Մատչելիության հղումներ

Սկսած 1999 թվականից խորհրդարանական ընտրություններին նախորդած շրջանում Հայաստանում գնանկում է արձանագրվել:

Ազգային վիճակագրական ծառայության` այս ամսվա սկզբին հրապարակած տվյալների համաձայն անցած փետրվարին նախորդ ամսվա համեմատ Հայաստանում սպառողական գները նվազել են մոտ 1 տոկոսով:

Արդյո՞ք մոտեցող խորհրդարանական ընտրությունների հանգամանքը կարող է ազդեցություն ունենալ սպառողական գների մակարդակի վրա` նախընտրական շրջանում դառնալով գնանկման գործոն: Օրերս այս հարցն ուղղեցինք Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության` Գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանին: Մեր հարցմանն ի պատասխան, Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ Ազգային վիճակագրական ծառայությունը վերլուծություններ եւ կանխատեսումներ չի անում, այլ ընդամենը արձանագրում է փաստերը: «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով Գուրգեն Մարտիրոսյանն, այդուհանդերձ, ներկայացրեց անցած 15 տարիներին վերաբերող մի վիճակագրություն, որի ուսումնասիրությունը բավականաչափ հետաքրքիր մի օրինաչափություն բացահայտեց:

Պարզվում է` սկսած 1999 թվականից, բոլոր այն տարիներին, երբ տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, իսկ դրանք բոլոր 3 դեպքերում էլ տեղի են ունեցել մայիս ամսին, ընտրություններին նախորդած շրջանում, իսկ ավելի կոնկրետ` մարտ ամսին, արձանագրվել է գնանկում:

Նույն ժամանակահատվածի մնացյալ, այսպես ասած` մայիսյան ընտրություններից զերծ տարիներին, մարտ ամսին նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է գնաճ: Այսպես` 2004 թվականին գնաճը կազմել է 0,3 տոկոս, 2006-ին` 0,1, 2008-ին` 1,4, 2009-ին` 1,4, 2010-ին` 0,8 եւ 2011-ին` 0,8 տոկոս:

Մինչդեռ, 2007, 2003 եւ 1999 թվականների մայիսյան խորհրդարանական ընտրություններին նախորդած ժամանակաշրջանում, Գուրգեն Մարտիրոսյանի ունեցած տվյալներով, արձանագրվել է համապատասխանաբար 0.7, 0.5 եւ 0.6 տոկոս գնանկում:

Ի՞նչ է սա, պատահականությո՞ւն, թե՞ օրինաչափություն: Արդյո՞ք վերը ներկայացված վիճակագրական պատկերում խորհրդարանական ընտրությունների հանգամանքն, այնուամենայնիվ, որոշակի դերակատարություն է ունեցել` այս հարցն ուղղեցինք տնտեսագետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանին, ով, ի պատասխան, միանգամայն հնարավոր համարեց Հայաստանում նախընտրական շրջաններում սպառողական գների ոչ շուկայական ձեւավորումը, ինչը կարող է տեղի ունենալ արհեստական միջամտությունների տեսքով:

«Քանի որ Հայաստանի տնտեսության դեպքում իշխանության ազդեցությունը մեծ է գների ձեւավորման մեջ, որովհետեւ, ի վերջո, մեր տնտեսության կառուցվածքը նշված տարիներին չի փոխվել` մենաշնորհված է, գների կարգավորումը ոչ թե շուկան է որոշում, այլ այն մարդիկ, ովքեր որ թույլ են տալիս մենաշնորհների գոյությունը, այսինքն` իշխանությունը», - նշեց տնտեսագետը: - «Ինչքան էլ ուզում են ասել շուկայական տնտեսություն, մեր մոտ շուկայական տնտեսության էլեմենտները գործում են այնքանով, ինչքանով իշխանությունը ցանկանում է: Եվ այս առումով հասկանալի է, որ նախընտրական տարում մարդկանց վրա ազդեցությունը գների հետ կապված շատ ավելի անմիջական է»:

Փաստորեն, ըստ Վահագն Խաչատրյանի, արհեստական գնանկումը եւս, ընտրությունների ժամանակ ավանդաբար բաժանվող 5 կամ 10 հազարական դրամի հետ միասին, միանգամայն կարող է դիտարկվել իբրեւ սպառողին տրվող ընտրակաշառք: Իսկ դա արդեն ընտրություններին հաջորդած շրջանում կարող է հանգեցնել շեշտակի գնաճի:

«Միշտ այդ գումարները հետագայում գների թանկացման ձեւով մեր գրպանից հանել են` մտցրել են իրենց գրպանը», - մեկնաբանեց Խաչատրյանը:

Առհասարակ` ինչպե՞ս են Հայաստանում համապետական ընտրություններն ազդում տնտեսության վրա: Ի պատասխան մեր այս հարցին, Վահագն Խաչատրյանը նշում է` նախընտրական շրջանները սովորաբար բնորոշվում են սպասումներով, հավանական ներդրողները սպասում են ընտրությունների արդյունքերին: Այդ շրջաններն, անշուշտ, տնտեսության համար բարենպաստ չեն: Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ազդեցությունը տնտեսության վրա կարող է լինել դրական կամ բացասական: Դրական` այն դեպքում, եթե այդ արդյունքների իսկությունը կասկած չի հարուցում. - «Միանգամից բիզնեսն էլ է զգում, հասարակությունն էլ է զգում, որ ինչ-որ բան փոխվում է եւ կարող է մարդիկ սկսեն ներդրումներ կատարել»:

Հակառակ դեպքում` ըստ Վահագն Խաչատրյանի, տնտեսությունն անխուսափելիորեն տուժում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG