Մատչելիության հղումներ

Հաշմանդամների խնդիրները դանդաղ են լուծվում


Կանանց տոնի կապակցությամբ «Հույսի կամուրջ» ՀԿ-ն կազմակերպեց հերթական միջոցառումը` «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» խորագրով:

Կազմակերպության հանրային կրթության պատասխանատու Հասմիկ Խաչերյանը «Մաքսլիբերթ»-ի հետ զրույցում նշում է, որ այս անգամ տարբեր ոլորտների ներկայացուցիչներն ու հաշմանդամ մարդիկ միասին խաղում են բոուլինգ` նպատակ ունենալով հաշմանդամներին ներգրավել հասարակական ու սպորտային կյանքի մեջ, ինչպես նաեւ եւս մեկ անգամ բարձրաձայնել հաշմանդամների խնդիրները:

«Նրանց խնդիրները շատ են, օրինակ, հիմա անվասայլակով մասնակիցները կգան ու ներս մտնելու խնդիրներ կունենան», - ասում է Խաչերյանը:

Կազմակերպության նախագահ Սուսաննա Թադեւոսյանի խոսքով` այսօր Հայաստանում գրանցված է 179 հազարից ավելի հաշմանդամություն ունեցող քաղաքացի, որից մոտ 8000-ը երեխաներ են: Թադեւոսյանը ասում է, որ այս մարդիկ մոտ 80 տոկոսով զրկված են բնականոն կյանք վարելու հնարավորությունից եւ պատճառը ոչ թե նրանց հաշմանդամությունն է, այլ Հայաստանի վատ պայմանները:

«Գերխնդիր է մնում քաղաքաշինական ու տրանսպորտային այդ արգելքները: Եթե աշխատաշուկայում ասում ենք, որ չնչին մասնակցություն ունեն հաշմանդամություն ունեցող մարդիկ, բայց մյուս կողմից, եթե նույնիսկ տեղ լինի, այդ մարդն ինչքանո՞վ կարող է արգելքներով լի երկրում դուրս գալ տանից, նստել տրանսպորտ, հասնել աշխատավայր, ինչպես դա անում են մյուս քաղաքացիները: Այսօր շատ կարեւոր է վերացնել այդ ամոթալի պատնեշները», - ասում է Թադեւոսյանը:

Այսօր Հայաստանում աշխատանքով ապահովված է աշխատունակ տարիքի հաշմանդամների մոտ 9 տոկոսը: Թադեւոսյանը նշում է, որ եթե հաշվի առնենք, որ նրանց թվում այն անձինք են, որոնց հաշմանդամությունն իրականում տեսանելի չէ (դրանք ներքին օրգանների տարբեր խնդիրներ ունեցող անձինք են), ապա մյուս հաշմանդամների դեպքում այդ թիվը մեկ տոկոսն էլ չի գերազանցում: Գործատուների թիվը, որոնք պայմաններ ունեն, օրինակ, անվասայլակով տեղաշարժվող մարդկանց աշխատանքի ընդունելու, ըստ Թադեւոսյանի, չի գերազանցում երկուսը:

Տեղաշարժման խնդիր ունեցող Աշոտ Մկրտչյանը նշում է, որ իր էությամբ ակտիվ մարդ է, սիրում է դուրս գալ, շփվել, տարբեր վայրեր հաճախել, բայց ցավով նշում է, որ հասարակական շատ վայրեր իր համար անմատչելի են:

«Անցումների ոչ միայն թեքահարթակները, այլեւ աստիճանները հարմարեցված չեն ուղղակի քայլելու համար: Ինձ թվում է` այդտեղ պետք է լուրջ ճարտարապետական մոտեցում ցուցաբերվի: Մեծամասամբ դա սարքվում է ցույց տալու համար, բայց ոչ մի ստանդարտների չի համընկնում: Գոնե սարքելուց այնպես կսարքեն, որ օգտագործվեն դրանք»,- նշում է Մկրտչյանը:

Հաշմանդամները չեն անտեսում ոլորտում իրականացվող աշխատանքները, բայց փաստում են, որ այդ աշխատանքները դեռ բավարար չեն:

Այսօր Հայաստանում գործում է հաշմանդամություն ունեցող մարդկանց շահերի պաշտպանության դաշինք, որտեղ ընդգրկված է 23 կազմակերպություն: Սուսաննա Թադեւոսյանի խոսքով` այս կազմակերպությունները միահամուռ կերպով աշխատանքներ են իրականացնում ոլորտի խնդիրներին լուծումներ գտնելու համար:

XS
SM
MD
LG