Մատչելիության հղումներ

Գյումրիում կմրցակցեն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի թեկնածուները


Թիվ 34 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գյումրի քաղաքը, կմրցակցեն իշխող կոալիցիայից ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուները` գործող պատգամավոր Մարտուն Գրիգորյանը («Բարգավաճ Հայաստան») եւ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, անկուսակցական Արման Սահակյանը, ում թեկնածությունը պաշտպանում է ՀՀԿ-ն:

Իր թեկնածությունն առաջադրելու մասին Մարտուն Գրիգորյանը հայտարարել էր անցած շաբաթ, իսկ Արման Սահակյանը դա արեց այսօր` լրագրողների հետ հանդիպմանը:

Նրան սատարելու մասին արդեն հայտարարել է նաեւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. - «Ես հույսով եմ, որ Արմանը կհաղթի»:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Արման Սահակյանը նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի մտերիմ ընկերներից է:

«Միքայել Մինասյանը իմ ընկերն է», - ասաց նա` հերքելով, սակայն, նույն հրապարակումներում առկա պնդումները, թե համատեղ բիզնես ունի նախագահի փեսայի հետ. - «Այդպիսի տեղեկատվությունը սխալ է»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կառաջադրեր արդյոք իր թեկնածությունը` եթե չունենար ՀՀԿ-ի աջակցությունը, Սահակյանը արձագանքեց. - «Հաստատ ոչ»:

«Բացատրեմ, թե ինչու», - շարունակեց նա: - «Ես տեսնում եմ իմ առաջ խնդիրներ, եւ այդ խնդիրներին պետք է մոտենալ հասկանալով, բոլոր կողմերից նայելով, եւ լուծել: Եթե օպոզիցիայից ես գնայի, այդ բոլոր խնդիրները ես չէի կարող լուծել… Իսկ Հանրապետական կուսակցությունը ինձ համար միակ ճանապարհն է, որով ես կարող եմ այդ բոլոր խնդիրները լուծել»:

please wait

No media source currently available

0:00 0:05:01 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG