Մատչելիության հղումներ

ԵԺԿ-ի նախագահը համոզված է, որ ՀՀԿ-ն կհաղթի խորհրդարանական ընտրություններում


Այսօր Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ուիլֆրիդ Մարտենսը Հայաստանի հանրապետական կուսակցության 13-րդ համագումարի մասնակիցներին տեսաուղերձ է հղել, որում ասել է, որ ԵԺԿ-ին անդամակցելը Հարապետականին «նոր հնարավորություններ է ընձեռում, նոր հորիզոններ, եվրոպական հորիզոններ»:

«Մենք հպարտանում ենք Ձեր (Սերժ Սարգսյանի) նախագահության օրոք Հայաստանի առաջընթացով։ Ես կուզենայի այդ համատեղ հաջողությունների հետ կապել նաեւ Ձեր վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։ Ձեր կողմից ձեռնարկված տնտեսական եւ քաղաքական բարեփոխումները նպաստում են խաղաղ ժողովրդավարության եւ եվրոպական ինտեգրման ուղին ընտրած Հայաստանի կայացմանը։ Սակայն ԵԺԿ անդամ լինելը ենթադրում է նաեւ պարտավորություններ եւ առաջին հերթին օրինակելիության պարտավորություն», - ընդգծել է Մարտենսը:

ԵԺԿ-ի նախագահը իր տեսաելույթում նաեւ շեշտել է, որ Հայաստանը իր պատմության շրջադարձի վրա է եւ որ պատմական ժամանակաշրջանի փոփոխություն է կրում. «Ավելի ստույգ Հայաստանը գտնվում է երկու պատմական ժամանակաշրջանների միջեւ, ուր մեկը դժվարանում է ընդունել իր վախճանը, իսկ մյուսը դժվարությամբ է լույս աշխարհ գալիս։ Հայաստանն ազատագրվում է արժեքների մի համակարգից, ընդունելու համար մի այլ` Եվրամիության արժեքների համակարգը, այն համընդհանուր արժեքների, որոնք հետայսու մեր ընդհանուր հարստությունն են եւ որոնց վրա հենվում է ԵԺԿ մեր քաղաքական ընտանիքը`ժողովրդավարություն, իրավունք, արդարադատություն, ազատություն եւ համերաշխություն», - ասել է նա:

Դիմելով Հանրապետականի անդամներին` Մարտենսը համոզմունք է հայտնել, որ նրանք կհաղթեն խորհրդարանական ընտրություններում:

«Ես դրանում միանգամայն համոզված եմ։ Եվ Դուք դա կանեք ոչ ամենեւին ձեզ համար եւ ոչ էլ ձեր կուսակցության: Դուք դա կանեք ձեր երկրի համար, քանի որ Հայաստանին անհրաժեշտ է, որ Հանրապետական կուսակցության բարեփոխումների քաղաքականությունը շարունակական լինի: Հայաստանը պետք է տեսնի, որ իր եվրոպական հորիզոնն ավելի ու ավելի է ընդլայնվում։ Եվ ՀՀԿ-ն է այդ դինամիկայի շարժիչ ուժը, որն այդքան հույսեր է ներշնչում եւ նոր հեռանկարներ ընձեռնում ձեր հրաշալի երկրի ու նրա երիտասարդության համար։ Փորձությունների եւ տանջանքների միջով անցած այդքան տարիներից հետո Հայաստանն իրավունք ունի վայելելու երկարատեւ խաղաղություն։ Հայաստանն իրավունք ունի այլեւս չապրել շրջափակման մեջ», - ասել է Ուիլֆրիդ Մարտենսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG