Մատչելիության հղումներ

Թուրքիայում եկեղեցիների գույքի վերաբերյալ օրինագիծ` նաեւ ԱՄՆ-ի Սենատում


Ամերիկացի սենատորներ` հանրապետական Սքոթ Բրաունը, դեմոկրատներ Դայան Ֆայնշթայնը եւ Մարկ Քըրքը երեկ ներկայացրել են բանաձեւի նախագիծ, որը կոչ է անում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի պաշտոնական Անկարան վերադարձնի բռնագրավված եկեղեցիներն ու եկեղեցապատկան գույքը, ապահովի կրոնական փոքրամասնությունների դավանանքի ազատությունը։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն` նախագծում Թուրքիային կոչ է արվում, մասնավորապես, վերադարձնել քրիստոնեական եկեղեցիների ամբողջ սեփականությունը, այդ թվում` «եկեղեցիները եւ պաշտամունքի մյուս վայրերը, վանքերը, դպրոցները, հիվանդանոցները, հուշարձանները, մասունքները, սրբավայրերը եւ այլ կրոնական ունեցվածքը»:

Բանաձեւի նախագիծը պաշտոնական Անկարային կոչ է անում հարգել իր միջազգային պարտավորությունները, վերջ տալ կրոնական հողի վրա հետապնդման բոլոր ձեւերին եւ պաշտպանել քրիստոնյաների իրավունքները եւ կրոնական ազատությունները։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը երախտագիտություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին` հիշեցնելով, որ համանման բանաձեւ արդեն ընդունվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG