Մատչելիության հղումներ

logo-print

Հին Երեւանի վերակենդանացումը լուսանկարների միջոցով


Վերակառուցվող Փակ շուկայի շենքը:

Վերակառուցվող Փակ շուկայի շենքը:

Վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեծ արձագանք են ստանում հատկապես հին Երեւանին վերաբերող լուսանկարները: Սա փաստում է, որ բոլորս անհանգստացած ենք Երեւանի ճակատագրով հատկապես հնի ոչ թե կողքին, այլ փոխարեն նորը տեսնելու խնդրով:

Թերեւս, սա էր պատճառը, որ «Մեդիամաքս» լրատվական գործակալության մեր երիտասարդ գործընկերները սկսեցին մտածել մի նախագծի շուրջ, որը իսկական երեւանցիների հոգում կարթնացներ բարի հիշողություններ հին Երեւանի մասին:

Երիտասարդ լրագրող ու նախագծի աշխատանքային թիմի անդամ Եկատերինա Պողոսյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշում է, որ սա նոր սերնդի համար յուրատեսակ ծանուցում է հին Երեւանի մասին. - «Մենք այս նախագծի միջոցով ընդամենը ուզում ենք մարդկանց մեր քաղաքի այն ժամանակվա կյանքի, քաղաքային կուլտուրայի շունչը փոխանցել»:

«Մեդիամաքս» ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը վստահեցնում է, որ այսօր հասարակական մեծ հետաքրքրություն կա հին Երեւանի նկատմամբ. - «Որոշեցինք մի այսպիսի մասշտաբային ծրագիր իրականացնել եւ յուրաքանչյուր սիրված վայր փորձել ներկայացնել հնարավորինս ամփոփ, հնարավորինս տարբեր տեսանկյուններից, արխիվային լուսանկարներով, եթե հասանելի լինեն` նաեւ վիդեոյով: Եվ այսօր առաջինը ներկայացրեցինք Փակ շուկան»:

Քանի որ թիմը որոշել էր որպես նախագծի առաջին «հերոս» ընտրել Երեւանի Փակ շուկան, ապա մեկ ամսվա ընթացքում մոտ 6 լրագրողներ շրջել են Երեւանի բոլոր թանգարաններով, ֆոտո-վիդեո արխիվներով ու հավաքել Փակ շուկայի մասին պատմող հետաքրքիր նյութեր ու գրանցել հին երեւանցիների հուշերը:

«Ջերմ էին հիշողությունները հին երեւանցիների եւ ճարտարապետների այն մասին, որ Փակ շուկան կոնկրետ եղել է երեւանցիների հանդիպման վայրը, մարդիկ նույնիսկ ժամադրվում էին նախապես, որպեսզի կիրակի օրը հավաքվեին այդ վայրում եւ ծանոթներով, մտերիմներով առեւտուր կատարեին: Այսինքն առեւտուրն անգամ այն ժամանակվա Երեւանում դա մի արարողություն էր: Ու նշեմ նաեւ ճարտարապետների ժառանգների հիշողություններն ու ապրումները, երբ իրենց հոր կամ մոր նախագծած կառույցն այսօր կամ վատ վիճակում է, կամ ընդհանրապես ոչնչացվում է», - պատմում է Եկատերինան «Մաքսլիբերթի»ի հետ զրույցում:

Արա Թադեւոսյանի խոսքով, այս նախագիծը քաղաքականացնելու նպատակ չունեն, սակայն ցանկանում են կառույցի հատակագիծը, անձնագիրն ու իրական տեսքը ներկայացնելով նաեւ օգտակար լինել Փակ շուկայի նոր տերերին:

«Մեր կողմից կա ցանկություն, որ Փակ շուկայի նոր սեփականատերերը եւս ծանոթանան այս նյութի հետ, միգուցե դա իրենց օգտակար լինի հետագա վերակառուցման աշխատանքների համար, սակայն ասեմ, որ այդպիսի չակերտավոր քաղաքական որեւէ նպատակ չկա: Մեր նպատակն է պարզապես ներկայացնել կենդանի պատմությունը մեր սիրելի վայրերի, մարդկանց ուղղակի հաճելի հիշողություններ պարգեւել», - ասաց Թադեւոսյանը:

Նախագծի հեղինակները նշում են, որ անդրադառնալու են հիմնականում անցած դարի 40-80-ականների Երեւանին: Յուրաքանչյուր շաբաթ ներկայացնելու են երեւանյան մի «հերոսի», իսկ այդ հերոսները լինելու են ոչ միայն հուշարձաններն ու կառույցները, այլեւ երեւանցիները եւ տվյալ ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները: Թադեւոսյանը նաեւ նշում է, որ Երեւանի հին միջավայրի վերականգնմանը կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր կտրամադրեն հետաքրքիր փաստեր, լուսանկարներ ու տեսնյութեր:

Իսկ հաջորդ շաբաթ նախագծում է Կարապի լիճը: Եկատերինան վստահ է, որ այս նախագիծը իր մեջ նաեւ հին Երեւանը գնահատելու խորհուրդ ունի:

XS
SM
MD
LG