Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը կվերընտրվի ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում


Հայաստանի եւ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյան
Հայաստանի եւ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյան
Վաղը` մարտի 10-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի կունենա իշխող Հանրապետական կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում կուսակցության ղեկավար, նախագահ Սերժ Սարգսյանը հանդես կգա հաշվետվությամբ եւ կներկայացնի անցած տարիների ընթացքում Հանրապետականի կատարած աշխատանքները, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փոխանցեց Հանրապետական կուսակցության քաղխորհրդի անդամ, պատգամավոր Հովհաննես Սահակյանը` նշելով, որ Սերժ Սարգսյանի ելույթում կլինեն նաեւ նախընտրական շեշտադրումներ:

Համագումարում Հանրապետականը չի ներկայացնի իր համամասնական ցուցակը, ինչպես նաեւ չի հրապարակի նախընտրական կարգախոսը: Հովհաննես Սահակյանի փոխանցմամբ` դա մարտավարական գաղտնիք է, եւ այդ ամենը կներկայացնեն ավելի ուշ: Փոխարենը վաղը կայանալիք համագումարում իշխող կուսակցությունը կընտրի նոր գործադիր մարմին եւ Հանրապետական կուսակցության նոր ղեկավար: Հովհաննես Սահակյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանը կվերընտրվի Հանրապետականի նախագահի պաշտոնում` հատկապես, որ նրա ղեկավարության տարիներին կուսակցությունը զգալի առաջընթաց է գրանցել:

«Եթե մենք նայում ենք նախագահ Սարգսյանի կատարած աշխատանքները եւ գործունեությունը թե որպես երկրի ղեկավար... եւ Հանրապետական կուսակցության համար` որպես զարգացման ժամանակահատված, ապա մենք տեսնում ենք, որ մեր քաղաքական ուժը կազմակերպչական եւ կուսակցական կառույցների մոբիլ գործունեության առումով բավականին լուրջ առաջընթաց է ապրել, եւ չեմ կարծում, որ որեւիցե մի խնդիր, դժգոհություն կա, որ մենք պետք է վերանայենք այդ հարցը, եւ վստահ եմ, որ երկրի եւ Հանրապետական կուսակցության նախագահը ընտրվելու է եւ կընտրվի որպես կուսակցության ղեկավար», - ասաց Սահակյանը:

Նշենք, որ իշխող Հանրապետականը վաղվա իր համագումարին ընդդիմադիր ուժերից հրավիրել է միայն Հայ հեղափոխական դաշնակցությանը: Համագումարին չեն հրավիրվել ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը, եւ ոչ էլ «Ժառանգություն»-ը: Թե ինչու է Հանրապետականը խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր մի ուժին հրավիրել, մյուսին` ոչ, դեռեւս պարզ չէ: Փոխարենը Հանրապետականի համագումարին ներկա կլինի Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահը:

Արձագանքելով Հանրապետականի նմանօրինակ որոշմանը` ընդդիմադիր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախ հիշեցրեց, որ «Ժառանգությունն» իր համագումարին հրավիրել էր եւ Հանրապետականի նախագահ Սերժ Սարգսյանին, եւ վարչապետին, եւ փոխնախագահներին, սակայն «Ժառանգության» հրավերը չէր ընդունվել:

«Ցավոք սրտի, Հանրապետականը չընդունեց այդ հրավերը` պատճառաբանելով, որ այն չի ստացել կամ տեղյակ չի եղել: Ճիշտն ասած` իրենց խնդիրն է, ամեն մեկի գործողությունը վկայում է իր քաղաքական մշակույթի մասին: Մենք, գործելով այդ կերպ, ի ցույց ենք դրել, թե որն է մեր քաղաքական կուլտուրայի մակարդակը: Իրենք, այդպիս որոշում ընդունելով, ի ցույց են դնում, թե որն է իրենց բնորոշ քաղաքական մշակույթը: Իրավունքը իրենցն է, բայց այն, որ իշխող կուսակցությունը իսկապես կարող է առաջնորդվել նման կատեգորիաներով, դա հաստատ քեզ չի ուրախացնում` որպես երկրի քաղաքացու` տեսնելով, թե ինչպիսին է քո իշխող քաղաքական ուժերից մեկի արժեքային համակարգը», - ասաց Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ հենց այս շաբաթ Գյումրիում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե 2008-ից հետո իշխանությունը ընդդիմության հետ կամուրջներ կառուցելու խնդիր ուներ, եւ այսօր արդեն այդ մարտահրավերը հաղթահարված է: Արձագանքելով այս հայտարարությանն ու Կոնգրեսին համագումարի չհրավիրելու փաստին` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ասաց, որ իրենց բացարձակապես չի հետաքրքրում, թե Հանրապետականը ում է հրավիրում իր համագումարին: Ինչ վերաբերում է կամուրջներին, ապա նրա խոսքով, կամուրջ կարող էր կառուցվել, եթե կայանար անցյալ տարվա երկխոսությունը, սակայն իշխանությունը այդ կամուրջը քանդեց սեփական ձեռքերով:

Հավելենք, որ Հանրապետականի գործադիր մարմինը երեկ կուսակցության նախընտրական շտաբի պետի պաշտոնում հաստատել է Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նկատենք սակայն, որ Հովիկ Աբրահամյանը դեռ անցած տարվա դեկտեմբերին էր նշանակվել այդ պաշտոնում եւ հենց այդ պատճառով էլ, ըստ իր պարզաբանման, հրաժարական էր տվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից: Հարցին, թե ինչո՞ւ է Աբրահամյանը կրկին հաստատվել նույն պաշտոնում, հանրապետական Հովհաննես Սահակյանն ասաց, թե այժմ Աբրահամյանը այդ պաշտոնը ստանձնում է պաշտոնապես: Պատգամավորի փոխանցմամբ` այս նշանակմամբ իրենք հիասթափեցրին բոլոր այն թերահավատներին, ովքեր պնդում էին, թե Հովիկ Աբրահամյանը իրականում չի ղեկավարի Հանրապետականի շտաբը:

Հանրապետականն այսօր նույնպես գործադիր մարմնի նիստ է հրավիրել, որի ընթացքում, ըստ Հովհաննես Սահակյանի, քննարկելու են վաղվա համագումարում ընդունվելիք բանաձեւերն ու հաշվետվությունը:

please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG