Մատչելիության հղումներ

logo-print
Շիրակի մարզի ընտրատարածքներից թիվ 33-ում մեծամասնական ընտրակարգով արդեն երրորդ անգամ առաջադրվելու է Աշոտ Աղաբաբյանը (ՀՀԿ):

«Անպայման առաջադրվելու եմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Աղաբաբյանը: - «Ընդհանրապես պատգամավոր դառնալը ցանկություն չէ, անհրաժեշտություն է, որովհետեւ թեկնածուն կամ հենց պատգամավորը ինքը իր մեջ ուժ պիտի ունենա, որ իրեն տրամադրի այդ աշխատանքին»:

Հակադարձելով հնարավոր պնդումներին, թե քիչ է լինում Գյումրիում` պատգամավորն ասաց. - «Երկար ժամանակ [Գյուրիում] չեմ եղել, բայց իմ գրասենյակը ամեն օր աշխատանք է տարել»:

Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանի 60-ից ավելի գյուղական համայնքներ ընդգրկող այս ընտրատարածքում մարդիկ զբաղվում են հիմնականում ոչխարաբուծությամբ:

Հարցին, թե ինչ ծրագրով է ներկայանալու ընտրողներին, Աղաբաբյանը պատասխանեց. - «Մտածել ենք մի ծրագիր, որը հիմնականում սննդարդյունաբերության հետ է կապված… Ունենք մասնագետ, որը Աֆրիկայում է ապրել եւ ջայլամների հետ աշխատել է: Փորձում ենք հասկանալ, թե եթե մի կովը տարին մի հորթ է տալիս, ջայլամը 50 ձագ է տալիս եւ համարյա երկու տարվա մեջ նույն կովի քաշին է լինում միսը: Ավելի լավ, ավելի էկոլոգիապես մաքուր: Ինչո՞ւ չանցնենք այդ ծրագրին, որը արդեն բավականին լուրջ ժամանակ քննարկվել է: Ունենք նաեւ ինվեստորը: Մենք պատրաստվում ենք մայիսի վերջին - հունիսի սկզբներին փորձել»:

Նույն ընտրատարածքում առաջադրվելու է նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, ով Աղաբաբյանի մրցակիցն էր նաեւ նախորդ ընտրություններում:

«Երկու օր առաջ կուսակցության վարչությունը որոշում կայացրեց կոնկրետ իմ մասով, որ առաջադրվելու եմ ե'ւ մեծամասնական ընտրակարգով, ե'ւ համամասնական ընտրակարգով: Մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու եմ թիվ 33 ընտրատարածքում»:

Սահակյանը նշեց, թե Աղաբաբյանի հետ մրցակցելը «հետաքրքիր կլինի»:

Հայ ազգային կոնգրեսը, թեեւ վերջնական որոշում դեռեւս չի ընդունել, բայց հավանական է, որ թիվ 33 ընտրատարածքում առաջադրի Կոնգրեսի Գյումրիի համակարգող Աշոտ Զաքարյանի թեկնածությունը: Նա 2003 թվականի ընտրություններին որպես անկուսակցական թեկնածու այս ընտրատարածքում մրցակցել է Աշոտ Աղաբաբյանի հետ:

«Ինձ համար անձերն էական չեն, թե ովքեր են առաջադրվելու: Ես պայքարել եմ եւ շարունակում եմ պայքարել այս ռեժիմի դեմ, եւ եթե ռեժիմը կոնկրետ թիվ 33 ընտրատարածքում ներկայացված է լինելու կոնկրետ մարդկանցով` «Օրինակ երկիր»-ի կամ Հանրապետականի թեկնածուներով, ուրեմն պայքարելու եմ նրանց դեմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Զաքարյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց այդ կուսակցության ներկայացուցիչ Վարդեւան Գրիգորյանը, թիվ 33 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով թեկնածու չի առաջադրելու: Նա հավելեց, որ մարզի մյուս երեք ընտրատարածքներում իրենց թեկնածուներ կունենան:

XS
SM
MD
LG