Մատչելիության հղումներ

Բրիտանացի վերլուծաբանները` հայկական բանակի մասին


Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը Երեւանի Հանրապետության հրապարակում, 21-ը սեպտեմբերի, 2011թ.

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը Երեւանի Հանրապետության հրապարակում, 21-ը սեպտեմբերի, 2011թ.

«Չնայած հայկական բանակի վրա ռուսական մեծ ազդեցությանը` հայ զինվորականները ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից եւս փորձում են դասեր քաղել», - պնդում են Լոնդոնում գտնվող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետները:

Բրիտանական այս վերլուծական կենտրոնը հրապարակել է աշխարհի պետությունների զինված ուժերում տիրող կացության վերաբերյալ ամենամյա զեկույցը:

«Ռազմական հավասարակշռությունն աշխարհում 2012 թվականին» կոչվող այս ծավալուն փաստաթղթում բրիտանացի վերլուծաբանները գնահատել են նաեւ Հարավային Կովկասի երեք հանրապետությունների բանակներում տիրող վիճակը:

«Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի հետ առկա լարվածության պատճառով հիմնականում կենտրոնացած են երկրի տարածքի պաշտպանության վրա: Թեեւ հայկական ռազմական դոկտրինը մեծապես կրում է ռուսական մտածողության ազդեցությունը, այնուհանդերձ` երկրի սահմաններից դուրս իրականացվող ռազմական առաքելությունը, այդ թվում Աֆղանստանում գտնվող միջազգային կոալիցիային ցուցաբերած աջակցությունը նպաստում են, որպեսզի հայ զինվորականները դասեր քաղեն նաեւ ՆԱՏՕ-ի իրենց գործընկերների հետ համագործակցությունից: 2011-ին Հայաստանն ավելացրել է Աֆղանստանում իրականացվող գործողություններին իր մասնակցության մակարդակը, իսկ նոյեմբերին գործողությունների նոր ծրագիր է ստորագրել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ», - հիշեցնում են զեկույցի հեղինակները` հատուկ ընդգծելով Հայաստանում պրոֆեսիոնալ զինվորականության դասի ի հայտ գալու փաստը:

«Թեեւ բանակը շարունակում է համալրվել զորակոչի միջոցով, այնուհանդերձ, պրոֆեսիոնալ զինվորականնների թիվը բանակի ներսում գնալով աճում է», - նշում են բրիտանացի վերլուծաբանները:

Հայաստանի ռազմաօդային ուժերը, ըստ զեկույցի հեղինակների, հիմնականում տեխնիկական խնդիրներ են լուծում, իսկ երկրի օդային տարածքի պաշտպանությունը իրականացնում է Ռուսաստանի ռազմական ավիացիան` Հայաստանի տարածքում վարձակալվող ավիաբազայի տարածքից:

Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակում տիրող կացությանը, ապա այստեղ, ըստ զեկույցի հեղինակների, «դեռ անհրաժեշտ է հաջող անցում կատարել խորհրդային մոդելից»:

Թեեւ «ռազմական ծախսերը նավթային եկամուտների շնորհիվ շարունակում են աճել, իսկ ադրբեջանական բանակն էլ մի շարք նորագույն սպառազինություններ է ձեռք բերել` այդ թվում S-300 տիպի համակարգեր», այնուհանդերձ, վերլուծաբանները համոզված են. - «Այդ բոլոր ձեռքբերումները դեռ զգալի ազդեցություն չեն գործել Ադրբեջանի զինված ուժերի մարտունակության վրա»:

Նրանք նաեւ նկատում են, որ Ադրբեջանը բավական սերտ ռազմական կապեր ունի Թուրքիայի հետ: Չնայած այդ ամենին` երկրի զինված ուժերում մի շարք լուրջ խնդիրներ են առկա:

Մասնավորաբար, երկրի ռազմաօդային ուժերում, ըստ զեկույցի հեղինակների բավական ցածր է թե՛ անձնակազմի մասնագիտական պատրաստության մակարդակը եւ թե՛ սպառազինության տեխնիկական վիճակը։ Բացի այդ, Արդբեջանի զինված ուժերը ի վիճակի չեն լրջորեն աջակցել երկրի սահմաններից դուրս ստորաբաժանումների ծավալմանը, նշում են բրիտանացի փորձագետները:

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետները անդրադառնում են նաեւ հարավկովկասյան երրորդ պետությունում` Վրաստանում տիրող կացությանը:

«Վրացական բանակը շարունակում է վերլուծել եւ դասեր քաղել 2008 թվականի` Ռուսաստանի հետ կոնֆլիկտից: Օգոստոսյան կարճատեւ պատերազմի ընթացքում վրացական բանակն իրեն բացարձակապես փայլուն չդրսեւորեց` հատկապես այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսին են զրահատեխնիկայի դեմ պայքարն ու հակաօդային պաշտպանությունը: Թեեւ հարկ է նկատել, որ հակաօդային պաշտպանության գործողություններն ավելի հաջողված էին», - նշում են զեկույցի հեղինակները:

«Այժմ` ելնելով կարճատեւ հակամարտության դասերից, վրացական բանակը նպատակ ունի ավելի փոքրաքանակ ռազմական ավիացիա ստեղծել: Բացի այդ, Վրաստանն ակտիվորեն մասնակցում է Աֆղանստանում իրականացվող գործողություններին` ցանկանալով անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին: Սրան էլ գումարած` քայլեր են ձեռնարկվում քառամյա պայմանագրով ծառայող զինվորականների թվի ավելացման համար, ինչը կնպաստի զինված ուժերի մասնագիտացմանը», - նշված է «Ռազմական հավասարակշռությունն աշխարհում 2012-ին» զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG