Մատչելիության հղումներ

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին շրջանում իր մարզային այցելություններով ու Հանրապետական կուսակցության օգտին քարոզչությամբ չի խախտում Ընտրական օրենսգիրքը։

«Այդ այցելությունները որակում եմ որպես նաեւ գաղափարների տարածում, եւ այլն, եւ այլն։ Պետք է նկատի ունենանք հետեւյալը, որ Ընտրական օրենսգրքի տեսանկյունից եթե մենք նայում ենք, Ընտրական օրենսգիրքը սահմանում է մի բան` նախընտրական քարոզչության ժամանակահատված, որի ընթացքում սահմանափակումներ են սկսում կիրառվել ամենատարբեր բնույթի։ Իսկ եթե նախընտրական քարոզչության ժամանակահատվածից դուրս է իրականացվում այդ գործունեությունը, հետեւաբար` այս գործունեությունը ընդհանրապես չի կարող որակվել որպես նախընտրական քարոզչության կամ սահմանված կարգի խախտում», - ասաց Մուկուչյանը` եզրակացնելով. - «Համենայն դեպս, Ընտրական օրենսգրքի տեսանկյունից այստեղ խախտում ընդհանրապես պետք չի որոնել, որովհետեւ այդպիսին չկա»։

Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի առաջին մասում է ամրագրված, որ «նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»: Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սահմանված է ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ը: Սակայն հանրապետության վարչապետը, ում Հանրապետական կուսակցությունը վերապահել է կուսակցության նախընտրական ծրագիրը կազմելու լիազորությունները, իր ակտիվ մարզային այցելությունների եւ հանդիպումների ընթացքում արդեն իսկ տարբեր խոստումներ է տալիս ընտրողներին: Նրան երբեմն ուղեկցում են բարձարաստիճան պաշտոնյաներ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք օրենքի խախտում չէ՞ այն, որ պաշտոնատար անձինք պետական միջոցների հաշվին են մեկնում մարզեր եւ քարոզչություն իրականացնում, այսինքն` պետական միջոցներն օգտագործում են հօգուտ նեղ կուսակցական շահի եւ հարկատուների հաշվին խոստումներ տալիս, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. - «Եթե քարոզարշավի ժամկետներից դուրս տեղի է ունենում մի գործողություն կամ անգործություն, որը, որոշ մարդկանց կարծիքով, խախտում է որեւէ օրենքի պահանջ, համենայն դեպս` դա Ընտրական օրենսգիրքը չէ, եւ այդ հարցերով իրավասու մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէ»:

Խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ արդեն իսկ իրականություն են դառնում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ նախկինում իրենց բարձրաձայնած մտահոգությունները: Հիշեցնենք` օրենսգրքի այս փոփոխված տարբերակին ամիսներ առաջ կողմ քվեարկեց միայն Ազգային ժողովի իշխանական մեծամասնությունը: «Ժառանգությունն» այդ ժամանակ բոյկոտում էր խորհրդարանի աշխատանքներն ու չէր մասնակցում նիստերին: Ընդգծելով, որ օրենսգիրքը չի կարգավորում պետական ու կուսակցական ռեսուրսների տարանջատման հարցը, Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ նույնիսկ Վենետիկի հանձնաժողովն է դա արձանագրել իր եզրակացության մեջ:

«Վենետիկի հանձնաժողովը պահանջ էր դրել նաեւ լուծում տալ այնպիսի խնդիրներին, ինչպիսիք պետության եւ կուսակցության ռեսուրսների տարանջատումն է, հանրապետությունից դուրս գտնվող ընտրողների քվեարկությունը: Այսինքն 4-5 առանցքային խնդիրներ բարձրացվել են, որոնք չարվեցին` պատճառաբանելով, թե ժամանակ չկա Ընտրական օրենսգրքում այդ փոփոխությունները կատարելու համար, եւ այսօր մենք տեսնում ենք, որ իշխող կուսակցությունները մանիպուլյացիաներ են անում: Ընտրական օրենսգիրքը հարմարեցվել է նրան, որ իշխանական կուսակցությունները կարողանան անխնա օգտագործել վարչական ռեսուրսը, պետության ռեսուրսները եւ այդկերպ ապահովեն իրենց քվեները ընտրությունների ժամանակ», - ասաց Սաֆարյանը:

Անկախ նրանից իշխանությունը կառավարության անդամների շրջագայությունները մարզերով որակում է քարոզչություն, թե բնակիչների հետ հանդիպում, Սաֆարյանի կարծիքով, երկու բացատրությունն էլ իշխանությունների օգտին չեն:

«Եթե կառավարությունը եւ վարչապետը նոր պիտի իմանան, թե ինչ խնդիրներ ունի երկիրը, ապա դա շատ վատ է: Սա նշանակում է, որ իրենք չեն կառավարել երկիրը եւ տեղյակ չեն բնակչության խնդիրների մասին: Իսկ եթե իրականացվում է կուսակցության քարոզչություն` ուղղակի քողարկված, որը կարգավորելի չէ Ընտրական օրենսգրքով, ապա ավելի վատ. թաքնված քարոզչություն` պետական միջոցներով», - ամփոփեց Սաֆարյանը:

Արտախորհրդարանական ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այս վիճակն իրենց համար նորություն չէ. անկախ նրանից, թե ինչ է ամրագրված նախկին ու գործող Ընտրական օրենսգրքերում, տարիներ շարունակ անհավասար քարոզչության պայմաններում են աշխատում: Զուրաբյաը ընդգծեց հատկապես հեռուստաեթերը:

«Եվ անգամ եթե Ընտրական օրենսգիրքը հիմա չի արգելում, որ իշխանությունները զբաղվեն նախընտրական քարոզչությամբ, դա ոչինչ չի նշանակում, որովհետեւ չորս տարի է մենք գտնվում ենք այս անհավասար վիճակում, եւ դա ուղղակի շարունակվում է: Փաստորեն օրենքի առավելությունը միայն նրա մեջ է, որ ինչ-որ պահից եթերը կբացվի նաեւ ընդդիմության համար», - ասաց Զուրաբյանը` նկատի ունենալով նախընտրական պաշտոնական քարոզարշավի մեկ ամիսը, որը ՀԱԿ-ը մտադիր է օգտագործել «ժողովրդին ոտքի հանելու համար»:

«Պառլամենտարիզմի կենտրոն» հասարակական կազմակերպությունը եւս վարչապետի եւ պետական այլ պաշտոնյաների մարզային այցերում, զանգվածային լրատվամիջոցներով դրանց լուսաբանման մեջ Ընտրական օրենսգրքի խախտում տեսնում է: Հիմնավորելով, որ այդ քարոզչությունը խախտում է ընտրողների հավասար ընտրական իրավունքը` Ընտրական օրենսգրքի 3-րդ հոդվածը, կազմակերպության ղեկավար Ռուբեն Թորոսյանը մի քանի դիմում է ներկայացրել ԿԸՀ եւ մերժում ստանալով` հայց է նախապատրաստում դատարան դիմելու համար:

«Ի՞նչ է նշանակում` հավասար. ես պետք է կարողանամ հավասար քարոզչություն լսել, եւ այլն, բայց այդ հնարավորությունը ինձ չի տալիս, որովհետեւ պետական միջոցները օգտագործում է նա, ով ունի, եւ գնում են քարոզում են։ Այսինքն` խախտվում է ընտրական հավասար իրավունքը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Թորոսյանը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG