Մատչելիության հղումներ

«Կանայք այսպես կամ այնպես զբաղվում են քաղաքականությամբ»


Ազգային ժողովի շենքը Երեւանում

Ազգային ժողովի շենքը Երեւանում

Հայաստանի ընտրական նոր օրենսգիրքը, ի տարբերություն նախորդի, որոշակիորեն կարգավորում է խորհրդարանում կանանց մասնակցության քվոտավորման հարցը:

Ընտրական օրենսգրքի 108-րդ հոդվածում կարդում ենք. - «Ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 եւ այդպես շարունակ` մինչեւ ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը»: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի հաջորդ խորհրդարանում կանայք պետք է զբաղեցնեն պատգամավորական տեղերի առնվազն 20 տոկոսը:

Կարծիք կա, որ օրենսգրքում առկա այս նորարարությունը ավելի շուտ արդյունք է եվրաինտեգրացիայով պայմանավորված պարտավորությունների կատարման, քան Հայաստանում հասունացած իրական սոցիալ-քաղաքական պահանջների:

Հայաստանյան իրականության մեջ կնոջ տեղի ու դերի մասին ի՞նչ են մտածում քաղաքական գործունեության մեջ ներգրավված կանայք: Պատգամավոր, Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի խոսքով` «մարդուն կրթում, մեծացնում եւ դեպի հասարակություն ճանապարհում է կինը, եւ իր օրինակով, իր վարքագծով նա ամեն ինչ պետք է անի, որպեսզի հետագայում դժգոհելու առիթ չլինի»:

ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանի կարծիքով` «փոքրիկ նվաստացում կա մեր կնոջ կերպարի մեջ. միշտ վստահ խոսեք, որ Հայաստանում եւ հայ իրականության մեջ այդպիսի բան չի եղել, որովհետեւ մենք այն ժողովուրդներից ենք, ովքեր, կարեւորելով կնոջ դերակատարությունը, առաջին անգամ որոշում են ընդունել, որ կինը նույնպես պիտի մասնակցի ընտրություններին»:

Ի՞նչ դեր ունի այսօր կինը Հայաստանի քաղաքական կյանքում: Որքանո՞վ է պահանջված նրա մասնակցությունը հանրային գործընթացներում: Մարտի 8-ի` Կանանց տոնի առթիվ այս հարցն ուղղեցինք «Առավոտ» օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանին, ում անունը կարող է ընդգրկվել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում:

«Ինչպե՞ս եք պատկերացնում կին քաղաքական գործչի կարգավիճակը, դերը, հնարավորությունները հայաստանյան քաղաքականության մեջ» հարցին Եսայանը պատասխանեց. - «Նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ մի միտք, որը հայտնի է բոլորին. երբ դու քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է քեզանով զբաղվում: Եվ այսօր մեր հանրապետությունում նույնպես բոլոր այն կանայք, որ քիչ թե շատ հանրային ճանաչում ունեն եւ հայտնի են, նույնիսկ եթե ձեզ ասեն, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, չհավատաք, որովհետեւ կանայք այսպես կամ այնպես զբաղվում են քաղաքականությամբ, իսկ լրագրող կանայք` առավել եւս: Որեւէ նորություն չի լինի, եթե կանայք ավելի շատ լինեն խորհրդարանում: Ընդհակառակը` ավելի լավ, որովհետեւ մենք միշտ գիտենք, որ օջախը պահողը, ընտանիքին ավելի բարեկեցիկ դարձնողը, ինչքան էլ ասենք, որ տղամարդիկ են, այնուհանդերձ չպիտի թերագնահատենք կանանց դերակատարությունը: Ես կարծում եմ` կանայք որեւէ տեղում եթե շատ լինեն, միայն դրանից կշահի ե՛ւ մեր պետությունը, ե՛ւ մեր երկիրը: Կանայք սովորաբար ավելի հավասարակշռված են, ավելի հանգիստ, ավելի ժպտերես եւ նրանք ինչ որ անում են` անում են սիրով»:

«Հնարավոր համարո՞ւմ եք, որ երբեւէ Հայաստանի ղեկավարը լինի կին» հարցին Մարգարիտ Եսայանը պատասխանեց. - «Շատ հետաքրքիր կլինի: Սովորաբար ասում են, որ մենք ասիական մտածողություն ունենք, դա անհնարին է: Բայց ես կուզեի տեսնել այդ օրը»:

Մեկ այլ կին լրագրող` «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը, ով ներկայումս մտածում է մեծամասնական ընտրակարգով պատգամավոր առաջադրվելու մասին, սակայն դեռեւս այդ հարցով վերջնական որոշում չի կայացրել, մեզ հետ զրույցում շատ կարեւոր ու պահանջված համարեց կին քաղաքական գործչի գործոնը Հայաստանում:

«Չնայած որ Հայաստանում քաղաքական ակտիվություն ցուցաբերող տղամարդիկ ցանկանում են եւ ամեն ինչ անում են, որպեսզի կինը հայտնվի միայն խոհանոցում, այնուամենայնիվ, ուրախալի է, որ կան շատ կանայք, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար եւ փորձում են տղամարդկանց հասկացնել, որ ամեն ինչ չէ, որ պետք է նրանց ասածով լինի եւ կանայք կարող են ավելի հաջողակ քաղաքական գործիչներ լինել, քան տղամարդիկ», - նշեց Թագուհի Թովմասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG