Մատչելիության հղումներ

Պարտադիր առողջապահական ապահովագրության առաջին քայլերը


Այս տարվա սկզբին Հայաստանում ներդրվեց սոցիալական փաթեթ, որի շրջանակներում քաղաքացիական եւ պետական ծառայողները, պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, ինչպես նաեւ կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնողները հնարավորություն կունենան օգտվել փաթեթի չորս ծառայություններից` առողջապահական ապահովագրություն, հիփոթեքային վարկի տոկոսադրույքների վարկավորում, կրթություն եւ հանգիստ:

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը այսօր տեղեկացրեց, որ յուրաքանչյուր շահառուի համար նախատեսված է տարեկան 132 հազար դրամ: Նշված ծառայություններից առողջապահական ապահովագրությունը պարտադիր է, որի դիմաց սոցփաթեթից կհատկացվի 52 հազար դրամ, մնացած 80 հազար դրամը շահառուն կարող է օգտագործել իր հայեցողությամբ:

«Փաթեթի ներդրումը շատերին հնարավորությույն կտա օգտվել բժշկական մի շարք ծառայություններից, որոնք մինչեւ այսօր գրեթե անհասանելի են եղել: Ունենալով տարեկան 52 հազար դրամի ապահովագրություն` քաղաքացի կունենա 3 մլն 800 հազար դրամի երաշխիք: Այս գումարով կարող է նաեւ սրտի վիրահատություն իրականացնել», - ասաց նա:

Ի սկզբանե քաղաքացիներին անհանգստացնում էր այն փաստը, որ պարդադիր ապահովագրության դիմաց իրենցից վերոհիշյալ գումարը կա'մ գանձվելու է, կա'մ պահվելու է հարկի տեսքով:

«Փաթեթի դեպքում իր աշխատակիցների համար վճարում է պետութությունը», - պարզաբանեց Բաբլոյանը:

Սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռում առայժմ մոտ 120 հազար աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամներին օգտվել ծառայություններից, սակայն Բաբլոյանը նշեց, որ սա դեռ առաջին քայլն է:

Վերջում Արա Բաբլոյանը անդրադարձավ լուրերին, թե մարզպետները ճնշումներ են գործադրում տնօրենների վրա` ստիպելով ապահովագրվել այս կամ այն ընկերությունում:

Նշենք, որ Հայաստանում ապահովագրություն իրականացնում են 7 ընկերություններ, որոնցից մեկը հիմնել է հենց Բաբլոյանը. - «Մենք պետք է բարձրաձայնենք խնդիրները, մարդկանց բացատրենք, որ իրավունք ունեն ընտրել, ես ինչու չեմ շատ խոսում խնդրից, որովհետեւ միանգամից կասեն, թե ես իմ ընկերությունն եմ գովազդում»:


please wait

No media source currently available

0:00 0:04:14 0:00
XS
SM
MD
LG