Մատչելիության հղումներ

Ադրբեջանից գաղթած 1,175 ընտանիք դեռ սեփական տանիքը չունի


ԽՍՀՄ -- Հայ փախստականները փորձում են լքել Բաքուն, 23-ը հունվարի, 1990թ. | Արխիվ
ԽՍՀՄ -- Հայ փախստականները փորձում են լքել Բաքուն, 23-ը հունվարի, 1990թ. | Արխիվ
Ավելի քան 20 տարի է անցել այն ժամանակներից, երբ հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքով Հայաստան բռնագաղթեցին Ադրբեջանի` ազգությամբ հայ քաղաքացիները:

Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի հրապարակած տվյալներով, Հայաստան գաղթեց ընդհանուր առմամբ 361 հազար փախստական:

Հայաստան ներգաղթած 92 հազար ընտանիքների մի մասը իրենց բնակարանները փոխանակեցին Հայաստանից արտագաղթած ադրբեջանցիների հետ: Մյուս մասը լքեց Հայաստանը:

Ավելի քան 8 հազար ընտանիքի բնակարանային խնդիրներն անցած տարիներին լուծեց Հայաստանի կառավարությունը` նաեւ միջազգային կազմակերպությունների ջանքերով: Մինչդեռ ավելի քան 1,000 ընտանիք դեռեւս սեփական տանիքը չունի: Նրանց մեծ մասն ապրում է Երեւանի հանրակացարաններում կամ հանրային այլ շինություններում:

Մոլդովական փողոցի վրա գտնվող հանրակացարանի փոքր սենյակը Համբարձումյան ամուսինների համար թե խոհանոց է, թե ննջարան ու հյուրասենյակ: Ծեր զույգը անհարմարավետ սենյակը սեփական միջոցներով է կարգի բերել:

«Զզվել եմ կյանքիցս` էստեղ-էնտեղ... չեմ իմանում ինչ անեմ: Էս տունն էլ էնպիսի վիճակում ա եղել, որ տեսնայիր... մինչեւ հիմա էլ պարտքս չեմ կարողանում տամ», - պատմում է տանտիկինը:

Եթե Մոլդովական փողոցի հանրակացարանների նեղ, փոքր սենյակներում գոնե սանհանգույց կա, ապա Սեբաստիա փողոցի հանրակացարանում այն ընդհանուր է: Հանրակացարանի բնակիչներից Ռիմա Աբրահամյանը ցույց է տալիս չորսհարկանի հանրակացարանի ընդհանուր օգտագործման սանհագույցները:

«28 ընտանիք ենք: Այստեղ 4 ընտանիք է օգտվում, բայց մյուս հարկերում 8-ից 7 ընտանիք են: Էսի վախում ենք` մի օր մեր գլխին ընկնի», - ասում է բնակիչը` ցույց տալով խարխուլ սանհանգույցները:

Ռիման մի սենյակում ապրում է մոր ու երկու որդիների հետ: Սեփական միջոցներով սենյակը քիչ թե շատ կարգի են բերել, վարագույրով առանձնացրել որդիների «ննջասենյակը», մի անկյունում տեղավորել խոհանոցի պարագաները` հուսալով, որ մի օր սեփական անկյունը կունենան:

Հանրակացարանում ոչ գազ կա, ոչ էլ մշտական ջուր: Ադրբեջանում, ինչպես փախստականներն են ասում, հարմարավետ, մեծ ու լուսավոր տներ են թողել:

Հայաստանի Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով Կառավարությունը դադարեցրեց փախստականների բնակարանային ապահովման ծրագիրը: 2004 թվականից Կառավարությունը որոշում էր ընդունել լուծում տալ հանրակացարաններում ու հանրային այլ շինություններում բնակվող փախստականների բնակարանային խնդրին: Մինչեւ 2010 թվականը տարեկան պետբյուջեից 3-5 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք գումար էր հատկացվում բնակարանային խնդրի լուծման համար:

«Դրա շնորհիվ բազմաթիվ հարյուրավոր փախստական ընտանիքներ, հիմնականում մարզերում, հնարավորություն ունեցան լուծել իրենց ծածկի խնդիրը` վկայագրերի շնորհիվ ձեռք բերել բնակարաններ կամ առանձնատներ», - նշեց պաշտոնյան:

2010 թվականից հետո, սակայն, պետական բյուջեում այդ նպատակով գումար չի հատկացվում: Եգանյանը հույս ունի, որ միջազգային կառույցների ջանքերով նաեւ լուծում կտրվի այս խնդրին: Նրա հաշվարկներով, խնդրի լուծման համար պահանջվում է 45 միլիոն դոլար:

«Դեռեւս 1175 ընտանիքներ, որից 860-ը Երեւանում, 315-ը` մարզերում, շարունակում են սպասել այն բաղձալի օրվան, երբ որ նրանք կարող են տեղափոխվել հարմարավետ բնակարաններ:

Սեփական նորմալ բնակարանը չունենալու պատճառով է նաեւ, որ շատ փախստականներ հեռացել են Հայաստանից: Մինչդեռ, պաշտոնական վիճակագրություն չկա այն մասին, թե որքան փախստական է լքել Հայաստանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:52 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG