Մատչելիության հղումներ

Շարմազանով. «Հավատով գնում ենք փոփոխությունների»


Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անհիմն է համարում ընդդիմության կողմից իշխանության հասցեին հնչեցված գնահատականները` ընդգծելով, որ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իշխանություններին վերջին 5 տարիների ընթացքում հաջողվել է մի շարք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել:

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հանրապետականի համագումարում հնչեցված «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը զավեշտալի էր համարել` նշելով, որ հավատի մասին այս իշխանությունները խոսելու իրավունք չունեն:

«Իշխանությունները այս 5 տարիների ընթացքում բազմաթիվ լուրջ բարեփոխումներ իրականացրել են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Էդուարդ Շարմազանովը` մասնավորապես հիշատակելով իրականացված 2 համաներումները, Ընտրական օրենսգրքի բարեփոխումը, Հայաստանում Մարտի 1-ից հետո ծագած քաղաքական ճգնաժամի հաղթահարումը:

Շարմազանովի խոսքով, իշխանությունները` «իրենց հետ [Հայ ազգային կոնգրեսի] նստել են բանակցությունների սեղանին, Ազատության հրապարակը վերադարձրել են ժողովրդին, որպեսզի այնտեղ լինի քաղաքական բազմակարծության ամբիոն, շատ հանգիստ են ընկալում թեկուզ շատ սուր քննադատությունը»:

«Ավելին, ժողովրդավարական բարեփոխումների առումով եվրոպացի մեր գործընկերները շատ բարձր են գնահատել մեր նախագահի իրականացրած քաղաքականությունը, սակայն մենք, ի տարբերություն իրենց, որոնք իրենց տարիների ընթացքում ասում էին ամեն ինչ լավ է, չենք ասում ամեն ինչ լավ է», - նաեւ ասաց Հանրապետականի խոսնակը: - «Ասում ենք` կան բազմաթիվ խնդիրներ, եւ պետք է հավատալ, եւ մենք հավատով գնում ենք փոփոխությունների»:

Նշենք, որ իշխող Հանրապետականը իր համագումարում մի բանաձեւ է ընդունել, որտեղ, մասնավորապես նշվում է, որ Հանրապետականին հաջողվել է վերականգնել ընդդիմախոսների` կարծիք ունենալու իրավունքը:

«Հանրապետական կուսակցությունը կարողացել է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի քաղաքական մշակույթը, քաղաքական գործիչները որեւէ մեկը չունենան խնդիր բազմակարծության հետ», - այս առնչությամբ պարզաբանեց Շարմազանովը: - «Այս 5 տարիների ընթացքում ժողովրդավարական ինստիտուտները ավելի շատ են զարգացել, ե՛ւ մամուլը, ե՛ւ հեռուստաընկերությունները ավելի շատ են ապահովում բազմակարծություն»:

Ի դեպ` Հանրապետականի բանաձեւում եւս մեկ ուշագրավ ձեւակերպում կա. իշխող ուժը նշում է, որ անցած 5 տարիների ընթացքում իրենց հաջողվել է բացել քաղաքական համակարգը` մերժելով եսակենտրոն առաջնորդների ու փողի մենաշնորհը: Հաշվի առնելով այս պնդումները` Շարմազանովին հարցրեցինք, թե արդյո՞ք սա չի նշանակում, որ ըստ Հանրապետականի, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին ընդդիմախոսները կարծիք ունենալու իրավունք չունեին, փողի մենաշնորհ էր, եսակենտրոն ղեկավարում:

«Մենք, ի տարբերություն որոշ քաղաքական գործիչների, ինչ-որ մեկին ապացուցելու համար ոչինչ չենք անում: Ժողովրդավարությունն ինքը` զարգացող պրոցես է, եւ բնականաբար պետք է արձանագրել այն դրականը, այն զարգացումները, որոնք եղել են այս 5 տարիների ընթացքում», - հայտարարեց ՀՀԿ-ի խոսնակը:

Մենք փորձեցինք նաեւ պարզել, թե արդյո՞ք կոալիցիոն մյուս ուժերը` «Բարգավաճ Հայաստանն» ու «Օրինաց երկիրը» կիսում են Հանրապետականի այս պնդումները:

ԲՀԿ-ն ձեռնպահ մնաց գնահատականներ տալ, մինչդեռ ՕԵԿ-ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը նշեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության ընթացքի հետ համեմատելով` Սերժ Սարգսյանի օրոք իսկապես լուրջ բարեփոխումներ են կատարվել:

«Իշխանության մեջ լինելով` նաեւ քննադատական խոսք ասել, խոսել թերությունների եւ խնդիրների մասին, միշտ չէ, որ անպատժելի էին մնում, բայց հիմա, անկախ նրանից` իշխանության մեջ ես, թե ընդդիմության, դու կարող ես խոսել խնդիրներից, որոնք առկա են երկրում եւ պարտադիր չէ, որ դրա համար դու այսպես ասած` պատժվես», - մեկնաբանեց Հեղինե Բիշարյանը:

Հիշեցնենք, 2006 թվականին Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց Ազգային ժողովի նախագահի պաշտոնից` հայտարարելով, որ տարաձայնություններ ունի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Դրանից հետո ՕԵԿ-ը լքեցին գործարար պատգամավորները: Մամուլը գրեց, թե այդ կերպ Քոչարյանը պատժում է Բաղդասարյանին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` իր գնահատմամբ, ՕԵԿ-ը պատժվե՞լ է 2006-ին, Բիշարյանը պարզաբանեց. - «Ոչ թե պատժվել է` դեռ չկա այդպիսի մեկը, որ կարողանա ՕԵԿ-ին պատժել: Պարզապես ընդունված չէր լինել իշխանության մեջ եւ քննադատության ենթարկել կատարած աշխատանքը: Իսկ հիմա ակնհայտ է, որ կոալիցիոն քաղաքական ուժերը նույնպես խոսում են երկրի թերությունների եւ բացթողումների մասին, այնպես որ, սա առաջընթաց է»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG