Մատչելիության հղումներ

ԼՂ-ում կսուբսիդավորեն սերմերի հատկացումը


Լեռնային Ղարաբաղում սկսվել է գարնանացանը: Կառավարությանը ակնկալիքները մեծ են. նախատեսվում է գարնանացան կատարել մոտ 9 հազար հեկտարի վրա, ինչը համարվում է աննախադեպ ցուցանիշ Ղարաբաղի համար:

ԼՂ գյուղնախարարության բուսաբուծության բաժնի պետ Կարեն Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ նախատեսվում է ցանել ինը տեսակի մշակաբույս, որոնց մի մասը նորություն է ղարաբաղցի հողագործների համար:

«Ներկրել ենք գարի, հաճար, եգիպտացորեն, հնդկացորեն, կարտոֆիլ, արեւածաղիկ, առվույտ եւ կորնկան: Ունենք նաեւ սոյայի սերմ», - ասաց Աղաջանյանը:

Վերջին տարիներին գյուղատնտեսությունը Լեռնային Ղարաբաղում համարվում է գերակա ճյուղ, սակայն այս տարիների ընթացքում կառավարությունն այդպես էլ գոհ չի մնացել այդ ոլորտի ցուցանիշներից: Չնայած բերքատվության ցուցանիշներով 2011-ը էականորեն տարբերվեց նախորդ տարիներից, սակայն այն տարածքներում, որտեղ ակնկալվում էր բարձր ցուցանիշներով բերքատվություն, սպասելիքները չարդարացան: ԼՂ կառավարությունը այս տարի ավելացրել է գյուղատնտեսության ոլորտին հատկացվող ֆինանսավորում` այն հասցնելով ավելի քան 1.5 միլիարդ դրամի:

Կառավարությունը խոստանում է սերմերը հողօտագործողներին հատկացնել սուբսիդավորված: Եթե անցյալ տարի հողօգտագործողները գնում էին սերմը, այս տարի կառավարությունը խոստանում է մասամբ ֆինանսավորել հողագործներին:

«Այս տարի ներկրվող բոլոր սերմերն էլ սուբսիդավորվելու են պետության կողմից` հողի սեփականատերերին 50 տոկոսի, իսկ վարձակալներին` 40 տոկոսի չափով», - փոխանցեց Աղաջանյանը:

Անցյալ տարի կառավարությունը շեշտը դրել էր եգիպտացորենի ցանքատարածությունների ընդլայնման վրա, սակայն եղանակային պայմանները հիասթափեցրին թե հողօգտագործողներին, եւ թե կառավարությանը: Եգիպտացորենից սպասվող բերքի արդյունքները գոհացուցիչ չէին:

«Եգիպտացորենի ցանքատարածությունները նախորդ տարվա համեմատ նվազելու են, քանի որ նախորդ տարվա եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոշ հողատերեր չկարողացան բերք հավաքել: Այսինքն եգիտպացորեն կցանեն միայն այն տարածքներում, որտեղ ջուր լինելու է», - ասաց Աղաջանյանը:

Հողօտագործողների ոգեւորությունը, սակայն, համահունչ չէ կառավարության ակնկալիքների հետ: Չնայած կառավարության ակնկալիքներին, այս պահի դրությամբ գարնանանցանի համար պատրաստ է ընդամենը 4 հազար հա հողատարածք:

please wait

No media source currently available

0:00 0:02:31 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG