Մատչելիության հղումներ

Պուտինի առջեւ` երեք հնարավոր ճանապարհ


Ռուսաստանի վարչապետ, ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը Բորոդինոյի ճակատամարտի թանգարանում, 7-ը մարտի, 2012թ.

Ռուսաստանի վարչապետ, ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը Բորոդինոյի ճակատամարտի թանգարանում, 7-ը մարտի, 2012թ.

Moscow Times պարբերականի սյունակագիր Վիկտոր Դավիդոֆֆը առավել հավանական է համարում հոռետեսական սցենարը։

Վիկտոր Դավիդոֆֆը հոռետեսի դիրքից է գնահատում Ռուսաստանի քաղաքական հեռանկարը։ Նա վկայակոչում է միլիարդատեր Ալեքսանդր Լեբեդեւին, ով Վլադիմիր Պուտինի հաղթանակից հետո այսպես է բնութագրել ռուսական ոճի ժողովրդավարության եւ հին ավանդույթներ ունեցող երկրների ժողովրդավարության տարբերությունը. - «Մենք գիտենք ընտրությունների արդյունքը, բայց բնավ չգիտենք, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի ապագան ընտրություններից հետո»։

Իրապես ժողովրդավարական երկրում ընտրությունների արդյունքը նախապես հայտնի չէ, բայց ընտրողները գիտեն թեկնածուների ծրագրերը եւ կարող են կանխորոշել հաղթողի վարելիք քաղաքականությունը։

Ռուսաստանում ճիշտ հակառակն է` Պուտինի հաղթանակը նախապես էր հայտնի, սակայն չես կարող հստակ ասել, թե ինչ քաղաքականություն է նա իրականացնելու։

Վիկտոր Դավիդոֆֆի համոզմամբ` հնարավոր է ընդամենը երեք սցենար։

Առաջինը` ստեղծված իրավիճակը` ստատուս քվոն պահպանելն է։ Սա նշանակում է ձեւական կուսակցությունների եւ լիդերների գոյություն։ Սա նշանակում է խորհրդարան, որը, համաձայն նախկին խոսնակ Սերգեյ Գրիզլովի բանավոր անմոռանալի վրիպակի, «քննարկումների տեղ չէ»։

Սա նշանակում է նաեւ բացարձակ լիազորություններ ձեռք բերած նախագահ, ով կուսակցություններից, պետական մարմիններից եւ օրենքից վեր է կանգնելու։ Տնտեսության բնագավառում ստատուս քվոն կնշանակի պետության դերի հետագա ընդարձակում եւ կոռուպցիայի մակարդակի բարձրացում։ Դրա անխուսափելի հետեւանքը տնտեսական լճացումն է լինելու։

Հավանական երկրորդ սցենարը` ազատականացումն է։ Կրեմլն արդեն որոշակի զիջումների է գնացել. նահանգապետերին նորից պետք է ընտրեն, այլ ոչ թե նշանակեն, խորհրդարանի վերին պալատը` Դաշնության խորհուրդն ավելի ժողովրդավար կարգով է ընտրվելու, ընդդիմադիր կուսակցությունների գոյությունն արտոնվելու է, եւ` խորհրդանշական քայլ, Միխայիլ Խոդորկովսկու գործը կվերանայվի։

«Դժվար թե Ռուսաստանը մի գիշերում վերածվի ժողովրդավարական երկրի, բայց գոնե կսկսի տարբերվել Բելառուսից եւ Զիմբաբվեից»,- գրել է Դավիդոֆֆը Moscow Times-ում եւ ավելացրել. - «Ավաղ, քչերն են հավատում երկրորդ սցենարի հնարավորությանը, քանի որ դրա համար հարկ է կազմաքանդել Պուտինի ղեկավարման նախկին շրջանում հաստատված համակարգը։ Եվ զուր չեն կատակասեր ռուսներն ասում, թե «նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը խոստանում է ուղղել վարչապետ Վլադիմիր Պուտինի օրոք կատարված սխալները, որոնք նա ժառանգել էր նախկին նախագահ Վլադիմիր Պուտինից»։

Ուստի, ըստ սյունակագրի, մնում է երրորդ տարբերակը` պնդօղակներն է՛լ ավելի ձգել, ասել է թե` ռեժիմը խստացնել։

Արտաքին ասպարեզում դա կնշանակի Ռուսաստանի կողմից Արեւմուտքի հետ հարաբերությունների սրում եւ Սիրիայի ու Իրանի պես երկրների հետ կապերի մերձեցում։

Վիկտոր Դավիդոֆֆի կարծիքով` երրորդ սցենարն առավել իրատեսական է թվում։ Միաժամանակ, մեկնաբանը գրում է, թե վերջին շրջանում եղել են անակնկալ զարգացումներ, հետեւաբար` կա հույս, որ գուցեեւ կգտնվեն այլ սցենարներ, որոնք թույլ կտան փակուղուց հանել երկիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG