Մատչելիության հղումներ

Սկսվել է թեկնածուների առաջադրումը


Ազգային ժողովի նիստերի դահլիճը:
Ազգային ժողովի նիստերի դահլիճը:
Մինչեւ մարտի 22-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կընդունեն մայիսի 6-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում համամասնական ու մեծամասնական ընտրակարգով թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Պայքարն ընթանալու է Ազգային ժողովի 41 մեծամասնական եւ 90 համամասնական տեղերի համար:

ԿԸՀ-ն առայժմ կուսակցություններից կամ կուսակցությունների դաշինքներից գրանցման փաստաթղթեր չի ստացել: Փաստաթղթերի ընդունման հենց առաջին օրը Երեւանում` թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողով պատգամավորի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերն է ներկայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակիր Խաչատուր Սուքիասյանը: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանն իր փաստաթղթերը ներկայացրել է թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (Շիրակի մարզ):

Իշխող կոալիցիան ձեւավորած երեք ուժերը` ՀՀԿ-ին, «Բարգավաճ Հայաստան»-ը եւ «Օրինաց երկիր»-ը, վաղուց են հայտարարել, որ առանձին-առանձին են մասնակցելու ընտրություններին: Չնայած առաջադրումներն արդեն սկսվել են, այդ կուսակցությունների ներկայացուցիչներն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասացին, որ վերջնական ցուցակները դեռ պատրաստ չեն: Հստակ է, սակայն, որ դրանց համամասնական ցուցակները կգլխավորեն կուսակցությունների ղեկավարները:

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ կուսակցության համամասնական ցուցակը կհստակեցվի շաբաթվա վերջին` ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստում: Նույն նիստում կորոշվի նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումների հարցը:

«Բարգավաճ Հայաստան»-ը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը, համամասնական ցուցակը կհաստատի առաջիկայում կայանալիք քաղխորհրդի նիստում: Նա նաեւ փոխանցեց, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր թեկնածությունը կառաջադրի նաեւ մեծամասնական ընտրակարգով թիվ 28 ընտրատարածքում:

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ համամասնական ցուցակը «ավարտին է հասցվում»: Նա փոխանցեց, որ «Օրինաց երկիր»-ը մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ կառաջադրվի առնվազն 10 ընտրատարածքներում:

ԱԺ ընտրություններին դաշինքով թե առանձին ցուցակներով մասնակցելու հարցում դեռեւս չեն կողմնորոշվել «Ժառանգություն»-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ը: Այդ հարցը նույնպես պարզ կդառնալ ընթացիկ շաբաթվա վերջին: «Ժառանգություն»-ը խորհրդի նիստ է հրավիրել մարտի 18-ին:

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքում դեռ աշխատում են համամասնական ցուցակի վրա: Այն, ինչպես հայտնի է, վերջնական տեսքի է բերում Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Կոնգրեսը մտադիր է մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրել բոլոր 41 ընտրատարածքներում:

Բավական հետաքրքիր պայքար է սպասվում մեծամասնական ընտրատարածքներում: ՀՀԿ-ն, ինչպես հայտնի է, հայտարարել է, որ իրենց համամասնական ցուցակում հայտնի գործարարներ չեն լինելու, սակայն իշխող կուսակցության անդամ կամ կուսակցությանը սատարող մի շարք գործարարներ չեն թաքցնում, որ նպատակ ունեն պատգամավորության թեկնածու դառնալ:

Ամենահաստատակամը այս հարցում անկուսակցական Սամվել Ալեքսանյանն է: Նա առաջադրվելու է Երեւանում` թիվ 7 ընտրատարածքում:

Թեեւ ՀՀԿ-ն որոշել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը առաջադրի իր թեկնածությունը, Հայրապետյանը հույս ունի, որ որոշումը կվերանայվի:

Առաջիկա խորհրդարանում, ինչպես շաբաթ օրը ասել է Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը, ինքը չի առաջադրվելու, իսկ նախագահի մյուս եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը չի առաջադրվելու` առողջական խնդիրների պատճառով:

Հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու ցանկություն ունեն նաեւ շատ լրագրողներ: «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է թիվ 4 ընտրատարածքում (մայրաքաղաքի Արաբկիր համայնքում): Նրա մրցակիցը այդտեղ, ամենայն հավանականությամբ, կլինի SAS խանութների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որեւէ կուսակցություն սատարելու է իր թեկնածությունը, Սեյրանյանը արձագանքեց. - «Ես առաջադրվելու եմ որպես անկուսակցական, սակայն գաղափարական առումով ինձ մոտ են «Ազատ դեմոկրատները»: Այդ կուսակցությունը կաջակցի ինձ»:

please wait

No media source currently available

0:00 0:05:18 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG