Մատչելիության հղումներ

Սիրիայում իրավիճակը օրեցօր վատթարանում է


Սիրիա - Հոմս քաղաքը մարտական գործողություններից հետո նման տեսք ունի, 5-ը մարտի, 2012թ.

Սիրիա - Հոմս քաղաքը մարտական գործողություններից հետո նման տեսք ունի, 5-ը մարտի, 2012թ.

Սիրիայում օրեցօր իրավիճակն ավելի է վատթարանում: ՄԱԿ-ի եւ իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` զոհերի թիվը արդեն իսկ անցնում է 8 հազարից:

Չորեքշաբթի երեկոյան այդ երկիր է ժամանել ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերի ղեկավար Վալերի Ամոսը, առաջինը նա կայցելի ամենաարյունալի մարտադաշտի վերածված Հոմս քաղաք։

Ամոսը Սիրիայում մնալու է մինչեւ շաբաթվա վերջ եւ փորձելու է համոզել իշխանություններին միջազգային կազմակերպություններին անվտանգ միջանցքներ տրամադրել` մարդասիրական օգնություն հասցնելու, վիրավորներին տեղափոխելու եւ խաղաղ բնակիչներին տարհանելու համար:

Երեկ Սիրիայի խնդրին է անդրադարձել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Փանեթան։ Ելույթ ունենալով Սենատի զինված ուժերի հանձնաժողովում` նա հայտարարել է, որ Սիրիայի դեպքում միջամտությունը կարող է հակառակ արդյունքն ունենալ:

«Սիրիայում այժմ քաղաքացիական պատերազմի բոլոր հնարավորությունները կան, եւ դրսից ուղղակի միջամտությունը այս պայմաններում ոչ միայն չի կասեցնի այն, այլ կարող է իրավիճակն է՛լ ավելի վատթարացնել», - ասել է Փանեթան։

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի խոսքով` Սիրիայում իրավիճակը Լիբիայում տեղի ունեցածի հետ չի կարելի համեմատել: Եթե Անվտանգության խորհրդում եւ Արաբական լիգայում միասնական դիրքորոշում կար Լիբիայում ռազմական միջամտության վերաբերյալ, ապա Սիրիայի հարցում նման համաձայնություն գոյություն չունի, իսկ Միացյալ Նահանգների համար միայնակ գործելը սխալ կլինի:

Բացի այդ, ըստ Փանեթայի, «դեռ հստակ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում սիրիական զինված ընդդիմությունը, այնտեղ գոյություն չունի մեկ համընդհանուր ռազմական այլընտրանք, որը հնարավոր լինի ճանաչել, կամ որոնց հետ հնարավոր լինի կապ հաստատել»:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը վաղ թե ուշ անկում կապրի. - «Չնայած մեր ներկայիս մոտեցումը հիմնված է ճգնաժամին քաղաքական լուծում գտնելու վրա, Ասադի ռեժիմը չպետք է դրանով մխիթարվի: Ամեն օր ռեժիմի վրա ճնշում է գործադրվում: Եվ չկասկածեք` այս կամ այն կերպ` այս ռեժիմը ավարտ է ունենալու»:

Սիրիայի խնդրին անդրադարձել է Ռուսաստանի վարչապետ, ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը` նշելով, որ հարցը ռազմական եղանակով չի կարելի լուծել, իսկ Ասադին քաղաքական ապաստան տալու հարցը չի քննարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG