Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Հանրապետականի 13-րդ համագումարում մեկ ժամ տեւած ելույթում բազմաթիվ անգամ օգտագործեց «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը:

Սա հենց այն նախընտրական կարգախոսն է, որով իշխող Հանրապետականը առաջիկայում կմասնակցի մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ընտրությունների մասին Սերժ Սարգսյանը շատ չխոսեց, ընդամենը նշեց, որ «պետք է լավ ընտրություններ անցկացնեն»:

«Մենք պետք է լավ ընտրություններ անցկացնենք` անկախ այն հանգամանքից, որ ոմանք այսօր ոչ թե ընտրությունների են պատրաստվում, այլ դրանք կեղծված ներկայացնելու տեխնիկական կարողություններ են զարգացնում: Գալիք խորհրդարանական ընտրություններում մենք մեր ժողովրդի դատին ենք ներկայանալու որպես անհատ համախոհների թիմ, որը նպատակադրվել է շահել ժողովրդի վստահության քվեն եւ ձեւավորել կառավարություն», - ասաց նա:

Սերժ Սարգսյանը անդրադարձավ նաեւ Հանրապետականի հասցեին հնչեցվող քննադատություններին` նշելով, թե «Հանրապետականին պախարակելը ոմանք դարձրել են իբրեւ թե բարձրաշխարհիկ զրույցների հիմնական թեմա»: Սարգսյանի փոխանցմամբ` անցած հինգ տարիների ընթացքում իրենց մեղադրել են գրեթե ամեն ինչում:

«Նախ Ղարաբաղն էինք «ծախում»: Կարծես հասցվել է մոռացվել այդ թեզը: Հետո ցեղասպանությունն էինք ուրանում. այս թեման էլ մեռավ` հո հնարավոր չէ անսպառ պնդել նույն անհեթեթությունը: Իսկ տնտեսության բնագավառում այս ողջ ժամանակահատվածում մենք վկան էինք վայքննադատության իսկական խրախճանքի», - ասաց նախագահը:

Անդրադարձ տնտեսական խնդիրներին

Հակադարձելով տնտեսության ոլորտին առնչվող քննադատություններին, Սերժ Սարգսյանը ներկայացրեց անցած հինգ տարիների ընթացքում Հանրապետականի ձեռքբերումները: Նա նշեց, թե վերջին հինգ տարիների ընթացքում զգալիորեն ավելացել է պետական բյուջեն, հաջողվել է վերականգնել ճգնաժամի հետեւանքով կորցրած աշխատատեղերի քանակը, զբաղվածների թիվը այս ժամանակահատվածում ավելացել է շուրջ 18 հազարով, վերջին հինգ տարիների ընթացքում աճել է միջին ամսական աշխատավարձը` 63 հազարից հասնելով 115 հազար դրամի, 2.5 անգամ ավելացել է կենսաթոշակի միջին եւ բազային մակարդակը:

«2007 թվականին Հանրապետական կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում` ստանալով օրենքի ուժով պետական բյուջե, որը կենսաթոշակային հիմնադրամի միջոցների հետ միասին կազմում էր 658 միլիարդ դրամ: Այսօր կուսակցությունն ավարտում է կառավարման իր այս ժամանակահատվածը` թողնելով ընդունված պետական բյուջե 1 տրիլիոն 44 միլիարդ մեծությամբ: Քանի՞ այդպիսի «ձախողված կառավարում» եք տեսել», - հարցրեց Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը, սակայն, նշեց, որ տնտեսական աճից բացի գուցե ավելի շատ տնտեսական զարգացում է հարկավոր: Նրա համոզմամբ` տնտեսական աճը Հայասանի խնդիրները չի լուծի, եթե այն չի հիմնվում տնտեսության նոր ոլորտների, նոր ձեռնարկությունների վրա:

«Այս գործընթացում պետք է ազատորեն ընդգրկվեն բոլոր կարող մարդիկ, եւ դրա համար որեւէ հովանավորչության կարիք չպետք է լինի: Պետությունն իր վարած քաղաքականությամբ պետք է դառնա բոլորի հովանավորը` հավասարապես: Մենք պետք է հաղթահարենք այն քաղցկեղը, որով հիվանդ է մեր հասարակությունը եւ որը կոչվում է կաշառակերություն: Այս ճանապարհին կիրառվելու են եւ՛ վիրահատական, եւ՛ մյուս բոլոր օրինական մեթոդները», - ասաց նա:

Ղարաբաղյան խնդիր եւ հայ-թուրքական հարաբերություններ

Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ ղարաբաղյան խնդրին` նշելով, որ «Արցախը եղել է, կա եւ լինելու է հայկական»:

«Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հիմքում լինելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, եւ մենք շարունակելու ենք աշխատանքները ընթացող բանակցություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը որպես լիիրավ կողմ ներգրավելու համար», - ասաց նախագահը:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին` Սերժ Սարգսյանը նշեց, որ թեեւ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է մնում, բայց հարաբերությունները կարգավորելու հայկական կողմի նախաձեռնությունը ի ցույց դրեց երեք կարեւոր հանգամանք. - «Առաջինը` ինչպես հստակ ցույց տվեցին վերջին իրադարձությունները, ամրապնդեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, երկրորդը` թույլ տվեց ամբողջ աշխարհին համոզվելու, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատելու միակ խոչընդոտը Անկարայում եւ մեկ այլ` իրեն մեջ գցող մայրաքաղաքում է, բայց ոչ Երեւանում, եւ, երրորդը` պարտադրեց Թուրքիային ստորագրել միջազգային փաստաթուղթ, որը բացառում է հարաբերություններ հաստատելու որեւէ նախապայման: Չեմ մանրամասնում, թե ինչ նախապայման` բոլորս էլ շատ լավ տեղյակ ենք»:

«Երկիրը երկիր է»

Իր ծավալուն ելույթում Սերժ Սարգսյանը անդրադարձավ նաեւ երկրում գոյություն ունեցող դժգոհություններին: Նա հակադարձեց հաճախ հնչող այն պնդումներին, թե Հայաստանում երբեք էլ օրենք չի եղել եւ ոչինչ փոխվելու:

«էս երկրում օրենք ոչ եղել է, ոչ կլինի», «ոնց եկել է, էդպես էլ գնալու է. բան չի փոխվելու» եւ ընդհանրապես «էս երկիրը երկիր չի»: Ես ասում եմ` էս երկիրը երկիր է: Ո՞վ է մեզ իրավունք տվել փնովել մեր երկիրը, մեր պապերն ու տատե՞րը, թե՞ սահմանամերձ գյուղի երեխաները: Ո՞վ իրավունք ունի նայել այդ երեխաների աչքերի մեջ եւ ասել, թե «էս երկիրը երկիր չի»: Ես ասում եմ. էս երկիրը երկիր է, որն ունի հզոր հենարան` ի դեմս իր ժառանգության եւ ունի պայծառ հայացք` ուղղված ապագային: Էս երկիրը աշխարհի ամենագեղեցիկ երկիրն է ու ավելի լավն է լինելու», - ասաց Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը խոսեց նաեւ «հավատալով երկրում փոփոխություններ կատարելու» անհրաժեշտության մասին` նշելով, որ բնականոն ընտրությունները արմատական փոփոխությունների անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են:

«Հավատանք, որ փոխենք մեզ ու մեր երկիրը: Փոխենք մեր հոգեբանությունն ու վերաբերմունքը Հայաստան պետության հանդեպ: Փոխենք մարդկանց, ովքեր իրենց տեղում չեն: Եթե չես հավատում քո պատգամավորին, ուրեմն դու պատգամավոր չունես, չես հավատում դատարանին, ուրեմն` դատարան չունես, չես հավատում քո երկրին, ուրեմն` երկիր չունես: Այս ինքնամերժումով մենք հասցրել ենք մեծ ավերածություններ գործել մեր իսկ տան մեջ: Պարույր Սեւակն ասում էր. «Մենք իրավունք չունենք ուշանալ պատմության գնացքից կամ օդանավից»: Այսօր ինձ համար ակնհայտ է. եթե չփոխվենք` կուշանանք, կուշանանք որպես ժողովուրդ եւ որպես պետություն», - ամփոփեց Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG