Մատչելիության հղումներ

logo-print

Աղջիկները գրավում են Մաշտոցի պուրակի կրպակները


Մաշտոցի այգում հերթապահող մի քանի տասնյակ աղջիկներ այսօր անակնկալ կերպով ճեղքեցին ոստիկանության տեղադրած մետաղական արգելափակոցները, ինչպես նաեւ ոստիկանական պատը ու գրավեցին կրպակի ողջ տարածքը: Բնապահպան աղջիկների մի մասը արդեն տեղադրված կրպակի տարածք մտավ բաց մնացած ետնամուտքից, մյուսները սողալով անցան ապակիների տակից:

Ոստիկանությունը կրպակի ողջ մակերեսով շարված աղջիկների գործողություններին չմիջամտեց, բայց անմիջապես մեծացրեց ուժերը եւ արգելում էր արգելափակոցներից այն կողմ մնացածներին միանալ ընկերուհիներին: Ակտիվիստ տղաները ծափերով ու վանկարկումներում աջակցում էին աղջիկներին:

Մի քանի ժամ բնապահպան աղջիկները վանկարկումներով, թմբուկներ զարկելով, երգելով հերթափոխում էին կրպակի տարածքում: Նրանց էր միացել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Ակտիվիստները հրապարակեցին մի հայտարարություն, ըստ որի ստեղծվում է քաղաքացիական արդար եւ անկախ դատարան, որը հենց Մաշտոցի պուրակում մարտի 13-ին քննելու եւ վճիռ է կայացնելու կրպակների տեղադրման օրինականության հարցով: Բացի այդ, բնապահպանների ստեղծած «դատարանի» այսօրվա «որոշմամբ» այգու գույքը գտնվում է կալանքի տակ` մինչեւ վճռի հրապարակումը:

Այգի եկավ Երեւանի փոխոստիականապետ Ռոբերտ Մելքոնյանը, ում կարգադրությամբ ոստիկանությունը հեռացավ տարածքից` տանելով նաեւ արգելափակոցները:

«Վերակարգը հանեք, արագ: Իմաստ չունի: Շինարարություն չկա, բան չկա, իզուր տեղը ինչո՞ւ եք կանգնել», - ոստիկաններին կարգադրեց փոխոստիկանապետը:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով պարզաբանելով իրենց գործողությունները` Մելքոնյանը ասաց. - «Արգելափակոց է ուղղակի, որ շինարարություն է ընթանում: Այստեղ ոչ պահում ենք այդ շինարարությունը, ոչ էլ այլ բան: Ուղղակի որ դուք ակցիա եք անում, մենք էլ կանգնում ենք, որ հանկարծ ինչ-որ միջադեպ ձեզ հետ չկատարվի: Այն ժամանակ շինարարություն էր ընթանում, եւ կար քաղաքապետի համապատասխան գրություն, որպեսզի շինարարության անխափան ընթացքը ապահովենք»:

Քիչ անց Ռոբերտ Մելքոնյանը ոստիկաններին ծաղկեփնջեր բաժանեց` կարգադրելով նվիրել դրանք կրպակում կանգնած աղջիկներին: Ակտիվիստները հիմնականում մերժում էին ոստիկաններից ընդունել փնջերը` վանկարկելով «ապամոնտաժում»:

Բնապահպան Արփինե Գալֆայանի խոսքով, չնայած այգին այժմ ամբողջությամբ ազատ է ոստիկանական վերահսկողությունից, այնուամենայնիվ շուրջ մեկ ամիս շարունակվող բողոքի միջոցառումները չեն դադարելու, հենց այգում կյանքի է կոչվելու իրենց ստեղծած դատարանը:

«Մենք այստեղ ստեղծում ենք ինչպես ասում են` Նոր Հայաստանի տարածքը եւ այդ դատարանը Նոր Հայաստանի դատարանն է, որը կաշառված չէ, չի լսում տարբեր մարդկանց ուղղորդումներին, այլ հանրության շահից է ելնում», - հայտարարեց բնապահպանը:

Բնապահպան - ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն էլ ասում էր, թե արդեն հատել է համբերության սահմանը եւ եթե մինչեւ երկուշաբթի ապամոնտաժումը չսկսվի, ապա իրենք են դիմելու գործողությունների. - «Մենք ժամանակ ենք տալիս քաղաքային իշխանություններին, որ իրենք գան իրենց ձեռքով հանեն: Հակառակ դեպքում մենք ենք անելու»:

Այսօր ավելի մի քանի քաղաքացիական նախաձեռնություններ համատեղ բողոքի երթ անցկացրին Երեւանում` «Դանակը ոսկորին» կարգախոսով:

Ակտիվիստները երթը խորհրդանշական վայրից` Թամանյանի արձանի մոտից սկսեցին անցնելով կենտրոնի այն վայրերով, որոնք նրանց բնորոշմամբ հանրային գերակա շահի զոհ են դարձել, վերացման վտանգի եզրին են կամ աղավաղել են քաղաքի պատմամշակութային տեսքը:

Առաջին կանգառը Ազատության հրապարակի հարեւանությամբ տեղադրված սրճարաններն էին, ապա Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը: Երթի մասնակիցները անցան նաեւ Աֆրիկյանների տան մոտով, որը արդեն կիսաքանդ է, Արամի 30 հասցեում գտնվող շենքի մոտ եղան, ապա նաեւ Փակ շուկա գնացին, որտեղ չնայած քաղաքային իշխանությունների հավաստիացումներին` շինարարությունը շարունակվում էր:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG