Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Իրանի դեմ կարող է «գերհզոր զենք» կիրառել


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեւոն Պանետա

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեւոն Պանետա

Այնուամենայնիվ, Բարաք Օբաման դեռ նախապատվություն է տալիս Իրանի միջուկային հարցի շուրջ առկա վեճի դիվանագիտական կարգավորմանը։

Վեց գերտությունները` Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանն ու Չինաստանն Իրանին երեկ հորդորել են կատարել ստանձնած պարտավորությունները եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների համար ապահովել անարգել մուտք Պարչինի միջուկային կենտրոն։

Ըստ մասնագետների, իրանցիներն այնտեղ համակարգիչներով փորձարկում են միջուկային մարտագխիկների պայմանական պայթեցումներ, ինչն անհրաժեշտ է իրական ռումբի տեխնիկական բնութագրերը հաշվարկելու համար։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն երեկ Վիեննայում ասել է, որ Իրանը դեռ պաշտոնապես չի արտոնել տեսուչների այցը Պարչին։

Մինչդեռ, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին գովեստով է մեկնաբանել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մեկնաբանությունն այն մասին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծագած վեճը նախընտրելի է կարգավորել ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական եղանակով։

Եվ այնուամենայնիվ պատերազմի հավանականությունը չի բացառվում։ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը երեկ ՍՆՆ-ին ասել է, թե Իսրայելն Իրանի ժողովրդի թշնամին չէ։

«Իրանն այսօր միակ երկիրն է, որը սպառնում է ոչնչացնել Իսրայելը։ Իրանը մեր թշնամին չէ։ Իրանի կառավարությունն է մեր թշնամին, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի ժողովրդի թշնամին»,- ասել է Պերեսը։

Ամերիկացի վետերան քաղաքական գործիչ, սենատոր Ջոն ՄքՔեյնն էլ ասել է, որ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, փորձագետների պնդմամբ, այդպես էլ չեն ստիպել այդ երկրին հրաժարվել միջուկային զենք ստեղծելու մտադրությունից։

Ռազմական տարբերակի մասին է խոսել նաեւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեւոն Պանետան, ով ասել է, որ եթե իր երկիրը վճռի հարված հասցնել, ապա այն շատ ավելի հզոր կլինի իսրայելցիների հավանական հարվածի համեմատությամբ։

Պենտագոնի ղեկավարի խոսքերով, ամերիկացիները հարկ եղած դեպքում կկիրառեն այսպես կոչված «գերհզոր ռումբեր»։

Դրանք 13.5 տոննանոց ռումբեր են, որոնք կարող են ոչնչացնել 65 մետր հաստությամբ բետոնապատ պաշտպանված բունկերներ։

«Եթե իսրայելցիները հարված հասցեն, ապա այն, իհարկե, ազդեցություն կունենա, բայց կարծում եմ, բոլորը գիտակցում են, որ ԱՄՆ-ի հարվածի հետեւանքը շատ ավելի ավերիչ կլինի»,- ասել է Լեոն Պանետան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG