ու էկզոտիկ վերլուծություններ» որակեց տարածված այն լուրերը, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը հանրապետության 41 ընտրատարածքներից միայն 7-ում է թեկնածուներ առաջադրելու, քանի որ Հանրապետականի հետ նման համաձայնություն կա: Մեր այն դիտարկմանը, թե` այսինքն ԲՀԿ-ն պատրա՞ստ է ընտրատարածքների կեսում Հանրապետականի հետ մրցել, Նաիրա Զոհրաբյանը այսպես արձագանքեց. - «Բոլոր քաղաքական ուժերը, որոնք հայտ կներկայացնեն առաջիկա ընտրություններում, մեր մրցակիցներն են, եւ մենք պատրաստ ենք արդար պայմաններում արդար մրցակցության»:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան
Հարցին` իսկ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվելո՞ւ է, Զոհրաբյանը պատասխանեց. - «Կարծում եմ` այո: Երեւի թե այն ընտրատարածքում, որտեղ ինքը մշտապես առաջադրվել է»:

Տիրապետող այն կարծիքին, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի մուտքը ԲՀԿ վկայում է խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտում հաստատվելու եu ընդդիմություն դառնալու` Գագիկ Ծառուկյանի գլխավորած կառույցի ծրագրերի մասին, կուսակցության քարոզչության պատասխանատուն հակադարձեց. - «Ես չգիտեմ, թե այդ երկու գործիչների անդամագրումը մեր կուսակցությանը ինչո՞ւ է նման եզրակացության տեղիք տվել: «Բարգավաճ Հայաստանն» ունի իր կուրսը»:

ԲՀԿ-ն իր կարգախոսները չի փոխում. «Մեր խոսքը` գործ է», «Միասին կառուցենք բարգավաճ երկիր», «Հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք» կարգախոսներն օգտագործելու այս ընտրություններում եւս, քանի որ ԲՀԿ-ն դրանք այսօր էլ համարում է խիստ արդիական:

please wait

No media source currently available

0:00 0:03:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG