Մատչելիության հղումներ

logo-print
Մասնագետները փաստում են, որ այսօր Հայաստանում պատանիների ու երիտասարդների շրջանում սեռական դաստիարակության մասին ճիշտ ինֆորմացիա տարածելու մեծ խնդիր կա:

«Երբ որ մեզ դիմում է մեկ տարվա ամուսնական զույգ, որն ունենում է կանոնավոր սեռական հարաբերություններ եւ չի զարգանում հղիություն, եւ երբ փորձում էինք տվյալ անձանց հիվանդության պատմության նկարագիրը ձեւավորել, հասկանում էինք, որ տվյալ զույգը երբեւիցե չի ունեցել հեշտոցային հարաբերություն, այլ ունեցել են միայն անալ հարաբերություն: Դա տարրական անատոմիական գիտելիքների բացակայության արդյունք էր», - նշում է մաշկաբան սեռավարակաբան Կարեն Վարդանյանը:

Սեռավարակաբանի խոսքով` նման դեպքերը գուցե հազվադեպ են, սակայն խոսում են սեռական դաստիարակության ու տարրական գիտելիքների բացակայության մասին:

Հոգեբան Սամվել Խուդոյանի հավաստմամբ` անձի սեռական դաստիարակությունը պետք է սկսել սեռային դաստիարակությունից:

«Երբ երեխաները տուն-տունիկ են խաղում, այդ շրջանից սեռային դաստիարակությունը կարող է իր տեղն ունենալ: Երբեմն տղան նույնանում է մոր հետ եւ սկսում է դրսեւորել կանացի վարքի ձեւեր: Դա արդեն սեռային դաստիարակության սխալ է: Օրինակ, քույրիկները, մայրիկները տղա երեխային աղջկա շորեր են հագցնում եւ նա նույնականության շփոթ ու խանգարում է ունենում», - ասում է հոգեբանը:

Սեռական դաստիարակության մասին խոսելը շատ ընտանիքներում ամոթ է, փակ թեմա է կամ չի կարելի: Եվ եթե նախկինում այդ ինֆորմացիայի պակասը երեխաները լրացնում էին դրսում, ապա մասնագետները փաստում են, որ այսօր այդ բացը լրացվում է համացանցում:

Սեռավարակաբանի խոսքով` նաեւ սա է պատճառը, որ Հայաստանը աշխարհում համարվում է առաջատար երկիր` համացանցում «պոռնո» բառի որոնման առումով:

«Շատ հաճախ ինֆորմացիայի պակասը լրացվում է ինտերնետային նյութերով, որոնք լինում են ոչ թե պրոֆեսիոնալ նյութեր, այլ պարզապես բերում են պոռնոգրաֆիկ ֆիլմեր, որտեղ ողջունվում են թե առանց պահպանակի հարաբերությունները, թե սեռական հարաբերությունների այլընտրանքային տեսակները», - ասում է Վարդանյանը:

16 տարվա քննարկումներից ու մշակումներից հետո կառավարության որոշմամբ 2007 թվականին «Առողջ ապրելակերպ» առարկան ներդրվեց դպրոցներում որպես դասընթաց: Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանի խոսքով` երեխաների համար շատ կարեւոր է կրթության համակարգում ստանալ գիտելիքներ առողջության պահպանման, առավել եւս ճիշտ սեռական կյանքի մասին, հատկապես եթե ծնողները գիտակցում են այդ մասին խոսելու կարեւորությունը, սակայն հայկական մենթալիտետից ելնելով ուղղակի լռում են:

«Հայ ազգը չունի մշակույթ քննարկել խնդիրը, խոսել խնդրի մասին, հիմա այս առարկան նաեւ այդ խնդիրն է բերում: Խնդիր ունես, բեր խոսենք, քննարկենք: Պետք է ասել` սա քո ընտրությունն է, բայց սա կարող է քեզ կանգնեցնել այնպիսի խնդրի առաջ, դրանից հետո հասուն մարդ ես կատարիր քո ընտրությունը: Եվ դասընթացի առաջին նպատակը առաջին սեռական փորձը հնարավորինս հետաձգելն է, որովհետեւ ակնհայտ ասվում է, որ առաջին սեռական փորձի, սեռական կապերի հետեւանքով ինչպիսի վտանգների առաջ կարելի է կանգնել», - ասում է Մուրադյանը:

Հոգեբան Սամվել Խուդոյանը նշում է, որ «Առողջ ապրելակերպ» դասընթացի ձեռնարկներում ընդգրկված չեն ընտանեկան կյանքի, ընտանեկան կյանքի նախապատրաստման մասին թեմաներ, որոնք պակաս կարեւոր չեն հատկապես բուհերում ներդնելու համար:

8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների «Ֆիզիկական կուլտուրա» առարկայից 14-ական ժամ յուրաքանչյուր տարի հատկացնում են «Առողջ ապրելակերպին»: Անահիտ Մուրադյանի խոսքով` դասընթացի վարման կարգում նախընտրել են քննարկումների տարբերակը:

Հարցին, թե այս 5 տարիների ընթացքում ինչ դրական տեղաշարժ են գրանցել, Մուրադյանը պատասխանեց. - «Առարկան պաշտոնապես դպրոց մտնելուց հետո վիճակագրություն չունենք, բայց մինչեւ պաշտոնական մուտքը, փորձարկումների շրջանում բավականին մեծ հետաքրքրություն կար»:

Անդրադառնալով առարկան դասավանդողներին` Մուրադյանը նշում է, որ վերապատրաստել են 8-րդ, 9-րդ, 10-րդ դասարանի բոլոր առարկաների ուսուցիչներին, բայց ասել, որ կան առարկայի դասավանդման լավ մասնագետներ, Մուրադյանը չի ցանկանում: Նշում է, որ այս խնդիրը լուծելու համար ծրագրեր են մշակվում Մանկավարժական համալսարանի հետ:

XS
SM
MD
LG