Մատչելիության հղումներ

logo-print
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր առավոտյան Բրյուսելում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ:

Ողջունելով հյուրին՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն ասել է, որ ՆԱՏՕ-ն մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ համագործակցությանը։

Հայաստանի նախագահն ասել է, որ այսօրինակ պարբերական հանդիպումները լավ առիթ են համագործակցության շուրջ մտքեր փոխանակելու եւ տարածաշրջանային խնդիրներ քննարկելու համար։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին՝ Սերժ Սարգսյանը քննադատել է Ադրբեջանի դիրքորոշումը։

«Ադրբեջանը կտրականապես մերժում է վստահության կառուցման ցանկացած առաջարկ՝ ուղղված լինի դա թե՛ տարածաշրջանային համագործակցության խթանմանը, թե՛ շփման գծում լարվածության թուլացմանը», - ասել է Հայաստանի նախագահը։ - «Օրինակ, Ադրբեջանը դեմ է, ցավոք սրտի, դիպուկահարների հետ քաշմանը առաջին գծից, դեմ է միջադեպերի հետաքննությանը։ Ավելին՝ ոչ մի րոպե չեն դադարել պատերազմի կոչերը»։

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է հայերի նկատմամբ ատելության սերմանումը։

«Ավելին, ոչ մի րոպե չեն դադարել Ադրբեջանի կողմից պատերազմի կոչերը: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է հայերի նկատմամբ ատելության սերմանումը: Ադրբեջանի նախագահը ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց, որ ադրբեջանցիների թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է: Այս հանգամանքը պետք է արժանանա միջազգային հանրության գնահատականին», - ընդգծել է ՀՀ նախագահը։

«Գլխավոր քարտուղարի հետ համամիտ էինք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով եւ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», - նաեւ ասել է Սերժ Սարգսյանը՝ համոզմունք է հայտնելով, որ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման եւ անվտանգության համակողմանի երաշխիքների ապահովման միջոցով

Եզրափակելով` Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG