Մատչելիության հղումներ

logo-print

Մարտի 13-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - «2008 թվականի նախագահի ընտրությունների Սերժ Սարգսյանի նախընտրական «Առա'ջ Հայաստան» կարգախոսը չորս տարի անց փոխվեց «Հավատա'նք, որ փոխենք» կարգախոսի: Նախ փաստենք, որ «Հավատա'նք, որ փոխենք»-ը արդեն իսկ Սերժ Սարգսյանի ամրագրումն է իր նախորդ կարգախոսի ձախողված լինելու, քանի որ եթե չորս տարի անց չես շարունակում սկսած գործդ, այլ միայն բարձրաձայնում ես, թե պետք է փոխել, ապա հարց է առաջանում` իսկ ո՞ւր մնաց «Առա'ջ Հայաստան»-ը, ի՞նչ է արվել չորս տարիների ընթացքում, որպեսզի Հայաստանը առաջ ընթանա: Եվ եթե այսօր առաջ է քաշվում «Հավատա'նք, որ փոխենք»-ի անհրաժեշտությունը, հասարակությունը լրացուցիչ անգամ կարող է իր համար ամրագրել, որ չորս տարիների ընթացքում ոչինչ էլ չի արվել, եւ հազիվ թե այժմ էլ հավատա Սերժ Սարգսյանի նոր, իրավիճակային «Հավատա'նք, որ փոխենք» կարգախոսին»:

Թեման շարունակում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը. - «Թե ով էր գրել Սերժ Սարգսյանի ելույթը, որը վերջինս տիտանական ջանքերի գնով մինչեւ վերջ արտասանեց ՀՀԿ համագումարում` դժվար է ասել, բայց հեղինակը հաստատ զուրկ չէր հումորի զգացումից: Ինչ ասես արժե հենց միայն այս նախադասությունը. «Այո', մենք կառավարող կուսակցություն ենք, որը գիտակցաբար եւ կամովին ստանձնել է պատասխանատվությունը մեր երկրում գոյություն ունեցող խնդիրները լուծելու ուղղությամբ ժողովրդական շարժումն առաջնորդելու ուղղությամբ»: Հասկացա՞ք: Հայաստանում, ուրեմն, ժողովրդական շարժում կա, որը պիտի լուծի երկրում առկա խնդիրները, ՀՀԿ-ն էլ կամովին (ինչպիսի անձնազոհություն) ստանձնել է այդ շարժման առաջնորդի դերը: Ժողովուրդը զոռո'վ չի ՀՀԿ-ին բերել իշխանության, իրենք կամովի'ն էլ եկել»:

«Հայացք»-ը հարցազրույց է վերցրել Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանից: Հարց. - «Ձեր եռամիասնության արժեհամակարգը վերածել եք քառամիասնության, այն է` հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ, մեծագույն հայրենասեր Սերժ Սարգսյան: Չե՞ք կարծում, որ դրանով ձեր արծիվներին պարտադրում եք անձի պաշտամունք»: Պատասխան. - «2010-ից սկսած մեր որդեգրած կարգախոսը վերաբերում է Սերժ Սարգսյանին, իսկ նախագահական ժամկետը լրանալուց հետո` հաջորդ նախագահներին»: Ինչ վերաբերում է «քառամիասնությանը», ապա Ասրյանի համար Սերժ Սարգսյանը «մինչեւ հավերժություն» մնալու է «որպես պաշտամունքի անձ». -«Ուզում եմ մեկընդմիշտ այս հարցին վերջակետ դնել: Ասրյանի տեսակը նվիրյալ տեսակ է, ու Սերժ Սարգսյանին պաշտում եմ ոչ նրա համար, որ նա այսօր նախագահ է կամ ես փոխնախարար: Ինձ մոտ այդ պաշտամունքը ձեւավորվել է դեռ 1990-ականներից: Ուզում եմ, որ սա բոլորը հասկանան»:

«Ժողովուրդ» թերթի հարցերին պատասխանում է Պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Աղաբեկյանը: Հարց. - «Ինչո՞ւ են բանակում սպանությունները հաճախ ինքնասպանություն որակվում»: Պատասխան. - «Ես կոնկրետ առաջարկներ եմ արել, թե ինչ պետք է անել, որպեսզի հասարակության մեջ ձեւավորված կարծիքը փոխվի: Հիմա հասարակությունը մերժում է ցանկացած տեսակետ, որը բարձրաձայնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Այս անվստահությունը վերականգնելու վերաբերյալ ես ասել եմ, որ Պաշտպանության նախարարությունը չպետք է հիմք ընդունի հրամանատարների զեկույցները եւ անմիջապես հանդես գա հայտարարությամբ: Երբ որեւէ միջադեպ է լինում, ստորադաս հրամանատարը այնքան է ցանկանում, որ դա կապված լինի հակառակորդի գործողությունների հետ, քանի որ վախենում է իր պաշտոնը կորցնելուց: Շատ հաճախ ստորադաս հրամանատարները զեկույցներ են գրում` առանց գիտակցելու դրա հետեւանքների մասին»: Աղաբեկյանը շարունակում է. «Երբ մահվան ելքով միջադեպ է տեղի ունեցել, պետք է շատ պարզ ներկայացնել դեպքը, իսկ թե ինչպիսի քրեական գործ կհարուցվի հետագայում, թող դրա պատասխանը տան քննչական աշխատանքներ կատարողները: Եվ ամենակարեւորը` միշտ ասել եմ, որ օրենսդրական փոփոխություն պետք է իրականացնել եւ տուժող կողմին հնարավորություն տալ, որպեսզի քրեական գործի հարուցման պահից մինչեւ վերջ անմիջական մասնակցություն ունենա»:

«Հայկական ժամանակ» թերթը, որը օրերս տեղեկացրել էր, թե Սահմանադրական դատարանի նախագահի ավտոմեքենայի դիմապակու վրա բացակայում է ԱՊՊԱ կտրոնը, այսօր գրում է. - «ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի մեքենայի վրա երեկ ԱՊՊԱ կտրոն է հայտնվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ կտրոնի բացակայության պատճառով երեկ արձանագրություն է կազմվել, եւ մեքենայի վարորդ Արամ Վարդանյանը տեղում վճարել է սահմանված տուգանքը` 10 հազար դրամ: ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը երեկ մեր թղթակցին ասել է, որ մեքենայի վրայի ԱՊՊԱ կտրոնը բացակայել է ընդամենը մեկ օր, իսկ դրա պատճառն այն էր, որ «մեքենան լվանալուց հետո ԱՊՊԱ կտրոնն ուղղակի անպիտան էր դարձել ու պոկվել էր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG