Մատչելիության հղումներ

ՎՏԲ բանկի Ստեփանակերտի մասնաճյուղում մոտ երեք տարի առաջ տեղի ունեցած ֆինանսական մեքենայությունների գործով այսօր Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հրապարակեց դատավճիռը` տարբեր պատժաչափեր նշանակելով բանկի հաշվապահին եւ գանձապահին:

Մոտ մեկ տասնյակ հաճախորդներ մի քանի տարի առաջ ՎՏԲ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ Շարմաղ Գրիգորյանի եւ գանձապահ Վալյա Գրիգորյանի միջոցով անվանդներ էին պահ տվել բանկին` ստանալով մասնաճյուղի կնիքով ավանդատուի գրքույկ կամ երկու տարի ժամկետով պարտավորագիր: Այս տարիների ընթացքում տուժածներին չէր հաջողվում ետ վերադարձնել իրենց գումարները:

Այսօր վերջապես դատարանը վճռեց հաշվապահ Շարմաղ Գրիգորյանին` 7, իսկ գանձապահին 4.5 տարվա ազատազրկման դատապարտել: Տուժածները առաջիկա ամիսներին կարող են իրենց գումարները ստանալ ՎՏԲ Հայաստան բանկից:

«Այսօրվա դատավարությունից ես համոզված չեմ ,որ մեր կորցրած գումարները բանկը ետ կվերադարձնի: Եվ ես համոզված էլ չեմ, որ հաշվապահը 7 տարի նստելու է», - ասում էր խաբված ավանդատուներից մեկը:

«Այսօր էլ դեռ կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ, պարզապես մեր պարզամտությունից օգտվելով մեզ խաբել են», - ասում էր մեկ այլ ավանդատու:

Լեռնային Ղարաբաղի դատախազության Կոռուպցիոն, կազմակերպված եւ տնտեսական հանցագործությունների դեմ ուղղված գործերի բաժնի պետ Արմեն Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ դատարանը ապահովեց տուժած քաղաքացիների` հետագայում իրենց գումարը ստանալու բոլոր իրավական հիմքերը:

«Տվյալ դեպքում կան ներկայացված քաղաքացիական հայցեր, գոյություն ունի հարկադիր կատարման ընթացակարգը, եթե բանկը կամավոր պատասխանատվությունը չկրի, գումարները կգանձվեն հարկադիր կատարման եղանակով», - ասաց Գալստյանը:

ՎՏԲ-ի Սեփանակերտի մասնաճյուղում տեղի ունեցած ֆինանսական մեքենայությունների արդյունքում մեկ տասնյակից ավելի մարդիկ կորցրել են մոտ երկու հարյուր միլիոն դրամ. նրանցից ոմանց հաշվապահը փաստաթղթեր է տվել, մասնավորապես մասնաճյուղի կնիքով գրքույկ, իսկ մի քանիսն էլ գումարը բանկին են պահ տվել երկու տարի ժամկետով պարտավորագրով:

Այսօր դատարանն անդրադարձավ այն մարդկանց գործերին, ովքեր բանկից գրքույկ էին ստացել: Այն մարդկանց գործերին, ովքեր ավանդի մասին իրեղեն ապացույց չունեն, դատարանը առաջիկայում կանդրադառնա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG