Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում տարածվել է Ղարաբաղի հայտարարությունը Խոջալուի մասին


ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում

ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի՝ կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված խնդրանքով որպես Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հայտարարությունը Խոջալու բնակավայրում 1992 թվականին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նազարյանը նշել է, որ ադրբեջանական կողմը նշված դեպքերի կապակցությամբ բազմիցս կեղծ հայտարարություններ է արել, ու հիշեցրել, որ միջազգային հանրությունը, այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւ բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, կոչ են արել ազատ արձակել ադրբեջանական այն լրագրողներին եւ իրավապաշտպաններին, ովքեր հարցականի տակ են դրել Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի իշխանությունների վարկածը:

ՄԱԿ-ում տարածված Ղարաբաղի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ներկայացվում են այդ ժամանակահատվածի մարտական գործողությունների մանրամասները։ Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է. - «Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում «Խոջալուի» թեման շարունակում է մնալ ադրբեջանցիների ներքին եւ արտաքին տեղեկատվական, ավելի ճիշտ, ապատեղեկատվական քաղաքականության անկյունաքարերից մեկը: Այնինչ Խոջալուի իրադարձությունների շուրջ ադրբեջանական որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, իրավապաշտպանների, լրագրողների եւ հենց Խոջալուի բնակիչների կողմից արված արտահայտություններն ու գնահատականներն ամբողջովին հերքում են Բաքվի ստահոդ վարկածները: [...] Բոլոր փաստերը միանշանակ վկայում են այն մասին, որ Խոջալուի խաղաղ բնակիչների մահվան հարցում մեղավորը ադրբեջանական կողմն է, որը հրեշավոր հանցանք է գործել սեփական ժողովրդի հանդեպ` քաղաքական ինտրիգների պատճառով եւ հանուն իշխանական պայքարի»:

«Կանոնավոր կերպով խաղարկելով «Խոջալու» խաղաքարտը` պաշտոնական Բաքուն փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում եւ Ադրբեջանի (որի ողջ տարածքով մեկ փաստորեն բացեիբաց իրականացվում էր հայերի բնաջնջում) այլ բնակավայրերում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում, մասնավորապես, Մարաղա գյուղում (ուր 1992 թվականի ապրիլին ներխուժած ադրբեջանական կանոնավոր բանակի ստորաբաժանումները գազանաբար հաշվեհարդար տեսան մոտ 100 խաղաղ բնակիչների նկատմամբ) կազմակերպված հայկական կոտորածներից», - ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ` անցած շաբաթ, Նյու Յորքում կայացած Անվտանգության խորհրդի հերթական քննարկումների ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը նշել էր, որ Ադրբեջանում հայերն ենթարկվել են սպանդի ու սարսափելի բռնությունների լոկ իրենց ազգային պատկանելիության պատճառով, ու անհեթեթ էր համարել ադրբեջանական կողմից Խոջալու դեպքերի շահարկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG