Մատչելիության հղումներ

Մարտի 9-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը, անդրադառնալով վարչապետի մարզային այցելություններին, գրում է. - «Պարզվում է` ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը կազմելու պարտականությունը դրվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա: Նա էլ ժամանակ առ ժամանակ գնում է տարբեր մարզեր եւ հանդիպում ժողովրդի հետ, որպեսզի ըստ այդմ էլ կազմի ծրագիրը: Բանն այն է, որ եթե կառավարությանն իսկապես հետաքրքրեր ժողովրդի կարծիքը, նրանք մարդկանց հետ կքննարկեին ոչ թե նախընտրական ծրագրերը, այլ դրանց կատարման ընթացքը: Բայց կառավարությունը, չգիտես ինչու, ընտրություններից ընտրություն ընկած ժամանակահատվածում որոշումներ ընդունելիս, ժողովրդի կարծիքը չի էլ հարցնում: Ձկնորսներն էլ են այդպես, ձկան «կարծիքը» նրանց հետաքրքրում է միայն խայծի ընտրության հարցում, իսկ հետագայում այդ ձկանը կտապակեն, թե կխաշեն` բացառապես ձկնորսի գործն է»։

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» (հավանաբար` «Ազատ դեմոկրատների» հետ միասին)։ Մնացած քաղաքական ուժերը, եթե նույնիսկ մասնակցելու են, ապա ԱԺ-ում հայտնվելու ոչ մի շանս չունեն, ինչպես նաեւ չունեն դերակատարություն Հայաստանի հասարակական կյանքում։ ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը, որպես խելացի մարդ, դա հասկացել է եւ իրավամբ որոշել է բախտը չփորձել։ Պետք է ենթադրել, որ Արտաշես Գեղամյանը եւ Խոսրով Հարությունյանը նույնքան իրատեսական կգտնվեն եւ կմասնակցեն ընտրություններին ՀՀԿ հովանու ներքո։ Բացառված չէ, իհարկե, որ ընտրարշավին կմասնակցեն այլ մանր կուսակցություններ, բայց դա լավագույն դեպքում կլինի քիչ թե շատ հաջողված «բիզնես-նախագիծ»։ Ես շատ կուզենայի, որ սկզբում թվարկված 6 կուսակցություններն էլ հայտնվեն Ազգային ժողովում, ընդ որում` մեկը մյուսի նկատմամբ չունենա շատ մեծ առավելություն` այդպիսով կարող է ստեղծվել մի իրավիճակ, որը գոնե մի քիչ նման է ժողովրդավարական երկրներում առկա «զսպումների եւ հակակշիռների» մեխանիզմին։ Ճիշտ է, մեր իրականությունն այնպիսին է, որ դժվար թե առաջիկա խորհրդարանական ընտրությունները նման համակարգի համար նախադրյալներ ստեղծեն»։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչից, ով գտնվում էր Գյումրիում` Բրիտանական շաբաթվա բացման կապակցությամբ, «Առավոտ»-ը հետաքրքրվել է, թե ինչպիսի՞ն էին մի ամիս առաջ Հայաստանի տարբեր շրջաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները։ «Իմ կարծիքով` դրական փոփոխությունները, անշուշտ, նկատվում են, օրինակ` Հրազդանում կային երկու ուժեղ թեկնածուներ, երկուսի կողմից էլ ուժեղ քարոզարշավ էր իրականացվում։ Բայց նաեւ պետք է նշեմ, որ մենք ստացանք զեկույցներ, որոնք փաստում են այն մասին, որ եղել են թերություններ` տեղի է ունեցել ձայնի գնում, ընտրակաշառքների բաժանում, ադմինիստրատիվ գործողությունները ճիշտ չեն իրականացվել... սակայն, կարծում եմ, որ այս ամենից դաս կքաղվի, եւ առաջիկա ընտրությունները առավել ժողովրդավար ձեւով կանցկացվեն», - դեսպանը խոսքերն է փոխանցում թերթը։

«Իրավունք»-ը գրում է. - «Մեկ բան թերեւս հաստատ է. Ֆրանսիան բաց թողեց Եվրոպա - Հայաստան կապերի մեջ այն առաջնային դերակատարությունը, ինչ ստացավ մինչ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տապալումը։ Գումարած դրան` հայ - թուրքական հաշտեցման թեման եւս խորը սառեցման փուլում է, եւ այդ ամենը նշանակում է, որ այս փուլում ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ` Եվրոպան ունեն Հայաստանի հետ հարաբերությունների հստակեցման խնդիր, եթե, իհարկե, պատկերավոր ասած, ցանկանում են ինչ-որ բան անել մեր երկրում։ Եվ, թերեւս, Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հստակեցման համատեքստում էլ պետք է տեսնել ՀՀ նախագահի այս վերջին աշխատանքային այցը Բրյուսել»։

«Իրավունք»-ի թղթակիցը զրուցել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Հնարավո՞ր է ասել, թե ովքեր կլինեն ցուցակի առաջին տասը տեղերում»: Թադեւոսյանը պատասխանում է. - «Դեռեւս չի քննարկվել, բայց առաջին տեղում լինելու է կուսակցության նախագահը, իսկ մնացածը կասվի սահմանված ժամկետներում եւ եթե մի քանի օր էլ համբերենք, կիմանանք»: «Իսկ ո՞րն է լինելու համագումարի հիմնական առանցքը»: «Հիմնականը լինելու է քաղաքական վերլուծությունները, կատարված աշխատանքների հաշվետվությունը եւ ապագային միտված մեր տեսլականը, այսինքն, թե ինչպես ենք մենք պատկերացնում եւ ինչ գործառույթներ կիրականացնենք առաջիկա տարիներին: Լինելու է պատասխանատու, լուրջ, կարեւոր, հավատով եւ վստահությամբ լցված համագումար: Կլինեն ելույթներ, կառաջարկվեն բանաձեւեր եւ, կարծում եմ, միտված կլինի, թե ինչպես ենք մենք` որպես իշխող կուսակցություն, պատկերացնում մեր ապագա անելիքները», - պատասխանում է Թադեւոսյանը:

1in.am-ը գրում է. «Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ընթացքում երեկ, ըստ էության, մի բավական ուշագրավ եւ երեւի թե աննախադեպ որոշում է կայացվել՝ ՀՀԿ գործադիր մարմինը որոշել է նկատողություն հայտնել Աբովյանի կառույցի անդամ Արթուր Հարությունյանին՝ համարելով, որ նա ոչ կոռեկտ արտահայտություններ է արել կոալիցիոն գործընկերոջ հասցեին: Խոսքը, ինչպես հայտնի է, Պալաչ մականունով Արթուր Հարությունյանի մասին է, որը նախկինում եղել է Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ առաջնորդի մերձավորը, իսկ այսօր նրա հետ հակամարտության մեջ է եւ օրերս էլ մամուլում բավական բաց եւ խիստ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը, մասնավորապես՝ Աբովյան քաղաքում, նաեւ անձնական հետաքրքիր որակումներ տվել Ծառուկյանին: Կասկած չկա, իհարկե, որ նրան նկատողություն անելու պահանջ ՀՀԿ-ին ներկայացրել է Գագիկ Ծառուկյանը, այլապես հազիվ թե Հանրապետականն ինքն իրեն որոշեր նկատողություն հայտնել Պալաչին: Եվ այս տեսանկյունից էլ, ըստ էության, ստացվում է, որ Ծառուկյանը պատվախնդիր է կոնկրետ իր անձի, բայց ոչ ընդհանուր կուսակցության հանդեպ: Կամ էլ պարզապես ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ պայմանավորվածությունն է այդպիսին, որ Ծառուկյանը համաձայնում է խաղալ ՀՀԿ սցենարային տիրույթում, սակայն դրա համար ՀՀԿ-ն պարտավորվում է ապահովել Ծառուկյանի արժանապատվությունն ու բարի համբավը, բայց՝ միայն Ծառուկյանի, ոչ թե «Բարգավաճ Հայաստան»-ի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG