Մատչելիության հղումներ

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քննադատության ենթարկեց Հանրապետական կուսակցության համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի՝ տնտեսութան ոլորտում եղած ձեռքբերումներին վերաբերող հատվածը` համոզմունք հայտնելով, որ դրանում ներկայացված թվերն ու գնահատականները «ճիշտ պատկեր չեն ներկայացնում»:

Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մասնավորապես, նշել էր, թե վերջին հինգ տարիներին աճել է միջին ամսական աշխատավարձը` 63 հազարից հասնելով 115 հազար դրամի: Մինչ այս թվին անդրադառնալը` Հրանտ Բագրատյանը նշում է. - «63 հազարը 2006 թիվն է... Ուրեմն 2007 թվականին, եթե մենք 115 հազար դրամը համեմատում ենք, այո, միջին աշխատավարձը աճել է, բայց արդեն… 80 հազարի նկատմամբ: Եվ այդ աճը` 80 հազարից 115 հազարի, ավելի քիչ է, քան գների պաշտոնական ինդեքսը 5 տարիներին»:

2007 թվականին Հանրապետական կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում` ստանալով օրենքի ուժով պետական բյուջե, որը կենսաթոշակային հիմնադրամի միջոցների հետ միասին կազմում էր 658 միլիարդ դրամ: Համագումարի իր ելույթում Սերժ Սարգսյանն ասել էր, թե այսօր կուսակցությունն ավարտում է կառավարման իր այս ժամանակահատվածը` թողնելով ընդունված պետական բյուջե 1 տրիլիոն 44 միլիարդ մեծությամբ: Փաստելով, որ ըստ այդմ՝ երկուեւկես անգամ ավելացել է կենսաթոշակի միջին եւ բազային մակարդակը` նախկին վարչապետը հակադարձում է. - «Պաշտոնական վիճակագրությունը փաստում է կենսաթոշակի այսպիսի թվեր. մենք 2012-ին ունենք 29 900: Մենք 2011-ին ունեցել ենք 26 հազար դրամ, մենք 2007-ին ունեցել ենք 20 հազարից մի քիչ ավելի»:

Կենսաթոշակային հիմնադրամին վերաբերով թվերը Բագրատյանը նաեւ այլ տեսանկյունից է մեկնաբանում` այն գնահատելով նաեւ պարենային ապրանքների գնաճի համատեքստում. - «Կնեսաթոշակային հիմնադրամը մոտավորապես 2011-ին պետք է կազմած լինի 110-115 միլիարդ դրամի կարգի թիվ, եւ եղել է 85 միլիարդ… Բայց լավ, գներ են աճել, չէ՞, 45 տոկոս: Մի նրբություն էլ կա. կենսաթոշակառուն ուտում է ուտելիք եւ կոմունալ վճարումներ է կատարում: Կենսաթոշակառուն հագուստ, ինտերնետ կամ մոբիլ հեռախոս, որտեղ էժանացում կա, չի օգտագործում: Հարյուր անգամ ասել ենք` կենսաթոշակառուների ինդեքսը` զամբյուղի ինդեքսը, առանձին արեք, այդ ինդեքսը շատ ավելի բարձր է, քանի որ վերջին տարիներին պարենամթերքի գներն աճել են շատ ավելի արագ, քան սովորական սպառողական միջին գների ինդեքսը»:

Բագրատյանն անդրադարձավ նաեւ նախագահի նշած բյուջեի աճի ցուցանիշներին. - «Հինգ տարում բյուջեն աճել է 53-54 տոկոսով, բայց 47 տոկոսով գներն են աճել: Ավելի ճիշտ կլինի ասել` կաճեն»:

Ինչ վերաբերում է առհասարակ տնտեսության կառույցի փոփոխմանը, ապա, ըստ Հրանտ Բագրատյանի, այս ընթացքում ՀՆԱ-ում շինարարոթյան բաժինը, ինչը, ի դեպ, քննադատվել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, ընդամենը փոխարինվել է հանքարդյունաբերությամբ` դրանից բխող հետեւանքներով. - «Դա բլեֆ է: Քոչարյանի օրոք շինարարության աճը, որի ես կատաղի հակառակորդն եմ, շատ ավելի փառահեղ աճ է, քան այն աճը, որ սրանք ունեն այսօր: Սրանք ունեն մետաղի գների բարձրացում եւ հանքաքարի` մետաղային եւ ոչ մետաղային, գիշատիչ շահագործում»:

Մինչդեռ, ըստ նախկին վարչապետի, ՀՆԱ-ն հաշվարկելիս այս ոլորտն ընդհանրապես պետք չէ ներառել, քանի որ այդ հանքերը շահագործվում են ապագա սերունդների հաշվին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG