Մատչելիության հղումներ

logo-print

Հակոբյան. Բանակցությունները «դրական հարթության վրա են»


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյան

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում միասնական ցուցակով հանդես գալու շուրջ «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջեւ բանակցությունները «դրական հարթության վրա են»:

«Իսկապես կա ցանկություն, այդ ուղղությամբ աշխատում ենք, եւ դրական հարթության վրա են այդ բանակցությունները ընթանում: Քիչ ժամանակ է մնացել, որ վերջնական արդյունքը մենք հայտարարենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը` միաժամանակ հավելելով, որ վերջնական որոշման մասին հայտնի կդառնա մարտի 18-ին` կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում:

Հարցին, թե եթե «Ժառանգություն» կուսակցությունն ու «Ազատ դեմոկրատները» միասնական ցուցակով մասնակցեն ընտրություններին, ո՞վ կգլխավորի ցուցակը, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. - «Շատ տրամաբանական եմ դիտում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գլխավորի այդ ցուցակը` առավել եւս, որ «Ազատ դեմոկրատները» տարբեր առիթներով նշել են այդ մասին»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն, ի դեպ, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը անձամբ ցանկանում է հնարավոր միասնական ցուցակի առաջին հորիզոնականում տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն ո՛չ «Ժառանգությունը», ո՛չ «Ազատ դեմոկրատները» չեն հրապարակում, թե եթե կայացվի վերջնական ցուցակով գնալու որոշումը, ի՞նչ համամասնությամբ են երկու ուժերն ընդգրկված լինելու ցուցակում:

Հայոց համազգային շարժում կուսակցության նախկին փոխնախագահը չասաց, թե այդ դեպքում ինքը ցուցակի ո՞ր հորիզոնականում կընդգրկի եւ արդյո՞ք կհաջորդի Րաֆֆի Հովհաննիսյանին:

Չբացառելով, որ «Ժառանգություն» կուսակցության հետ միասնական ընտրությունների մասնակցելու բանակցությունները կարող են եւ ձախողվել, Քոքոբելյանը հայտարարեց, որ ինքը ամեն ինչ անում է, որպեսզի համագործակցությունը կայանա, քանի որ «եթե հաջողության չհասնենք, դա մեծ կորուստ կլինի մեր ընտրողների համար»` ասաց նա:

Ի դեպ, դեռեւս գաղտնի է, թե համագործակցության ի՞նչ ձեւաչափի շուրջ են երկու ուժերը բանակցում` միասնական դաշինք կազմելո՞ւ, թե՞ հնարավոր է «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչներն ընդգրկվեն «Ժառանգություն» կուսակցության ցուցակում: Ինչպես հայտնի է, դաշինքով ընտրություններին մասնակցելը որոշակի ռիսկեր է պարունակում, քանի որ խորհրդարան անցնելու համար դաշինքին անհրաժեշտ է հաղթահարել 7 տոկոսի շեմը, իսկ կուսակցության ցուցակով միասին մասնակցելու դեպքում` կողմ ձայների 5 տոկոսն է բավարար մանդատներ ստանալու համար: Ընտրական օրենսգրքի 125-րդ հոդվածն է դա սահմանում:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, մեզ փոխանցելով, որ հարցը քննարկման փուլում է, միաժամանակ համոզմունք հայտնեց, որ ցանկացած ձեւաչափով մասնակցության պարագայում էլ «Ժառանգությունը» յոթ տոկոսից ավելի կողմ ձայներ կունենա:

Փորձեցինք Ռուբեն Հակոբյանից նաեւ ճշտել` միասնական հանդես գալու դեպքում ցուցակում երկու ուժերի ներկայացուցիչները 50-50 տարբերակո՞վ են ընդգրկվելու:

«Երբեւէ ցուցակի համամասնությունը չի քննարկվել, ցուցակի հարցը չի քննարկվել: Ուղղակի դա ժուռնալիստական ինտրիգներ են», - այս կապակցությամբ մեկնաբանեց Ռուբեն Հակոբյանը:

Իսկ եթե համագործակցությունը չհաջողվի, «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատներն» առանձին ցուցակներով կմասնակցեն ընտրություններին, քանի որ ինչպես «Ազատ դեմոկրատների» ղեկավարը բնորոշեց` երկու ուժերը համագործակցությունը չեն համարում «կյանքի խնդիր»: Բայց մեծամասնական ընտրակարգի դեպքում Խաչատուր Քոքոբելյանը անհրաժեշտ էր համարում, որպեսզի յուրաքանչյուր ընտրատարածքում առաջադրվի ընդդիմադիր 1 թեկնածու եւ ընդդիմադիր բոլոր ուժերը միասնականորեն պաշտպանեն նրան, ոչ թե առաջադրվեն միմյանց դեմ:

Հիշեցնենք, նա նախկինում Հայ ազգային կոնգրեսի անդամ էր, Կոնգրեսի մաս կազմող ՀՀՇ կուսակցության վարչության փոխնախագահը. ամիսներ առաջ տարաձայնությունների պատճառով հեռացավ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կառույցից, ուստի փորձեցինք ճշտել, արդյո՞ք «Ազատ դեմոկրատները» ՀԱԿ-ի մեծամասնական թեկնածուներին էլ կպաշտպանեն:

«Ես պատրաստ եմ պաշտպանելու Կոնգրեսի թեկնածուներին», - հայտարարեց Խաչատուր Քոքոբելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG