Մատչելիության հղումներ

«Հայաստանի իշխանությունը իր առջեւ խնդիր է դրել առաջիկա ընտրությունները անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան, այնպես, որ դրանք լինեն լավագույնը երկրի պատմության մեջ՝ անկախացումից ի վեր», - այս պատրաստակամություն-խոստումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջին երեք օրերի ընթացքում կրկնեց Եվրամիության բոլոր պաշտոնյաների հետ հանդիպումներում՝ ընդգծելով, որ այդ նպատակին հասնելու համար պաշտոնական Երեւանն արդեն իրականացրել է մի շարք քայլեր ու նախապայմաններ։

«Իրականացվել են անհրաժեշտ քայլեր Ընտրական օրենսգրքի բարեփոխման, ընտրությունների կազմակերպման ընթացակարգերի բարելավման, մամուլում բազմակարծության, ցույցերի եւ երթերի լիարժեք ազատության ապահովման ուղղությամբ», - հայտարարեց Հայաստանի նախագահը։

Խոսելով ներքին քաղաքականության մասին` Սերժ Սարգսյանը նաեւ վստահեցրեց, որ հետամուտ է շարունակել բարեփոխումները մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ, ինչը նաեւ Եվրամիության հիմնական պահանջն է Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնելու համար։

Ներքաղաքական զարգացումներից հետո երկրորդ կարեւոր հարցը Ղարաբաղյան խնդիրն էր, որի կարգավորման անհրաժեշտությունը հավասարապես կարեւորում էին թե Հայաստանի նախագահը, թե Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները։

«Բանակցություններն անհամատեղելի են պատերազմի քարոզչության, ազգատյացության եւ աննախադեպ չափերի սպառազինությունների ձեռք բերման հետ: Նրանք, ովքեր պատերազմ են «խաղում», պետք է արդեն վաղուց սովորած լինեին պատմության դասերը», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Ադրբեջանի ռազմատենչ դիրքորոշումը դատապարտելուց բացի, Սերժ Սարգսյանը քննադատեց նաեւ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս տանելու, այլընտրանքային ֆորմատներ ստեղծելու փորձերը, ինչպես նաեւ տարածաշրջանում իրականացվող այն տնտեսական ծրագրերը, որոնք «միտում ունեն մեկուսացնել որոշ երկրների` խորացնելով Հարավային Կովկասում առկա բաժանարար գծերը»։

«Հասկանալի է, որ մեր հարեւան երկրի էներգետիկ պաշարները գրավիչ են եւ, իհարկե, կարեւոր, բայց պակաս կարեւոր չէ, թե ինչ նպատակների է ծառայում այդ էներգետիկ պաշարներից ստացվող շահույթը: Վաղուց արդեն ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ թույլ չտալ, որ անպատասխանատվության արդյունքում մեր տարածաշրջանը կրկին վերածվի թեժ կետի», - ասաց Սերժ Սարգսյանը:

Եվրոպացի դիվանագետներն իրենց հերթին խոստացան շարունակել աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, միաժամանակ պատրաստակամություն հայտնեցին սեփական ջանքերը ներդնել «հակամարտության կարգավորմանը նպաստելու եւ կողմերի միջեւ վստահությունը ամրապնդելու ուղղությամբ»։

«Շփման գծում լարվածությունը մտահոգում է մեզ, եւ մենք կոչ ենք անում կողմերին արագացնել քայլերը խաղաղության հասնելու համար: Եվրամիությունը վերահաստատում է իր աջակցությունը մադրիդյան սկզբունքներին եւ կոչ անում Հայաստանին եւ Ադրբեջանին ընդարձակել ջանքերը եւ համաձայնության գալ այդ սկզբունքների հիման վրա», - հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը:

Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին` նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` ընդգծելով, որ այս հարցում իրականացան «հայկական կողմի ամենահոռետեսական կանխատեսումները»:

«Ցյուրիխյան արձանագրությունների ընձեռած պատուհանը անհրաժեշտ էր օգտագործել առավելագույնս», - հայտարարեց Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ դրանցից հրաժարումը կողմերին տարել է ոչ թե ելման կետ, այլ ավելի հեռու. - «Այժմ վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանում դժվար է գտնել մի քաղաքական ուժ, որը ունի Թուրքիայի՝ որպես վստահելի գործընկերոջ ընկալում։ Առաջ էլ դրա պակասը կար, բայց հիմա իրավիճակը բոլորովին այլ է: Այս ամենը մեզ հստակ եզրակացությունների տեղիք է տալիս եւ առավել հստակեցնում թե' մեր անվտանգության սպառնալիքները, թե' դրանց կանխարգելման եւ հաղթահարման ուղիները», - Բրյուսելում եվրոպացի դիվանագետների եւ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG