Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ


Բրյուսելում այսօր կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:

Արդեն մեկնարկել է Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստը:

Օրվա ընթացքում նախատեսված են նաեւ հանդիպումներ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ:

Սերժ Սարգսյանը այսօր ելույթ կունենա նաեւ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում:

Երեկ երեկոյան Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ընդգծել է Հայաստանի համար Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը: Նրա խոսքերով` յուրաքանչյուր երկրում հայկական համայնքը յուրօրինակ կամուրջ է տվյալ երկրի եւ հայրենիքի միջեւ, եւ իր ցանկությունն է, որ այդ կամուրջը լինի ամուր ու անսասան:

«Անկեղծորեն ցանկանում եմ, որ ձեր զավակներն ու նրանց սերունդները պահպանեն հայկական ինքնությունը՝ իրենց նպաստը բերելով հայ - բելգիական բարեկամության ու համագործակցության ամրապնդմանը», - նշել է նախագահը:

Նա հանգամանորեն անդրադարձել է Բելգիայի, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններին ու զարգացման հեռանկարին, Հայաստան - Սփյուռք հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, տարածաշրջանի մարտահրավերներին, ղարաբաղյան գործընթացի վերջին զարգացումներին, Հայաստան - Թուրքիա հարաբերություններին եւ մի շարք այլ հարցերի:

Նախագահը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ԵՄ-ի հետ հարաբերություններում եւ այսօր բանակցում է, մի կողմից, Ասոցացման համաձայնագրի, իսկ մյուս կողմից՝ Խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագրի ու մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը դյուրացնելու շուրջ, ինչը զգալի խթան կհանդիսանա Հայաստան - Եվրամիություն համագործակցության ընդլայնման ու հարաբերությունների զարգացման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG