Մատչելիության հղումներ

20 հազար հայ երիտասարդներ` ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի հետ մեկտեղ, պահանջում են Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի մասունքները վերադարձնել Հայաստանին:

Հայաստանի կրթության եւ գիտության (ԿԳՆ) նախարար Արմեն Աշոտյանի «Ֆեյսբուք»-ում մեկ ամիս առաջ կատարած գրառումից սկիզբ առավ նախաձեռնություն, որի անդամները նպատակ ունեն Հայաստան վերադարձնել Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու արձանի մասունքները: Այսօր նախաձեռնող խմբի անդամները` Համահայկական երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ, ակցիա էին կազմակերպել Մեծ Բրիտանական դեսպանատան առջեւ, որի ընթացքում դեսպանին հանձնեցին 20 հազար երիտասարդների ստորագրությունները եւ արձանը վերադարձնելու ուղերձի տեքստը:

«Մենք խնդրում ենք Բրիտանական թանգարանին, որպեսզի մեր պատմամշակութային արժեք հանդիսացող Անահիտի մասունքները վերադարձվի Հայաստան», - ասաց Համահայկական երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը եւ հավելեց, որ չեն սահմանափակվելու այս նախաձեռնությամբ, չի բացառվում, որ հայկական պատմամշակութային արժեք հանդիսացող թանգարանային այլ նմուշներ նույնպես փորձեն վերադարձնել:

«Ունենք բարոյական հիմքեր սա պահանջելու: Ակնհայտ է նաեւ, որ այդ գործընթացը հեշտ չի լինելու: Նախադեպեր կան աշխարհում, որ նույն բրիտանացիները վերադարձրել են Եգիպտոսին եւ Հունաստանին պատկանող մշակութային մասունքներ, բայց դա չի եղել արագ», - ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Բրիտանական դեսպանատան դիմաց հավաքվել էին 100-ավոր երիտասարդներ, ովքեր Անահիտի նկարը պատկերող պաստառները ձեռքներին պահանջում էին վերադարձնել աստվածուհու արձանի մասունքները:

Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի ուսանողուհի Անի Արտեմյանը նշեց, որ ինքը ուզում է Հայաստանում տեսնել արձանի օրիգինալը եւ ոչ թե կրկնօրինակը: «Ինչո՞ւ հայերը չեն կարող կյանքի մեջ գոնե մեկ անգամ տեսնել դա: Ես ընդհամենը ուզում եմ մահանալուց առաջ տեսնել այդ արձանը», - ասում էր նա:

Բրիտանիայի դեսպանատան առջեւ հավաքվածների թվում մեծ թիվ էին կազմում անտեղյակ եւ անտարբեր երիտասարդները, ովքեր իրենց ուսումնական հաստատությունների պահանջով էին այնտեղ:

Ակցիայի օրը պատահական չի ընտրվել, նշում էին նախաձեռնողները եւ հավելում, որ նախաձեռնությունը կանանց տոների նախօրեին է, քանի որ Անահիտը մայրության եւ գեղեցկության աստվածուհին է եղել:

Մինչեւ արձանի մասունքը հայրենիք վերադարձնելու տեքստը եւ ստորագրությունները դեսպանին հանձնելը` այն ընթերցվեց դրսում, որից հետո ԿԳ նախարարը Արմեն Աշոտյանը եւ Համահայկական երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը հանդիպում ունեցան դեսպանի հետ:

Հայկական կողմի եւ Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի հետ ունեցած հանդիպման ընթացքում եղավ նախնական պայմանավորվածություն` Բրիտանական թանգարանում ցուցադրվող հայկական նմուշները ժամանակավոր Հայաստանում ցուցադրելու առնչությամբ:

XS
SM
MD
LG