Մատչելիության հղումներ

logo-print
Երկուշաբթի օրը տեղի ունեցավ Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «Տարեգիրք 2011» գրքի շնորհանդեսը: Ներկա էր նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գրքում տեղ են գտել 40 հեղինակների աշխատանքներ, որոնք վերաբերում են տնտեսագիտության տարբեր ոլորտներին, ամփոփվում են 20-ամյա բարեփոխումները տնտեսագիտության ոլորտում: Խմբագրական աշխատանքն իրականացրել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը:

Հարցին, թե ինչո՞վ է կարեւորում գրքի լույսընծայումը, Սարգսյանը պատասխանեց. - «Համահավաք, ամփոփ, ամբողջական տեսակետներ տնտեսագիտության ասպարեզում, ուսումնասիրության արդյունքներ հոդվածների տեսքով այսօր ավելի քան անհրաժեշտ են, որպեսզի կարողանանք մեր վերելքի ռազմավարությունը տեսնել»:

Գրքի հետ մեկտեղ առանձին լույս է տեսել նաեւ ձեռնարկ՝ «Ագրարային հատվածի եւ գյուղի կայուն զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները» վերնագրով:

Ժողովածուում տեղ է գտել նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգայանի հոդվածը՝ «Հայաստանի տնտեսության ուղին համաշխարհային զարգացումների համատեքստում»:

Գրքի ներկայացումից հետո ելույթ ունեցավ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը` ներկայացնելով ընտրական ծրագրերի մշակումը: Այնուհետեւ Հայկ Սարգսյանն առաջարկեց ներկա կուսակցականներին ցանկության դեպքում եւս ելույթ ունենալ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը իր ելույթում ասաց, որ Հանրապետական կուսակցությունը իշխող կուսակցություն է եւ պատասխանատվություն է կրում երկրում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության համար:

«Ձեզ հետ միասին քննարկելով անցած ուղին եւ այն փոփոխությունները, որ անհրաժեշտ է մտցնել մեր տնտեսական քաղաքականության մեջ, այս քննարկումը օգտակար կլինի ոչ միայն Հանրապետական կուսակցության համար, այլեւ բոլոր տնտեսագետների համար, որոնք մասնակցում են նման քննարկումներին», - ասաց Տիգրան Սարգսյանը:

ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, անդրադառնալով տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների ներկայիս խնդիրներին, ասաց, որ կարեւորագույն հիմնախնդիրներից մեկը ուսանողական պրակտիկայի համար նախատեսված կառույցների բացակայության խնդիրն է:

Շատ քիչ թվով ուսանողներ փորձեցին բարձրաձայնել իրենց խնդիրները: Ֆակուլտետի ուսանողները նշեցին, որ խնդիրներ կան, բայց դրանց մասին բարձրաձայնելու ցանկություն չկա:

XS
SM
MD
LG