Մատչելիության հղումներ

Մարտի 10-ի մամուլ


1in.am կայքը գրում է. - «Այսօր համագումար է անցկացնում իշխող Հանրապետական կուսակցությունը: Համագումարի ընթացքում չեն տրվելու հանրությանը հուզող ամենահետաքրքրական հարցի՝ համամասնական ցուցակի հետ կապված պարզաբանումներ եւ պատասխաններ, քանի որ օրակարգում ցուցակի հարց չկա: Փոխարենը օրակարգում է ՀՀԿ նախագահի, ինչպես նաեւ նոր գործկոմի ընտրության հարցը: Որ նախագահ է վերընտրվելու Սերժ Սարգսյանը՝ նույնքան ակնառու է, որքան, ասենք, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարների ընտրությունը: Որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ելույթ է ունենալու փոփոխությունների եւ բարեփոխումների մասին՝ դա նույնպես ակնառու է, եւ այնքան, որքան ակնառու է այն, որ նրա նախկին ելույթների բովանդակությանը համարժեք կյանքում որեւէ փոփոխություն այդպես էլ չի կատարվել ու կատարվում: Փոխարենը՝ փոփոխություններ կատարվելու են ՀՀԿ-ում, եւ այդ փոփոխությունները բավական հետաքրքրական տենդենցներ են հուշում»:

Ազգային ժողովի փոխխոսնակ, Հանրապետական կուսացկության մամուլի քարտուղար Էդուրադր Շարմազանովը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ի համագումարին, տեղեկացրել է, որ համագումարին կմասնակցեն ներկայացուցիչներ Եվրոպական ժողովրդական կուսակցությունից, «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից, ինչպես նաեւ ներկա կլինեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ: Ինչ վերաբերում է հայաստանյան քաղաքական ուժերին, ԱԺ փոխխոսնակը նշել է, որ համագումարին կմասնակցեն կոալիցիոն ուժերը, իսկ ընդդիմադիր կուսակցություններից հրավիրվել են միայն Դաշնակցության ներկայացուցիչները: Այն հարցին, թե ինչու չեն հրավիրվել այլ ընդդիմադիր ուժերի, օրինակ, «Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, արդյո՞ք որեւէ խնդիր կա, Շարմազանովը արձագանքել է. - «Մենք երբեք նրանց չենք հրավիրել, խնդիր կլիներ այն դեպքում, եթե նախկինում հրավիրած լինեինք, իսկ այսօր` ոչ»:

Lragir.am-ի մեկնաբանը գրում է. - «Հայաստանում վերջին տասնամյակներում իշխանության ձեւավորման մեխանիզմը եղել է այնպիսին, որ բիզնես քվոտաներ ստանալու համար այսպես ասած գործարար խավը ստիպված է եղել էական ծառայություն մատուցել բարձրագույն իշխանությանը՝ ստվերային հարկերից մինչեւ ծանրագույն հանցագործություններ: Կամ նման ծառայություններ մատուցելով` ստանալ բիզնես քվոտաներ: Այլ ճանապարհ «ջրի երեսին» մնալու համար չկար: Շատերը ներկայում փորձում են այս խավին ներկայացնել զոհի կերպարով, նշելով, որ նրանք մեղավոր չեն, որ հայտնվել են այդպիսի ընտրության առաջ: Սակայն, չէ որ նրանք կատարել են այդ ընտրությունը, այսինքն՝ ընդունել են համակարգի տրամաբանությունն ու օրենքը, որը հիմնվել է «քվոտա-զոնա-ռեկետ» սկզբունքի վրա եւ նպատակ է ունեցել հասարակությանը զրկել իր օրինական իրավունքներից: Նույն համակարգի տրամաբանությամբ, սովորաբար, ում ձեռքով որ կատարվում է հանցագործությունը, նրանց հետագայում վերացնում են՝ հետքերը մաքրելու ու ավելորդ բեռից ազատվելու համար: Ներկայում կարծես թե այդ գործընթացն է, երբ իշխանությունը փորձում է փրկել ինքզինքը, ներկայանալով «նորովի», եւ հայկական օլիգարխիան՝ համակարգի խորհրդանիշն ու արդյունքը, կանգնած է «բոմժացման» իրական հեռանկարի առաջ, ինչպես զգուշացնում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սա առավել լավ հասկանում են հենց այդ խավի ներկայացուցիչները, իրավիճակից «չոր» դուրս գալու հուսահատ փորձեր կատարելով, որոնք մարդկայնորեն նույնիսկ խղճահարություն են առաջացնում: Նրանք հասկանում են, որ այսօր ոչ ոք երաշխիք չի կարող տալ, նույնիսկ ցանկության ու պատգամավորական մանդատ ունենալու դեպքում, քանի որ փոխվում են խաղի կանոնները եւ սեփականության ու բիզնեսի վերաբաժանման տրամաբանությունը, որի մեջ չկա նոր ծառայություններ մատուցելու պահանջարկը: Իսկ այլ մեխանիզմներ հայկական օլիգարխիային պարզապես հայտնի չեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG