Մատչելիության հղումներ

Էրդողանը քննադատում է Ստամբուլում հնչած հակահայկական կոչերը


Թուրքիա - Վարչապետ Ռեջեփ Էրդողանը իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ, Անկարա, 6-ը մարտի, 2012թ.
Թուրքիա - Վարչապետ Ռեջեփ Էրդողանը իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ, Անկարա, 6-ը մարտի, 2012թ.
Թուրքիայի վարչապետի համոզմամբ, Ստամբուլի կենտրոնում` Խոջալուի իրադարձությունների 20-ամյակին նվիրված ցույցի ժամանակ հնչած հակահայկական կոչերն ու կարգախոսները «այլատյացության դրսեւորում էին»:

Հայերին ու Հայաստանը վիրավորող ու նսեմացնող կոչերի մասին Ռեջեփ Էրդողանը խոսեց դրանց ի հայտ գալուց գրեթե 10 օր անց` երեքշաբթի օրը Անկարայում «Արդարություն եւ զարգացում»կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ ամենշաբաթյա հանդիպման ընթացքում։

«Խոջալուի ջարդին նվիրված այդ հանրահավաքի ժամանակ ի հայտ եկած կարգախոսները մի քանի կատաղի ռասիստների, բայց ոչ թուրքական հանրության շրջանում տիրող տրամադրությունների արտացոլումն էին», - հայտարարում էր Էրդողանը` միաժամանակ պնդելով, թե սխալ է մի քանի կարգախոսի ու վանկարկման հիման վրա պատկերացում կազմել մի ողջ ցույցի մասին:

«Այդքան էլ ազնիվ չէ, երբ մի քանի լուսացքային ազգայնականների պատճառով փորձ է արվում այդ կոտորածին նվիրված հանրահավաքի վրա ստվեր գցել: Մի քանի անիմաստ պաստառի պատճառով չի կարելի խաթարել Թուրքիայի միջազգային հեղինակությունը», - ասաց Էրդողանը` նշելով, թե արդեն իսկ թուրք իրավապահները հետաքննություն են սկսել փաստի առթիվ. - «Անհրաժեշտ իրավական գործընթացներն արդեն իսկ մեկնարկել են»:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը դեռ անցած շաբաթ էր հանդես եկել հայտարարությամբ` նշելով, թե «հանրահավաքի ընթացքում տեղ գտած մի շարք վիրավորական բնույթի պաստառներն ու կարգախոսները որեւէ կերպ արդարացնել հնարավոր չէ»:

Այդ հանրահավաքին, սակայն, ներկա էր եւ ելույթ էր ունեցել նույն այդ ներքին գործերի նախարարության ղեկավարը` Էրդողանի մերձավոր զինակիցներից Իդրիս Նաիմ Շահինը:

«Այդ հանրահավաքի ժամանակ Շահինը դատարկ մի ճառով հանդես եկավ` պնդելով, թե 21-րդ դարը թուրքերինն է լինելու: Ինչն է սակայն ավելի կարեւոր` նախարար Շահինը բառ անգամ չգտավ ցույցին ռասիստական կարգախոսներով ներկա թուրք ֆաշիստներին դատապարտելու համար», - նկատում է հայտնի թուրք սյունակագիր Մուսթաֆա Ակյոլը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG