Մատչելիության հղումներ

«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» շարունակում են բանակցել


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի ներկայացմամբ, չի բացառվում, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ նախընտրական դաշինք այդպես էլ չձեւավորվի: Նման հայտարարություն Հակոբյանն արեց այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Այսօր կա հստակ երկկողմանի բարի ցանկություն, ստեղծագործական հստակ մոտեցում, որ միասին լինենք, համագործակցությունը սերտ լինի` ընդհուպ մինչեւ միասին գնանք ընտրությունների: Բայց նաեւ չպետք է բացառել, որ հնարավոր է, որ առանձին գնանք», - ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ինչպես հայտնի է, արդեն մի քանի շաբաթ է, ինչ նշված երկու քաղաքական ուժերը բանակցություններ են վարում նախընտրական դաշինք ձեւավորելու համար:

Ըստ Հակոբյանի, կան ուժեր, որոնք «ամեն ինչ անում են, որպեսզի չկայանա հնարավոր համագործակցությունը «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» միջեւ», եւ տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվում, թե երկու կուսակցությունների միջեւ իբր առաջացել են լուրջ հակասություններ:

«Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ` բացարձակապես այդ ինֆորմացիաներից որեւէ մեկը իրական հիմք չունի», - ընդգծեց «Ժառանգության» փոխնախագահը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ վիճակում են հիմա բանակցությունները «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» միջեւ, Ռուբեն Հակոբյանն ասաց. - «Շարունակվում են բանակցությունները, շարունակում ենք աշխատել ծրագրերի հիմնադրույթների համադրման վրա: Շատ գաղափարական եւ քաղաքական միտում հետապնդող համագործակցություն է սա: Մենք դեռ ժամանակ ունենք, եւ առաջիկայում` դա կլինի մարտի 18-ը, որտեղ «Ժառանգության» խորհուրդը կորոշի արդեն ե՛ւ ձեւաչափը, ե՛ւ ցուցակների հերթականությունը: Եվ կարծում եմ մինչեւ այդ էլ այդ նույն հարցը արդեն որոշված կլինի «Ազատ դեմոկրատների» մոտ»:

Օրերս լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արարատ Զուրաբյանը նշեց, թե կարծում է, որ երկու կուսակցությունների նախընտրական դաշինքի համամասնական ցուցակը կկազմվի 50/50 սկզբունքով:

Այս առնչությամբ Ռուբեն Հակոբյանը մեկնաբանեց` «յուրաքնչյուր ոք կարող է իր կարծիքն ունենալ, բայց կարծում եմ դրանից անմիջապես հետո Խաչիկ Քոքոբելյանը իր կարծիքը հայտնեց, որը ինչ-որ տեղ կոռեկցիայի ենթարկեց Արարատ Զուրաբյանի կարծիքը»: Հակոբյանը հավելեց, որ տարբեր կարծիքների առկայությունը նորմալ է, սակայն առայժմ որեւէ պայմանավորվածություն չկա, ցուցակների հարցը դեռ երբեք չի քննարկվել:

Խոսեցինք նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանի հետ, ով ասաց` «եթե խոսում ենք բացառման սկզբունքով, իսկապես ոչինչ հնարավոր չէ բացառել, այդ թվում այն, որ կարող է չկայանալ այդ դաշինքը»:

«Բայց ե՛ւ մենք, ե՛ւ «Ժառանգության» ներկայացուցիչները բազմաթիվ անգամներ խոսում ենք երկու ուժերի միջեւ գոյություն ունեցող ավելի շատ ընդհանուր եզրերի, քան հակասությունների մասին: Դա չի նշանակում, թե հակասություններ կան, պարզապես մամուլը ավելի ուռճացնում է այն, ինչը, ըստ էության, բնորոշ է ցանկացած բանակցային գործընթացի», - հավելեց Գառնիկ Գեւորգյանը: «Ազատություն» ռադիոկայանի ճշտող հարցին, թե եթե բանակցությունները շարունակվում են շաբաթներ շարունակ, բայց հայտարարություն չի հնչում, արդյո՞ք կարելի է խոսել անհաղթահարելի տարաձայնությունների մասին, Գեւորգյանը ասաց. - «Ես դրանք չէի որակի անհաղթահարելի, նույնիսկ ոչ էլ տարաձայնություններ: Դրանք կարելի է ավելի շատ որակել որպես աշխատանքային խնդիրներ, որոնք քննարկման գործընթացում են»:

please wait

No media source currently available

0:00 0:04:01 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG