Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը այսօր պաշտոնապես տեղեկացրել է Եվրոպական հեռարձակողների միությանը, որ Հայաստանը հրաժարվում է մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին:

«Թեեւ Ադրբեջանի իշխանություններն անվտանգության երաշխիքներ խոստացան մասնակից բոլոր երկրներին, բայց օրեր առաջ Ադրբեջանի նախագահն այդ երկրներից մեկի համար «բացառություն արեց»` հայտարարելով, թե Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է»,- ասվում է այս առիթով Հայաստանի հանրային հեռուստաընկերության տարածած հայտարարությունում, - «Փաստացի կարող ենք արձանագրել, որ «Եվրատեսիլը» հյուրընկալող երկրի նախագահը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր հայերը, այդ թվում նաեւ նրանք, ովքեր ընդգրկված պետք է լինեին «Եվրատեսիլի» պատվիրակության մեջ, Ադրբեջանի թշնամիներն են: Հետեւաբար, որեւէ տրամաբանություն չկա մասնակից ուղարկել մի երկիր, որտեղ նրան դիմավորելու են որպես թշնամու: Սա մեզ համար սկզբունքային խնդիր է»:

Համոզմունք հայտնելով, որ «նմանատիպ եւ այլ հակահայկական հայտարարությունների եւ գործողություններին ֆոնին» ձեւավորված մթնոլորտը չի կարող հավասար պայմաններ ապահովել «Եվրատեսիլին» մասնակցող բոլոր երգիչների համար, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եզրափակում է. - «Մենք հետագայում էլ շարունակելու ենք մասնակցել «Եվրատեսիլին» եւ ներկայացնելու Հայաստանը համաեվրոպական երգի այդ մրցույթին»:

Հայաստանի որոշմանը մրցույթի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությամբ արձագանքել է «Եվրատեսիլ»-ի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը:
«Իսկապես հիասթափված ենք հեռարձակողի որոշումից` չմասնակցել այս տարվա մրցույթին: Չնայած Եվրոպական հեռարձակողների միության եւ մրցույթը հյուրընկալող երկրի հեռարձակողի ջանքերին` ապահովել Հայաստանի սահուն մասնակցությունը, այնուամենայնիվ, մեր վերահսկողությունից դուրս հանգամանքները հանգեցրին այս ցավալի որոշմանը», - ասել է «Եվրատեսիլ»-ի գործադիր տնօրենը:

Եվրոպական հեռարձակողների միությունը հավելում է, թե հետեւաբար` նախապես հայտարարված 43-ի փոխարեն այս տարվա մրցույթին կմասնակցեն 42 երկրներ:

Փետրվարի վերջին մի խումբ հայ երաժիշտներ հայտարարել էին, որ հրաժարվում են ելույթ ունենալ մի երկրում «որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով»: Հայտարարության հեղինակներից` Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Չի կարելի գնալ մի երկիր, որոնք ունեն պահված զինվորներ. բանտի մեջ մեր հայ զինվորները կան: Ես որպես քաղաքացի եմ մոտենում, նոր որպես կոմպոզիտոր, նոր որպես ժողովրդական արտիստ: Եթե ինչ-որ մեկը այս երկրում, այս հարցում մի փոքր իրավունք ունի, երեւի այդ մեկից մեկը ես եմ: Այո՛, ես այդ հողի վրա չպետք է հայ երգիչ տեսնեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG