Մատչելիության հղումներ

Քաղաքագետները մեկնաբանում են վարչապետի հայտարարությունները


Հայաստան -- Իշխող կոալիցիայի եւ ընդդիմադիր Կոնգրեսի ներկայացուցիչների բանակցությունների մեկնարկը, Երեւան, 18-ը հուլիսի, 2011թ.
Հայաստան -- Իշխող կոալիցիայի եւ ընդդիմադիր Կոնգրեսի ներկայացուցիչների բանակցությունների մեկնարկը, Երեւան, 18-ը հուլիսի, 2011թ.
Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի գնահատմամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա հայտարարությունները բացառապես քարոզչության ոլորտից են եւ իրականության հետ կապ չունեն:

Վարչապետը, հիշեցնենք, երեկ Գյումրիում Հանրապետական կուսակցության անդամների հետ հանդիպմանը մասնավորապես ասել էր, թե 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո հասարակության պառակտվածության պայմաններում Հայաստանում առկա էր համագործակցության եւ համերաշխության մթնոլորտ ձեւավորելու լրջագույն խնդիր, եւ որ նախագահի գլխավորությամբ իրենց հաջողվել է հաղթահարել այդ մարտահրավերը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արմեն Բադալյանը հիշեցրեց 2008 թվականին հաջորդած երեք ընտրությունների մասին` 10-րդ ընտրատարածքում անցկացվածը, որին իբրեւ մեծամասնական թեկնածու մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, Երեւանի ավագանու եւ վերջերս Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրությունները:

«Դրանց բոլորի ընթացքում էլ գրանցվեցին նույնատիպ խախտումներ», - նկատում է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետը: - «Ինչ վերաբերում է այլ կամուրջներ` նշենք, որ 2008 թվականից հետո նաեւ տեղի ունեցան հեռուստատեսության կապուղիների մրցույթը, որտեղ գիտենք` նորից պարտվեց միակ անկախ հեռուստաընկերությունը: Այսինքն ոչ մի կամուրջ էլ` կոնկրետ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ չստեղծվեց, ոչ մի փորձ էլ չարվեց, որովհետեւ ընտրությունները ցույց տվեցին, որ որեւիցե ձեւով այդ ընտրությունները ազնիվ չեն անցել»:

Բացի այն, որ տապալվեց Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսությունը, իշխանությունը նաեւ մերժեց խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի գրեթե բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, կապված, մասնավորապես, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի հետ, շարունակում է փաստարկել Արմեն Բադալյանը:

Ինչ վերաբերում է վարչապետի այն արձանագրմանը, թե ունենալով միանձնյա կառավարություն ձեւավորելու հնարավորություն, Հանրապետականը, այնուամենայնիվ գնաց կոալիցիա ստեղծելու ճանապարհով, այդպիսով եւս նպաստելով համագործակցության դաշտի ձեւավորմանը, այս կապակցությամբ, Արմեն Բադալյանը նշեց. - «Դա էլ չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ կոալիցիոն կառավարությունը ձեւավորվել է Հայաստանում 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Ավելին` շատ տարօրինակ կլիներ, որ 2008 թվականին նաեւ կոալիցիա չձեւավորվեր, որովհետեւ գիտենք` այն ժամանակ կար Հանրապետական կուսակցություն, կար «Բարգավաճ Հայաստանը», ՕԵԿ-ը արդեն վերացել էր 2008 թվականի մարտի 1-ից հետո, եւ հիմնական խաղացող գործոնները Հանրապետական, Բարգավաճ եւ փաստացի` Կոնգրեսն էր, որը դեռ չէր ձեւավորվել: Բնական է, որ իշխանությունները ուզեին, թե չուզեին` նաեւ Բարգավաճի հետ պետք է լեզու գտնեին, որովհետեւ նրանց համար ցանկալի չէր լինի, որ Բարգավաճը կոալիցիայի մեջ չմտներ եւ ավելորդ գլխացավանք առաջացներ: Դրա համար էլ այն կոալիցիոն հուշագիրը, որը կար 2007 թվականին, դա ուղղակի պահպանվեց»:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թեւան Պողոսյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ 2008 թվականին հայաստանյան հասարակությանը բնորոշ բեւեռվածությունն այսօր իսկապես բացակայում է: Ըստ նրա, այս ընթացքում ինչ-որ չափով բարձրացել է քաղաքական հանդուժողականության աստիճանը:

«Եթե նախկինում ընդդիմադիրներն ասում էին` քանի դեռ իրենց ընկերները բանտերում են, իրենք քաղաքական հակառակորդների հետ բանավեճի մեջ չեն մտնի, ապա այսօր վիճակն այլ է` տարբեր ակումբներում մենք ականատես ենք լինում արմատական ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների բանավեճերի, ինչը որոշ առումով այդ երկխոսության շարունակությունն է», - նշում է Թեւան Պողոսյանը: - «Բնականաբար այդ իմաստով կարելի է ասել, որ մենք շատ մեծ ճանապարհ ենք անցել, որովհետեւ հասարակությունում այսօրվ դրությամբ այն կատաղի ատելության, բաժանումների խնդիրը ինչ-որ չափով հաղթահարված է: Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ բոլոր խնդիրները լուծված են` բնականաբար ոչ: Եւ այս իմաստով ինձ թվում է դեռ երկար ճանապարհ պետք է անցնել, որ այդ մշակույթը ձեւավորենք: Իսկ դա հենց այն է, որը մենք անվանում ենք արեւմտյան մշակույթ, ինչը ենթադրում է քաղաքական բանավեճ ոչ թե անձերի, այլ խնդիրների ու ծրագրերի շուրջ»:

please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG