Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխանությունները փորձում են խթանել սփյուռքի կապը հայրենիքի հետ


Վրաստան - Տեսարան մայրաքաղաք Թբիլիսիից

Վրաստան - Տեսարան մայրաքաղաք Թբիլիսիից

Վրաստանի իշխանությունները փորձում են հատուկ օրենսդրությամբ խթանել սփյուռքի կապերը հայրենիքի հետ եւ խոստովանում են, որ այդ հարցում օրինակ են վերցրել նաեւ հայերից՝ գրում է Eurasia View պարբերականը։

Արդեն տասն օր է՝ Վրաստանում ուժի մեջ է մտել օրենք՝ «Արտերկրում ապրող հայրենակիցների մասին», որը ոչ միայն հատուկ կարգավիճակ է տալիս նրանց, այլեւ մի շարք արտոնություններ սահմանում։

Փաստաթղթով, մասնավորապես, ծագումով վրացիները եւ անգամ վրացիների հետ ամուսնացած օտարերկրացիները կարող են պաշտոնական Թբիլիսից հատուկ քարտ ստանալ. առաջին հայացքից անձնագրի նմանվող, վրացերեն եւ անգլերեն լրացված այս գրքույկը նրանց հնարավորություն կտա առանց վիզայի ժամանել հայրենիք, Վրաստանի քաղաքացիների հետ համահավասար սկզբունքներով կրթություն ստանալ դպրոցներում ու բուհերում, ինչպես նաեւ մասնակցել միջազգային մարզական մրցաշարերին՝ Վրաստանի հավաքականի կազմում։

«Ակնկալում ենք, որ այս քարտերը առավել կակտիվացնեն սփյուռքի կապերը հայրենիքի հետ», - պարբերականին ասել է Վրաստանի` սփյուռքի հարցերով փոխնախարար Իրակլի Նադիրիաձեն, ընդգծելով. - «Մենք հեծանիվ չենք հայտնագործել, կառավարությունը ուսումնասիրել է սփյուռքում մեծ եւ ազդեցիկ համայնքներ ունեցող մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի ու Հնդկաստանի փորձն ու քաղաքականությունը»։

Վրացի փոխնախարարը նշել է, որ Հայաստանը ուշադրություն է արժանացել որպես մոդել, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ներգավել սփյուռքի ներուժը հայրենիքում իրականացվող ծրագրերում։

«Մի շարք փորձագետներ, սակայն, թերահավատորեն են վերաբերվում պաշտոնական Թբիլիսիի այս նախաձեռնությանը», - փաստում է Eurasia View պարբերականը։

Կովկասյան հետազոտական կենտրոնի փորձագետ Կոբա Թուրմանիձեն, օրինակ, ասել է. - «Արտերկրում ապրող վրացիներից շատերը խուսափում են հայրենակիցների հետ շփումներից, որովհետեւ դեռեւս պայքարում են իրենց ընտանիքի ու հարազատների գոյությունը պահպանելու համար, շատերի հպարտությունն էլ ուղղակի թույլ չի տալիս խոստովանել, որ հայրենիքից հեռացել են աղքատության ու կարիքի պատճառով»։

Խոչընդոտների շարքում մասնագետները մատնանշում են նաեւ այն հանգամանքը, որ վրացիներից շատերը դեռեւս չունեն արտերկրում օրինական ապրելու կարգավիճակ. - «Ոմանք կխուսափեն որեւէ քարտ ստանալ, որը կարող է բացահայտել նրանց», - ասել է Վաշինգտոնում գործող Վրաց - ամերիկյան գործարար կենտրոնի տնօրեն Մամուկա Ծերեթելին։

Պաշտոնական Թբիլիսին, սակայն, լիահույս է, որ ի վերջո հայրենիքի նկատմամբ վրացիների սերը կհաղթահարի բոլոր այս խոչընդոտները։

«Հարցը միայն արտոնությունները չեն, այստեղ նաեւ զգացմունքային խնդիր կա», - Eurasia View պարբերականին ասել է փոխնախարար Նադիրիաձեն ու ընդգծել. - «Մենք կարծում ենք, որ վրացիները հպարտ կլինեն ստանալ մեր ընձեռած հատուկ կարգավիճակը»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG